Փաշինյանին ամեն ինչ ներող զանգվածն իր «վերջին օրերի աղանդավորներն են». Քոչարյան
Ներքաղաքական
Թվում էր, թե ժողովուրդն ինքնաբուխ պետք է ոտքի կանգներ ու ոչ միայն պահանջեր, այլ ուղղակիորեն հեռացներ վարչապետի աթոռից Նիկոլ Փաշինյանին` միայն այն լուրից հետո, երբ համացանցում հայտնվեց փաստաթուղթ, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը մինչեւ պատերազմը զգուշացրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` հնարավոր վտանգների եւ անհրաժեշտ քայլերի մասին: Իսկ ժողովուրդը, կարծես թե, մոռացավ ինչպես հրապարակված այդ փաստաթղթի, այնպես էլ այն մասին, որ Հայաստանը պատերազմական 44 օրերին այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին: Ավելին` դրան հաջորդեցին նոր փաստաթղթերի հրապարակումներ եւ բացահայտումներ, բայց հանրային արձագանքը նույնիսկ ամենաաղմկոտ բացահայտումների վերաբերյալ շարունակում է մնալ չեզոք: Այս մասին «Իրավունքը» պարզեց մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ տեսակետը:
– Իհարկե, նորություն չէր, այդ խոսակցությունները կային, եւ պարզ էր, որ պատերազմի ընթացքում մի քանի առաջարկ եղել է` պատերազմը կանգնեցնելու համար: Ինչո՞ւ չի արվել, ինչո՞ւ չի համալրվել Հայոց բանակը, երբ 10 օր Արցախի նախագահը մարդ է խնդրել Փաշինյանից, բայց չեն ուղարկել. այսպիսի բազմաթիվ անպատասխան հարցեր կան: Բայց ցավալին այն է, որ այս ամենը ժողովրդի վրա չի ազդում, նույնիսկ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն ասի` «դավաճանել եմ, լավ եմ արել», կասեն` «հա, լավ ես արել»: Այսինքն` իրեն ամեն ինչ ներող զանգվածը հանուն նրա, որ նախկինները չգան, պատրաստ են անգամ թույլ տալ` Ալիեւը գա եւ իշխանությունը վերցնի Հայաստանում: Այդ կատեգորիայի համար նույնիսկ վերոնշյալ փաստաթուղթը բացարձակապես ոչինչ չարժի: Չեմ ուզում վիրավորել բոլորին, բայց այդ կատեգորիան կոնկրետ Նիկոլ Փաշինյանի «վերջին օրերի աղանդավորներն են»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ