Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններին
Միջազգային
Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայի Կարս քաղաքում կմասնակցեն Թուրքիայի զինվորականների հետ համատեղ զորավարժություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առանձին համազորային բանակի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայի Հանրապետության Կարս քաղաքում անցկացվելիք 2021 ձմեռային զորավարժություններին։ Տեղի է ունեցել զորավարժություններին ներգրավված անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի ուղարկման արարողությունը», - ասված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի զինված ուժերի համաբանակային առանձին բանակը տեղակայված է Նախիջևանում։
Երկրի ՊՆ-ում նշել են, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումներն արդեն Նախիջեւանից առաջ են քաշվել Կարսի ուղղությամբ ադրբեջանա-թուրքական սահմանով:
Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 1-12-ը: Դրանց նպատակն է՝ ապահովել երկու երկրների ստորաբաժանումների համակարգումը։ Թուրքական Anadolu գործակալության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում նաեւ կմշակվեն դեսանտի իջեցում եւ ավիահարվածներ պայմանական հակառակորդի օբյեկտներին: