ՊԱՐՏՎԱԾ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՈՉ ՈՔ ՀԱՇՎԻ ՉԻ ՆՍՏԵԼՈՒ. ԱՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ներքաղաքական
Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը՝ նշելով սակայն, որ համատեղ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի` լուծվել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը: Ինչպե՞ս է գնահատում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը Արցախի նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ ԱՀ նախկին վարչապետից, ով կարճ, բայց բովանդակալից տվեց հետեւյալ պատասխանը.
- Հերթական անգամ Փաշինյանին ցույց տվեցին իր իրական տեղը: Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի, ինչպես նաեւ գերիների հարցերը չեն լուծվել: Ալիեւը հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված է վերջնականապես, իսկ գերիների հարցին ընդհանրապես չանդրադարձավ: Փաստորեն, մեզ համար այսօրվա կարեւորագույն հարցերի քննարկումը մերժելով, Ալիեւը ստիպեց Փաշինյանին խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո ստորագրել եւս մի փաստաթուղթ` Ադրբեջանից Նախիջեւան ու Թուրքիա Հայաստանի տարածքով ճանապարհ կառուցելու մասին, որը լիովին բխում է Ադրբեջանի շահերից: Հաստատվեց մեր այն պնդումները, որ պարտված ղեկավարի փաստարկների ու առաջարկների հետ ոչ ոք հաշվի չի նստելու, նրա ներկայացրած հարցերը ուշադրության չեն արժանանալու: Իսկ հաղթող կողմը, ի դեմս Ալիեւի, պարտադրելու է Փաշինյանին ստորագրել այն, ինչ ձեռնտու է իրեն տվյալ պահին, անուշադրության մատնելով նրա բարձրացրած հարցերը: Հերթական անգամ հրապարակայնորեն նվաստացնելով Փաշինյանին, միջազգային հարթակում իրականում նվաստացվում է Հայաստանը, նվաստացվում է հայ ժողովուրդը: Այս ամենը շարունակվելու է, քանի դեռ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը, մեր ազգը ներկայացնում է պարտված ղեկավարը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ