ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՆՏՐՎՈՒՄ Է  ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

31.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՎՈՒՄ Է  ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ


Ինչպես հայտնի է, 6-րդ գումարման ԱԺ-ում պաշտոնապես ընդդիմադիր են համարվում երկու ուժ` Ծառուկյան դաշինքը եւ «Ելքը»: Իսկ թե որպես ընդդիմադիր իրենք ինչպես են դրսեւորվում` բավականին պարզ երեւում է խորհրդարանի նիստերից, այդ թվում` այս արտահերթից: ԵՐԿՐՈՐԴ ՈՒԺԻ 
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ 
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
Համաձայն Սահմանադրության` հենց Ծառուկյան դաշինքին էլ բաժին են հասել ընդդիմության համար նախատեսված խորհրդարանական պաշտոնների քվոտաները` փոխխոսնակի, մշտական հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների: Իսկ հետագայում էլ, Ծառուկյան դաշինքին վերապահված կլինեն նաեւ Սահմանադրությամբ նախատեսված եւ այլ գործառույթներ: 
Օրինակ` խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելը եւ այն գլխավորելը ընդդիմադիրների գործառույթն ու պարտավորությունն է: Այդպիսի հանձնաժողով կարելի է ստեղծել ցանկացած հարցով, ու այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի դրա նախաձեռնողի ներկայացուցիչը, ով եւ այնուհետ արդյունքները զեկուցում է խորհրդարանին: Անշուշտ, ԱԺ ընդդիմությունն ունի բավարար քվեներ` այդպիսի հանձնաժողով ստեղծելու համար, սակայն ինչի կարող է վերածվել հանձնաժողովի նախագահի հարցը` կարելի է պատկերացնել, տեսնելով, թե ինչպես են իրենց դրսեւորում Ծառուկյան դաշինքն ու «Ելքը»: Եթե անգամ «Ելքի» մասին քանիցս լրատվական դաշտում շրջանառվել են պնդումներ եւ կասկածներ` իբր դա կառավարելի ընդդիմություն է, ապա կարելի է պատկերացնել, թե հանձնաժողովին վստահելու տեսակետից ինչ կուրիոզային պահեր կարող են ի հայտ գալ: 
Սակայն վերադառնանք Ծառուկյան դաշինքի ներկայիս գործունեությանը: Մեր ընթերցողները հաստատ հիշում են այդ դաշինքից պատգամավոր ընտրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թեւավոր խոսքը, թե ինչ տարբերություն` ՀՀԿ, թե ԲՀԿ: Այդպիսի մտածողություն կրողներ այդ դաշինքում շատ կան, ովքեր դիտարկում են պատգամավորական մանդատը ոչ թե որպես ընդդիմադիր գործունեություն ծավալելու գործիք, այլ` իշխանական այս կամ այն օղակներում ինչ-ինչ խնդիրներ լուծելու լծակ: Այսինքն` ապրիորի այդպիսի պատգամավորները ԱԺ մեծամասնության հետ «քյալա տվող» չեն, եթե չկա երաշխիք` դրա ոչ ռիսկային լինելու վերաբերյալ: Դժվար չէ կանխատեսել, որ Ծառուկյան դաշինքում այդքան առատ «ազատ թողնված քվեարկություններին» (իսկ դա ժառանգվել է դեռեւս ԲՀԿ-ի գործելակերպից), այդ մարդիկ միանշանակ կզորակցեն ՀՀԿ-ին այն հարցերում, ուր անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն, իսկ կհակադրվեն ոչ սկզբունքային հարցերում: 
Իհարկե, ԲՀԿ-ում կան եւ սուր ընդդիմադիր ելույթների պրակտիկա ունեցող պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանը, փոխխոսնակ Միքայել Մելքումյանը կամ թեկուզ հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը (ում Էդուարդ Շարմազանովը հաճախ դիմում է «պրոֆեսոր» տերմինով),  նրանք ակտիվորեն մոտենում են խոսափողին, ելույթ են ունենում կամ հարցեր տալիս... Բայց այդպիսիք ԲՀԿ-ում առանձնապես շատ չեն, նրանք խմբակցությունում փոքրամասնություն են: Կդառնա՞ն նրանք ռեալ ընդդիմության միջուկ, թե՞ նրանց «վազքը» կլինի «մինչեւ...»` դրա պատասխանը դժվար թե ստանանք ավելի շուտ, քան այս տարվա աշնանը կամ անգամ 2018-ի գարնանը, երբ կառավարման համակարգի տրանսֆորմացիան ամբողջանալու է: Այսինքն` «այդ մասին հաջորդ դասին»: 
Իսկ մյուսնե՞րը... Մյուսները կլինեն հարողներ` ՀՀԿ-ի այս կամ այն ենթաթիմին: Իսկ որ իշխող կուսակցության ներսում որոշակի մրցակցությունն անխուսափելի է, դա բխում է նաեւ բարեփոխված սահմանադրության տրամաբանությունից: Այստեղ կամ այնտեղ «հարելը» կապ ունի, բնականաբար, եւ այդ ուժի առաջնորդի հետ ունեցած անձնական փոխհարաբերությունների հետ: Իսկ դրանք տարբեր են, եթե դիտարկենք այն ամենը, ինչ կար մանդատներից հրաժարականներ գրելու, այնուհետ դրանցից հրաժարվելու, ոմանց կողմից էլ հրաժարումից հրաժարվելու ընթացքում:  Եվ քաղաքական դրդապատճառներ չունեցող այդ սակարկությունները Ծառուկյան դաշինքնում սիրում են կոչել «ջենտլմենական պայմանավորվածություններ», չնայած մասնակիցները բավականին հեռու են բրիտանական Լորդերի պալատի ջենտլմենների հետ զուգահեռներից: 

Որն է լինելու «Իմ քայլի» հաջորդ քայլը. «Ժամանակ»

«ԵԼՔԸ» ԱԱԾ-ԻՑ 
«ՖՈԲԻԱ՞» ՈՒՆԻ
Բայց չի կարելի ասել, թե «այդ մասին հաջորդ դասին» սկզբունքը ինչ-որ չափով չի գործում նաեւ «Ելքի» պարագայում: Ճիշտ է, դեռ մինչեւ ԱԺ ընտրությունները նրանք հայտարարել են, որ իրականացնելու են դաշինքը միասնական կուսակցության վերածելու գործընթաց, բայց ինչքանո՞վ դա հարթ կընթանա, ինչքանո՞վ այդտեղ կօգնեն կամ կխանգարեն ամբիցիաները: Եթե, ասենք, նախկին ՀՀԿ-ական եւ «երկրապահ», նախկին ՀԱԿ-իստ Սասուն Միքայելյանը առանձնապես մեծ ամբիցիաներ չունի, ապա ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Էդմոն Մարուքյանը գլխանց ամբիցիաներ կրող են: Ամբիցիաներ կրող է եւ Մանե Թանդիլյանը, ով հանրությանը հայտնի է պարտադիր կուտակային հիմնադրամի դեմ ծավալված քաղաքացիական բողոքներից, որոշակի ամբիցիոզություն հասունանում է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի մոտ, ով աչքի է ընկնում բավականին կտրուկ գնահատականներով, քանզի նա եկել է քաղաքականություն` թողնելով պրոֆեսիոնալ ծրագրավորողի աշխատանքը, բայց պահպանելով ամեն ինչ մեկերով եւ զրոներով գնահատելու մտածողությունը: 
Բայց «Ելք»-ում ինչն է նկատելի` հակվածությունը դեպի Արեւմուտք, որը դրսեւորվում է ոչ միայն ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը պատեհ-անպատեհ քննադատելով, այլեւ որոշակի կարծրատիպերով, որոնք թեեւ հասկանալի են ԽՍՀՄ-ում այլախոհական անցյալ ունեցողների պարագայում, բայց մի տեսակ տարօրինակ են ԽՍՀՄ-ի երես չտեսած երիտասարդ գործիչների մոտ: 
Խոսքը «ԿԳԲ-ից վախենալու» իռացիոնալ մղումների մասին է: Օրինակ, երբ կառավարության կառուցվածքի փոփոխությունը քննարկվում էր արտահերթ նիստում, «Ելքը», առաջարկելով ունենալ ոչ թե 18, այլ 15 նախարար, Էդմոն Մարուքյանի շուրթերով հնչեցրեց ցանկությունը` ԱԱԾ-ն վերաբաշխել տարբեր նախարարությունների միջեւ: Եթե նրանց առաջարկությունը` վերականգնելու Ներքին գործերի նախարարությունը, այդտեղ միավորելով ոչ միայն ոստիկանության, այլեւ Արտակարգ իրավիճակների գործառույթները, ապա անհասկանալի է` ինչու են ուզում երկրի ազգային անվտանգությունով զբաղվող կառույցը մասերի կիսված եւ ցիրուցան եղած տեսնել: Դա անգամ ամերիկասիրությամբ բացատրել չի լինի, քանզի մենք ԱՄՆ-ի մասշտաբը չունենք, որ տարբեր գերատեսչական պատկանելություն ունեցող մի քանի հատուկ ծառայություններ պահենք: Բայց միանգամայն տեղավորվում է այն ֆոբիայի մեջ, թե ԱԱԾ-ն «սովետական ԿԳԲ-ի» ամբողջական ժառանգորդն է: «Սովետական այլախոհի» այդ սինդրոմը իհարկե կա, ու դրա հաղթահարումը ժամանակի խնդիր է: Բայց արդյո՞ք թույլ եւ մասնատված ԱԱԾ տեսնելու ցանկությունը կապ չունի նաեւ «Ելքի» կազմում ընդգրկված կուսակցությունների վարչությունում առկա ոչ փոքրաթիվ կադրերի հետ, ովքեր գրանտասիրական ներկա կամ առնվազն անցյալ ունեն: 
Բայց ինչ-որ տեղ «Ելք» դաշինքի «վաղվա դասը» առավել դինամիկ է, քան Ծառուկյան դաշինքի պարագայում: Ի տարբերություն ԲՀԿ-ականների` նրանք օգտագործեցին սեփական շանսը եւ մայրաքաղաքային ընտրություններում, հնարավոր է այդպես վարվեն եւ այլ համայնքային ընտրություններում, մասնավորապես` Արգամ Աբրահամյանից հետո ազատված Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարում: 
Իսկ ընդհանուր առմամբ` առջեւում քաղաքական ամառային «մեռյալ սեզոն» է, որից հետո աշնանային որոշ ակտիվացումներ արդեն ցույց կտան ընդդիմադիրների ընթացքը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА