«168 ժամ»․ Փաշինյանի անհատական և քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է կառուցելու, արարելու անկարողությունը
Մամուլի տեսություն
«Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական պրոյեկտ, ամբողջ ընթացքում գործել է նեգատիվ հարթությունում։ Խնդիրը միայն նրա ընդդիմադիր կենսագրությունը չէ, այլ մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։ Այդ նեգատիվի գագաթնակետը եղավ 2018 թվականը, երբ «մերժիր Սերժինը» նրա համար ճանապարհ հարթեց դեպի իշխանություն։ Նա իշխանության եկավ ոչ թե հանուն ինչ- որ նպատակի կամ գաղափարի, այլ հենց նեգատիվիզմի, մերժման շնորհիվ։ Իսկ գաղափարաբանական, փիլիսոփայական առումով դա սկզբունքորեն տարբերվում է դասական ընդդիմադիր գործունեությունից։
Փաշինյանի իշխանությունն առաջին իսկ օրից կառուցվել է ու այսօր էլ շարունակում է նախկիններին մերժելու, կոռուպցիայի, թալանի դեմ պայքարի մասին հռչակագրային ականջահաճո ելույթների վրա, որոնք, եթե անգամ կարևոր են ու անհրաժեշտ, այդուհանդերձ չպետք է լինեն իշխանության համար առաջին գերակայությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը՝ «մերժելով Սերժին», չմերժեց մերժումը որպես մտածողության տեսակ ու նաև քաղաքականության մեթոդ օգտագործելու սովորույթը, որն իշխանության պարագային արատավոր սովորույթ է։
Իսկ երբ արդեն պետք էր պայքարել ոչ թե մտացածին ներքին թշնամիների, այլ միանգամայն իրական արտաքին թշնամու դեմ, նեգատիվիզմի ռելսերի վրա դրված, սևերի ու սպիտակների բաժանված պետությունը չկարողացավ դիմակայել այդ մարտահրավերին, և արձանագրվեց խայտառակ պարտությունը՝ դաժան հետևանքներով։
Նիկոլ Փաշինյանն անգամ երկրի ղեկավարի կարգավիճակում շատ հաճախ իրեն դրսևորում է՝ որպես ընդդիմադիր գործիչ։ Դրա պատճառը, սակայն, ընդդիմադիր գործունեության հանդեպ նրա անհագուրդ սերը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի անհատական և քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է մերժումը՝ երևույթի նեղ և լայն իմաստներով, կառուցելու, արարելու անկարողությունը։ Իր կարիերայի ընթացքում նա մերժել է բոլորին ու ամենայնը։ Հիմա Հայաստանը մերժելու հերթն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: