o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋ ԲԵՐԵՑ

27.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋ ԲԵՐԵՑ

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների սարքած ծեծուջարդը բավականին լուրջ գլխացավանք է դարձել Անկարայի համար: Հերիք չէ, որ թիկնապահները դարձել են ԱՄՆ-ում հարուցված քրգործի գլխավոր դերակատարներ ¥եւ այդ խմորը հաստատ շատ ջուր կվերցնի¤, նույն թեմայով նաեւ Գերմանիան ծանր հարված հասցրեց Էրդողանին, որ չի ցանկանում Էրդողանի 12 թիկնապահներին տեսնել Համբուրգում, ուր գալիք ամսվա սկզբներին Թուրքիայի նախագահը պետք է մեկնի G20 գագաթաժողովին մասնակցելու համար: ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Ամերիկյան քրգործից հետո գերմանական այդ արգելքը, իհարկե, ապտակ է, ծանր հարված Անկարայի միջազգային վարկանիշին: Բայց նաեւ այն հարցը կա, թե ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրոպան թեման տանում են Թուրքիային խայտառակելու ուղղությամբ: 
Նախ՝ բուն փաստը գալիս է եւս մեկ անգամ հուշելու, որ Թուրքիայի հարաբերությունները իր ՆԱՏՕ-ական հիմնական գործընկերների հետ այնքան վատ վիճակում են, որ գործի են դրվում նույնիսկ պետության առաջին դեմքին այս կերպ նսեմացնելու քայլերը, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված չեն: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառները միանգամայն հասկանալի են. Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն զինել սիրիական քրդերին: Ընդ որում, մի շարք նշաններից զգացվում է, որ խոսքը նաեւ հակաօդային պաշտպանության միջոցների մասին է, ինչը ոչ մի կերպ չի կարելի «դուրս գրել» ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ: Այդ ՀՕՊ միջոցները, հասկանալի է, նախատեսված են առաջին հերթին քրդերին թուրքական ավիացիայից պաշտպանելու համար, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն իր ոչ պաշտոնական դաշնակցին զինում է պաշտոնական՝ ՆԱՏՕ-ական դաշնակցի դեմ: Եվ ավելին, եթե Վաշինգտոնը շարունակի նույն ակտիվությամբ գործել Սիրիայում թեկուզեւ քրդական ինքնավարության ստեղծման ուղղությամբ, դա մինչեւ իսկ հարված է իր դաշնակցի տարածքային ամբողջականությանը: Ընդ որում,  Անկարայի ավանդական սպառնալիքը, թե Արեւմուտքի առաջ կփակի  Ինջիրլիքի բազան, այս անգամ ակնհայտորեն չի գործում: Գերմանիան դուրս է բերում իր ստորաբաժանումը Ինջիրլիքից, որը Անկարայի համար պարզ ակնարկ է, որ ԱՄՆ-ն եւս կարող է նույն ուղղությամբ գնալ: Առավել եւս, որ Վաշինգտոնը արդեն իսկ սկսել է Սիրիայում՝ քրդերի վերահսկողության գոտում իր մի քանի ժամանակավոր ռազմաբազաներին զուգահեռ եւս մեկ խոշորը եւ, ըստ ամենայնի, մշտական գործունեության համար նախատեսվածը հիմնել: Եվ եթե այդ բազան շահագործվի ¥իսկ դա կարող է հաշված ամիսների խնդիր լինել¤, ապա դրա կողքին Ինջիրլիքի ռազմաբազան նաեւ կորցնում է իր ողջ ստրատեգիական իմաստը:
Իհարկե, հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի դերը ամենեւին էլ միայն Ինջիրլիքով չի սահմանափակում: Դաշինքի կազմում թուրքական բանակը համարվում էր ուժեղներից մեկը, եւ հասկանալի է, Վաշինգտոնը չէր ցանկանա այն կորցնել: Մինչդեռ՝ իրողությունն այն է, որ ԱՄՆ-ն նոր չէ, որ կորցրել է թուրքական բանակը: Հատկապես վերջին տարիներին Անկարան, ինչպես որ պարզ տեսանելի է, իր եւ իր բանակի գործունեությունը ծավալում է բացառապես սեփական եւ ոչ թե ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական շահերից ելնելով, ու շատ դեպքերում այդ շահերը նույնիսկ տրամագծորեն իրար հակասող են: 
Այն դեպքում, երբ քրդերը ԱՄՆ-ի համար կարող են շատ ավելի հարմար դաշնակից լինել: Այն էլ՝ պետություն ստեղծելու դեպքում նրանք դեռ երկար ժամանակ են ամերիկյան հովանավորության ու իրենց տարածքներում ռազմական ներկայության կարիքը ունենալու: Գումարած դրան՝ քրդերը դեռ չունեն արտաքին քաղաքական քիչ թե շատ լուրջ նախասիրություններ, այսինքն՝ ամերիկյան աջկցության դիմաց շատ հանգիստ կարող են առաջ գնալ Վաշինգտոնի արտաքին նախապատվություններով: Կարճ ժամանակում կարող են նաեւ թուրքականին էապես չզիջող բանակ ունենալ, որը հանգիստ կարող է դաշնակցել նաեւ ԱՄՆ-ի տարածաշրջանային մյուս դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի եւ արաբների հետ: Միաժամանակ, լուրջ հակասություններ ունենալով նույն ԱՄՆ-ի տարածաշրջանային առկա եւ պոտենցիալ հակառակորդների՝ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի դեմ: Կարճ ասած, մեղմ ասած, կամակոր թուրքերին քրդերով փոխարինելը ակնհայտորեն առավել քան ձեռնտու է Վաշինգտոնին, այն էլ, երբ, կրկնենք,  թուրքերը ԱՄՆ-ի համար արդեն իսկ կորած միավոր են:

Պուտինն ու Էրդողանը «ոտքի վրա» կարճատև զրույց են ունեցել մինչ Դուշանբեում խորհրդակցության մեկնարկը

ԱՆԿԱՐԱՆ 
ՄԵԾ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ 
Ո՞Ր ԿՈՂՄՈՒՄ Է
Իհարկե, ներկայացվածը Վաշինգտոնի համար, թեեւ աչքի առաջ ռեալ  տեսք ստացող, բայց դեռ ցանկալի սցենարն է, որին եւ առաջին հերթին՝ քրդական պետական միավորի ստեղծմանը դեռ պետք է հասնել: Առավել եւս, որ տեսանելի է նաեւ այդ ծրագրերին հակակշռի ձեւավորումը...
Այստեղ, թերեւս, մի փոքր հետ գնանք: Այս տարվա ապրիլի վերջերին Մոսկվայում տեղի ունեցավ Միջազգային անվտանգության 6-րդ համաժողովը: Դրան մասնակցում էին 86 երկրների հյուրեր, սակայն նրանց  մի մասի խնդիրը, ինչպես մեզ պատմեց համաժողովին մասնակցություն ունեցած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իրավիճակին հետեւելն էր ¥պարոն Հարությունյանը մեկնաբանություններ տվեց, թե ինչ է այդ գործընթացը խոստանում մեր տարածաշրջանին եւ Հայաստանին, ինչը կներկայացնենք մեր վաղվա համարում¤: Բայց նաեւ ներկա էին պաշտպանության նախարարների գլխավորությամբ 22 ¥այդ թվում՝ Հայաստանի¤ եւ գլխավոր շտաբի պետերի գլխավորությամբ 14 պատվիրակություններ: Խոսքը նաեւ Չինաստանի եւ Իրանի պաշտպանական առաջին դեմքերի մասին է: Չդետալավորենք, բայց միայն այդ գործընթացը արդեն իսկ ուրվագծում է այն նոր բարիկադները, որոնք արդեն ավարտուն տեսք են ստացել ինչպես աշխարհի, այնպես էլ՝ մեր մեծ տարածաշրջանի մասշտաբներով:
Բայց ահա, Թուրքիան այդ միջոցառմանը պաշտոնապես ներկայացված չէր: Հիշեցնենք. այդ օրերին դեռ միայն նախատեսված էր Էրդողանի հիշատակված այցը Վաշինգտոն, այսինքն՝ Անկարան դեռ Թրամփի հետ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ կապված ճշգրտումների խնդիր ուներ: Այդ ճշգրտումները արդեն կան, եւ Անկարային այդպես էլ չհաջողվեց կասեցնել ԱՄՆ-ի կողմից քրդերին զենքի ծավալային մատակարարումները: Ու սրանց էլ անցած շաբաթվա վերջին հաջորդեց մեկ կարեւորագույն փաստ: Հիշեցնենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նավից, որը սկսեց «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, զանգահարեց Էրդողանին: Տեսագրությունները, որոնք ներկայացրին երկու կողմերն էլ, հուշում են, որ այդ զրույցը ցուցադրական էր: Ավելի կոնկրետ՝ «Թուրքական հոսքն» այն նախագիծն է, որը վերջին տարիներին վերածվել էր ինդիկատորի այն հարցում, թե ինչ աշխարհաքաղաքական նախապատվություններով է առաջնորդվում Անկարան, նրա մոտ ռուսական ուղղվածությո՞ւնն է գերակշռում, թե՝ արեւմտյան: Գազատարի շինարարության մեկնարկը, ու դա ի ցույց դնելը նշված հարցադրման պատասխանն է: Գազի այն լուրջ ծավալները, որն արդեն գալիք տարի կհասնեն Թուրքիա ու այնտեղից՝ Հարավային Եվրոպա, Մոսկվային եւ Անկարային կապում են ոչ միայն ծանրակշիռ տնտեսական կապերով: Նկատի ունենք, որ սա նաեւ գլոբալ քաղաքական ծրագիր է, որի հաշվին Մոսկվան մինչեւ իսկ իր դիրքերն է ամրապնդում Ուկրաինայի համար պայքարում: Իսկ Թուրքիան, դառնալով Եվրոպայի տարանցիկ գազամատակարարներից մեկը, իր հերթին է հավելյալ լծակներ ձեռք բերում: 

ԵՎՐՈՊԱԿԱՆ 
ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ
Մի խոսքով, «Թուրքական հոսքի» շինարարությունը այն շրջադարձային փոփոխութունն է, որից  շատ բանով են կախված Մերձավոր Արեւելքի առաջիկա սխեմաները, միգուցե նաեւ Քուրդիստանի լինել-չլինելու հարցը: Եվ ոչ միայն այս ծրագրի մեկնարկը ի զորու է նաեւ որոշակի սրբագրումներ կատարել ՌԴ-Եվրոպա-ԱՄՆ եռանկյունու հարաբերություններում:
Ինչպես հայտնի է, վերջերս ամերիկյան սենատորները հաստատեցին ՌԴ-ի դեմ ուղղված հերթական պատժամիջոցները: Այն, ճիշտ է, դեռ պետք է ստանա Կոնգրեսի հավանությունն ու հաստատվի նախագահ Թրամփի կողմից, սակայն արդեն հասցրել է բուռն հակազդեցություն առաջ բերել Գերմանիայում եւ եվրոպական որոշ այլ երկրներում: Բանն այն է, որ նոր պատժամիջոցները սահմանափակում են նախատեսում էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համար: Այսինքն՝ այն կարող է արգելել նաեւ եվրոպական ընկերություններին՝ էներգետիկայի ոլորտում համագործակցել ռուսների հետ, արգելքը խախտելու դեպքում սահմանելով պատժիչ մեխանիզմներ: Եվ ահա Գերմանիայում օրակարգում այն տեսակետն է, որ այդ արգելքը վերաբերում է նաեւ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության եւ հետագա շահագործման հարցով ՌԴ-ի հետ համագործակցությանը: Ավելին, գերմանական շատ գործիչներ, այդ թվում՝ բարձր մակարդակով, առաջ են տանում այն տեսակետը, որ իրականում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են ոչ թե ՌԴ-ի, այլ՝ Եվրոպայի դեմ: Արդյունքում՝ Բեռլինում սկսել են խոսել մինչեւ իսկ ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցներից: 
Բեռլինի մտահոգությունը կարելի է հասկանալ: «Թուրքական հոսքի» շինարարության մեկնարկը եկավ հուշելու, որ անհրաժեշտության դեպքում կառուցվողներին կարող են այլ խողովակաշարեր եւս ավելանալ: Այսինքն՝ Եվրոպայի հավելյալ գազամատակարարման խնդիրը լուծել հարավային ուղղությունից՝ շրջանցելով Գերմանիան: Արդյունքում՝ «Հյուսիսային հոսք 2»-ը Բեռլինի համար միանգամայն նոր քաղաքական իմաստ է ձեռք բերում: Այնքան ծանրակշիռ, որ հանուն դրա, եթե նույնիսկ չգնան, միեւնույնն է՝ պաշտոնական մակարդակով խոսում են հիմնական դաշնակցի՝ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից:
Մի խոսքով, սրանք այն լրջագույն շրջադարձերն են, որոնց հետագա էֆեկտները դեռ շատ երկար իրենց զգացնել կտան: Այլ բան, որ դեռ չկա, բայց կլինի Վաշինգտոնի ռեակցիան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Երեք նախագահները մերժել են Սիրիայում նոր իրողությունների ստեղծումը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА