Հայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներ
Ներքաղաքական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ իր ասուլիսի ժամանակ փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Այս եւ լավրովյան այլ հայտարարությունների շուրջ «Իրավունքը» պարզեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ տեսակետը:
- Չեն հրապարակվելու անուններ, ցուցակներ, որովհետեւ ցուցակ հրապարակել նշանակում է վտանգել ռազմագերիներին եւ առաջին հերթին հնարավորություն տալ շառլատաններին խանգարել այս ամբողջ գործընթացը: Պետք է անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում ունենանք, թե ինչ քանակի ռազմագերիների մասին խոսք կարող է լինել, որովհետեւ այսօր հակառակ կողմը ներկայացնում է այն ցանկը, որը գիտենք, եւ տեսանելի է եղել նաեւ Շիրակի մարզի 62 ազատամարտիկների խնդիրը: Բոլորը բոլորի դիմաց սկզբունքով` առաջին էտապում 44 ռազմագերիներ հետ վերադարձվեցին, բայց մենք հասկանում ենք, որ այդքանը չէ: Պետք է հասկանալ, թե պետությունը ինչքանի վրա ունի ազդեցություն, որ իր տնօրինման տակ է, այլ տեղերում պահվող գերիներ արդյոք կան, որովհետեւ պատերազմի ընթացքում լինում են նաեւ գերիներ զինվորականների մոտ: Եթե նրանք առանձին գերեվարված զինվորականների հետ են առնչվում, լինում է նաեւ քաղաքացիական մարդկանց մոտ, հետո ինչ-որ պահի հայտնվում են, բայց այդ պրոցեսը տեւական է եւ շատ զգայուն: Դրա վրա պետք է աշխատեն պետական բոլոր կառույցները, բայց առանց հրապարակումների, առանց ֆետիշացման եւ պահանջների: Հայկական կողմը չի ներկայացնում ցանկ, որովհետեւ նմանատիպ ցուցակ չի ներկայացնում նաեւ ադրբեջանական կողմը:
– Բայց Լավրովն ասում է, որ Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամադրել է, եւ այն այդքան զգալի չէր:
– Կարծում եմ` եթե Լավրովը վստահ է եւ հավաստիացնում է, որ դա ամբողջական է, ուրեմն` մենք շատ կարճ ժամանակում կունենանք համընդհանուր ցուցակ, որի վրա պետք է աշխատենք: Եվ որեւէ մեկն իր անզգույշ արտահայտություններով չպետք է խանգարի այդ գործընթացին: Վստահ եմ, որ հունվարի 11-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում խանգարիչ հանգամանքներ են եղել նաեւ անզգույշ արտահայտությունների, որոշակի շահարկումների եւ ինֆորմացիայի արտահոսքի, նույնիսկ ֆեյք տեղեկատվության տարածման պատճառով:
– ՌԴ ԱԳ նախարարն ասում է, որ ադրբեջանական կողմի ներկայացրած ցանկի համաձայն, բոլոր գերիները ոչ միանգամից, բայց վերադարձվել են, ովքեր հիշատակված էին ադրբեջանական ցուցակում: Ավելին` այլ իրավիճակներ ադրբեջանական կողմում` կապված գերիների, անհետ կորածների հետ, չի առաջացել: Կհաստատե՞ք, որ մեզ մոտ այլեւս գերիներ չկան, որոնց հարկ եղած դեպքում կարող ենք փոխանակել մեր գերիներով:
– Ես այդպես չեմ մտածում: Գիտեմ, որ այդտեղ դեռ շատ երկար ճանապարհ ենք անցնելու: Եվ տա Աստված, որ այդ ճանապարհի մեջ լինենք շատ ավելի ճկուն, եւ մեր հնարավորությունները համադրելի լինեն հակառակորդի ցանկությունների հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ