o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիացի բժիշկների այցի առեղծվածը. Դավիթ Փափազյանը փակագծեր է բացում

10.07.2020 14:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ֆրանսիացի բժիշկների այցի առեղծվածը. Դավիթ Փափազյանը փակագծեր է բացում

Օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթում հրապարակվեց «France Arménie» ամսագրից մի հոդված` «Ապուրի մեջ ընկած մազ» վերնագրով, որտեղ ֆրանսալեզու պարբերականը ներկայացրել էր Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժիշկների այցը։ Հոդվածում նշվում էր, որ առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղևորության և 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին:

Աղջիկը ծնվել է միանգամից երեք ատամներով եւ զարմացրել ծնողներին ու բժիշկներին

ArmDaily.am-ի տրամադրության տակ են գտնվում այս ուղևորությունների կազմակերպման մասով որոշ փաստաթղթեր և տեղեկություններ, ըստ որոնց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանն իր անձնական միջոցներից չարտերային թռիչքների կազմակերպման համար վճարել է 67,200 եվրո։

Փաստաթղթերի ինքնությունը ճշտելու համար ArmDaily.am-ը զրուցել է Դավիթ Փափազյանի հետ։

Փաստաթղթերի և Ձեր ստորագրության ինքնությունը հաստատո՞ւմ եք:
- Այո։

-Ինչո՞ւ եք վճարել 67,200 եվրո 2 օդանավների չարտերային թռիչքների համար Ձեր անձնական միջոցներից։
-Եթե չվճարեի, օդանավերը չէին թռնի, բժիշկները չէին գա Հայաստան, իսկ հաշվի առնելով այս օրերին Հայաստանի բուժհաստատություններում տիրող լարված մթնոլորտը մեր բժիշկներին աջակցությունն անհրաժեշտ էր։

-Պաշտոնական կայքերում և ՀՀ Վարչապետ Փաշինյանին ուղղված Նախագահ Մակրոնի նամակում գրված է, որ Ֆրանսիայի Կառավարությունն է ֆինանսավորել բժիշկների այցը։ Ստացվում է, որ այդպես չէ՞։
-Այդպես է երկրորդ խմբի մասով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն վճարում կատարելուց առաջ պարտավոր է անցնել բյուրոկրատական մի շարք փուլերով։ Քանի որ ժամանակ չկար սպասելու, Ֆրանսիայի ԱԳՆ-ում աշխատող ընկերներս առաջարկեցին, որ ես իմ վրա վերցնեմ ծախսերը, որոնք այնուհետև կփոխհատուցվեն։

-Այս պահին ստացե՞լ եք փոխհատուցում։

-Հարցի լուծումն ընթացքի մեջ է։

-Մտավախություն չունե՞ք, որ չեք ստանա փոխհատուցում։

-Ոչ, չունեմ։

-Հայաստան ժամանած բժիշկնե՞րն էլ են վճարվել իրենց մատուցած ծառայությունների համար

-Բժիշկները բոլորը եկել են իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակով, և մենք երախտապարտ ենք նրանց այդ քայլի համար։ Ես և իմ ֆրանսիացի ընկերները առաքելության հավաքման փուլում մեկ առ մեկ զրուցել ենք բժիշկների հետ, և նրանցից ոչ մեկը չի ակնարկել գումարային փոխհատուցման մասին։

-Հրապարակված հոդվածում նշվում էր նաև, որ բժիշկները Կովիդ 19-ի բուժման պրակտիկա չեն ունեցել և վարձատրվել են իրենց գործուղման համար

-Տականքները շատ են թե Ֆրանսիայում, թե Հայաստանում, թե ամենուր։ Այն, թե իբր բժիշկներն անփորձ էին, պատմության ամենազայրացնող հատվածն է։ Այս պահին մեր ֆրանսիացի ընկերները քննարկում են ինչպես հետևողական լինել հարցի շուրջ, և կեղծ տեղեկություններ հրապարակողին, ով էլ դա լինի, համաչափ պատժել։
Իսկ թե ինչու ֆրանսիացի բժիշկները պետք է առանց որևէ վարձատրության՝ ցանկություն ունենային աջակցություն տրամադրել իրենց հայ գործընկերներին, հարցի պատասխանը նույնպես պարզ է. նաև որակյալ մարդիկ շատ են թե Ֆրանսիայում, թե Հայաստանում և թե ամենուր։

-Բոլոր դեպքերում Հայաստանի պետական բյուջեից ինչ-որ ծախսեր կատարվե՞լ են ֆրանսիացի բժիշկների այցի կապակցությամբ։

-5,000 ՀՀ դրամ, որը չնախատեսված ծախսվել է թարգմանության համար, որովհետև մի շարք թարգմանությունների հետ մեկտեղ առաջին խմբի բժիշկների նյութերը պատահաբար հայտնվել էին թարգմանության ուղարկվող այլ թղթերի շարքում։

-Արդյո՞ք «Իմ Քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Իգիթյանի և իր ընկերների SOS Armenie Cote D’Azur հիմնադրամը մասնակցություն ունեցել է բժիշկներին Հայաստան բերելու գործում, կամ վարձատրել նրանց։

- Ձեր նշած հիմնադրամն առավել ստույգ կպատասխանի Ձեր հարցին, իսկ Ֆրանսիայից եկած 18 բժիշկներից, կրկնում եմ, ոչ մեկը չի վարձատրվել։

-Իսկ նմանատիպ գործառույթները մտնու՞մ են ԱՆԻՖ-ի առաքելությունների մեջ։

-Ոչ, սա ԱՆԻՖ-ի գործառույթների մեջ չի մտնում։ Սա մասնավոր նախաձեռնություն է, որն իրականացրել եմ Ֆրանսիայում չվճարվող արձակուրդում գտնվելու ընթացքում։ Այդ փաստաթուղթը արդեն կարող եմ ինքս Ձեզ տրամադրել։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА