ԻՆՉԻ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԻՐԱՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Միջազգային
Նախօրեին Ադրբեջանից մեկնարկեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի ծավալուն շրջագայությունը Հարավային Կովկաս, ՌԴ եւ Թուրքիա: Ավելի ճիշտ, Զարիֆը Բաքվից մեկնեց Մոսկվա, սպասվում է, որ այսօր կգա Երեւան, այստեղից էլ՝ Թբիլիսի եւ Անկարա:
ԶԱՐԻՖԻ ԱՅՑԻ ԱԶԴԱԿՆԵՐԸ
Ինչ է ցանկանում Իրանն այս շրջայցով, ինչ ծրագրեր ունի: Այս մասին ավելի ճիշտ կլինի խոսել, երբ Իրանի ԱԳ նախարարը կավարտի շրջագայությունը: Սակայն նախնական գնահատականներ արդեն իսկ կան: Այսպես, շրջագայության երթուղին մեկ բան է հուշում՝ Իրանն առաջ է տանում մի նախագիծ, որտեղ այս կամ այն չափով անհրաժեշտություն է հարավկովկասյան երկրների, ՌԴ-ի եւ Թուրքիայի մասնակցությունը: Հաջորդը, Ադրբեջանի այցը նաեւ հուշում է, թե ընդհանուր առմամբ, ինչ կա Թեհրանի մտքին: Այսպես, Բաքվի հանդիպումներում Զարիֆը հիմնականում շեշտադրումներ կատարեց տնտեսական ծրագրերի վրա: Նրա տոնայնությունն այս ուղղությամբ էր՝ պատերազմն ավարտվեց, հիմա պետք է մտածել հետագա հարաբերությունների մասին՝ շեշտը դնելով տնտեսական կապերի վրա: Ընդ որում, թեեւ Բաքվում Զարիֆն ունեցավ երկկողմ ինչ-ինչ պայմանավորվածություններ, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրանական ընկերությունների գործունեության հետ կապված, սակայն նպատակն ակնհայտորեն շատ ավելի գլոբալ է: Հիշեցնենք, որ մինչ այդ Թեհրանը Բաքվի հետ արդեն իսկ քննարկումներ էր անցկացնում՝ կապված կոմունիկացիոն մեխանիզմների գործադրման հետ: Միաժամանակ, նման քննարկումներ տարվում էին նաեւ Անկարայի հետ, եւ նույնիսկ կան երկաթուղու վերաբերյալ որոշ պայմանավորվածություններ: Իսկ ահա Բաքվում Զարիֆը խոսեց Արեւելք-Արեւմուտք ու Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքների ակտիվացման անհրաժեշտության մասին: Եվ սա անակնկալ շրջադարձ չի կարելի համարել: Այսպես, այն, որ արդեն մի քանի տարի արցախյան գործընթացը ամուր թելերով կապվել էր Արեւելք-Արեւմուտք (կամ Մետաքսի ուղու) ու Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքների մասշտաբային գործարկման ծրագրերի հետ, նոր բան չէ: Ասենք, այդ մասին հիշեցրեց նաեւ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում առանձին կետ մտցվեց պատերազմի հետ առաջին հայացքից ոչ մի կապ չունեցող Հայաստան-Ադրբեջան (դեպի Նախիջեւան եւ մյուս կողմից, դեպի ՌԴ) ուղիների վերագործարկման մասին: Ու հազիվ երկու ամիս անց այդ կետի հետ կապված Մոսկվայում եւս մեկ հանդիպում տեղի ունեցավ, հունվարի 11-ին նոր համաձայնագիր կնքվեց: Ընդ որում, արդեն նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից անմիջապես հետո առիթ ունեցանք այն եզրակացությունը ներկայացնել, որ գլոբալ խնդիրն արագացված տեմպերով Արեւելք-Արեւմուտք ու Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքների մասշտաբային գործարկումն է, եւ Զարիֆի այս շրջագայությունն էլ, թերեւս, այդ նախաձեռնության հետ կապված Թեհրանի մոտեցումների սինխրոնիզացումն է (այդ թվում՝ աշխարհաքաղաքական ուղղվածության, որին դեռ կհասնենք) հնարավոր մասնակից մյուս կողմերի հետ: Ուստիեւ պատահական չէ նաեւ, որ շրջագայությունը սկսվեց Բաքվից. Հարավային Կովկաս եւ ՌԴ ուղղությամբ Ադրբեջանն այն միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի երկաթուղային կապ եւ կարող է ունենալ նաեւ երկրորդ, գործող կապին նկատելիորեն գերազանցող ուղի, եթե կյանքի կոչվի հունվարի 11-ի համաձայնագիրը, ու գործարկվի Իրան-Նախիջեւան երկաթուղին (զուգահեռ ավտոմայրուղին): Իսկ դա իր առավելագույն էֆեկտիվությունը կունենա, եթե գործարկվի նաեւ Գյումրի-Կարս ուղղությունը, ինչպես նաեւ Աբխազական երկաթուղին (Թուրքիա եւ Վրաստան այցի հիմնական նպատակներից մեկը, անշուշտ, սա է): Վերջապես այն, որ ՌԴ-ն հարավկովկասյան կոմունիկացիոն ծրագրերի վերաբերյալ համաձայնագրերի կողմ է, ավելին՝ երաշխավորը եւ հիմնական քաղաքականությունն առաջմղողը, բնականաբար, Զարիֆին հասցնում է Մոսկվա: Ընդհանրացնելով, ստանում ենք այս տպավորությունը: Այսպես, այս շրջագայությամբ Իրանը նախ հղում է այն ազդակը, որ անկախ տեղի ունեցած փոփոխություններից, իրեն համարում է տարածաշրջանային «հարց լուծողներից» մեկը, եւ տարածաշրջանում առկա ստատուս-քվոն եւ քաղաքական իրավիճակը նպաստավոր է համարում նման խոշոր ծրագրեր առաջ տանելու համար: Չմոռանանք, որ հարավկովկասյան ներկայիս ստատուս-քվոյի կարեւոր բաղադրիչներից է ռուսական զորքերի ներկայությունն Արցախում եւ Հայաստանում, եւ ընդհակառակը՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի զորքերի բացակայությունը: Եվ, անշուշտ, հենց թվարկված գործոններն են Թեհրանի այդ ազդակի կարեւոր անկյունաքարերը, որի վրա էլ կառուցված է Զարիֆի ողջ առաջարկային փաթեթը: Եվ ասվածից բխող հաջորդ ազդակը. հատկապես Թուրքիայից Իրանը թերեւս ակնկալում է ընդունել առկա ստատուս-քվոն եւ իրականում գործել՝ որպես տարածաշրջանային խաղացող: Հաշվի առնելով, որ Ադրբեջան զորք մտցնելու շանսը կորցնելով, Թուրքիան ¥նաեւ Վրաստանը¤ կարող է կենտրոնանալ հակառուսական դիրքերի վրա՝ փորձելով ռեւանշի հասնել: Իսկ դրա միակ տարբերակը կարող է լինել բայդենյան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ գործողությունները, որն արդեն կունենա ոչ միայն հակառուսական, այլ նաեւ՝ ընդգծված հակաիրանական բնույթ:
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ
Այսպիսով, Զարիֆն Իրանի դիրքերն ու նպատակները ցույց տալով, թերեւս հարավկովկասյան երկրների հետ լուծելու է դետալային հարցեր՝ ՌԴ-ի հետ նաեւ ստրատեգիական բնույթի: Իսկ ահա Թուրքիայից ակնկալում է համագործակցություն՝ տարածաշրջանում ամերիկյան հնարավոր խաղեր առաջ տանելու հնարավորության փոխարեն: Այն, որ նույն շահերն են հետապնդում նաեւ ռուսները, դժվար չէ կռահել: Համենայնդեպս, որ Մոսկվան ցանկանում է առանց ավելորդ ժամանակ կորցնելու առնվազն պայմանագրային տեսքի բերել հարավկովկասյան կոմունիկացիաների թեման, նաեւ հստակ ֆիքսելով այն լիազորությունները, որոնք ստանալու է, հուշում էր դեռ հունվարի 11-ի փաստաթուղթը: Հիշեցնենք, այստեղ ոչ թե պարզապես հստակ ժամկետներ են սահմանված, այլ նաեւ՝ բավականին սեղմ ժամկետներ. ընդամենը մոտ մեկուկես ամիս՝ ընդհանուր ծրագիրը մշակել-ներկայացնելու համար: Նկատենք նաեւ, որ, ըստ որոշ աղբյուրների, այսօր ¥հնարավոր է, մինչեւ հունվարի 30-ը ցանկացած այլ օր¤ փոխվարչապետների՝ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի մակարդակով առաջին հանդիպումը տեղի է ունենալու, իսկ դա հուշում է, որ Մոսկվան ամեն ինչ անում է, որ սահմանված ժամանակացույցից շեղումներ չլինեն: Արագացված մասին է վկայում նաեւ այն, որ աշխատանքային խումբը պետք է ոչ միայն որոշի, թե ինչ է պետք կառուցել կամ վերականգնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք ապասառեցման համար, այլ նաեւ դրանց կատարման ժամանակացույց: Չմոռանանք, խոսքը ծախսատար ծրագրերի մասին է, որոնց իրականացման ժամանակացույցից առաջ պետք է նախ առնվազն լուծել ներդրումների հարցը, եւ միայն դա կարող է անորոշ ժամանակահատվածով ամեն ինչ սառեցնել: Բայց երբ խոսվում է հստակ ժամանակացույցից, ապա դա ակնարկ է, որ անգամ ներդրումների թեման է մղվել երկրորդ պլան: Կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու են ռուսները շտապում: Կան արտաքին մի շարք գործոններ, որոնք եթե մտնեն խաղի մեջ, կարող է եւ ողջ ծրագիրը փլուզվել: Իսկ նման ազդակներ կան: Օրինակ, Վրաստանի թուրքաբնակ հատվածում հայաստանյան բեռնատարների վրա հանկարծակի սկսված հարձակումները պարզ հուշում են «ջուր պղտորողների» առկայության մասին: Եվ նման գործոնների թվում առաջինը Թուրքիայի հնարավոր քայլերն են, հաշվի առնելով, որ եթե անգամ նոր նախագահ ստացած ԱՄՆ-ն ցանկանա գլխիվայր փոխել հարավկովկասյան իրավիճակը, ապա միակ տարբերակը Թուրքիային օգտագործելն է: Սակայն այս ամենով հանդերձ, դեռ «օդից կախված» է մնում հարցը, թե Վաշինգտոնը կգնա՞ ցանկացած միջոցով, մասնավորապես՝ Հարավային Կովկասում իրավիճակ փոխել փորձելու ճանապարհով: Հաշվի առնելով, որ, առհասարակ, դեռ անհասկանալի է, թե ՌԴ-ի ուղղությամբ ինչ քաղաքականություն է պատրաստվում ԱՄՆ-ում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ