Ահավոր վիճակ է, իշխանությունը երկիրը տանում է դեպի ցնցումներ. Աբովյան
Ներքաղաքական
ԱԺ արտահերթ նիստում երեկ ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը չընդունվեց: «Կողմ» էին 36 պատգամավոր, «դեմ»` 56-ը: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:
– Պարոն Աբովյան, կարելի՞ է ասել, որ իրենց ելույթներում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չէին էլ հերքում, որ ռազմական դրությունը պահպանելն իրենց համար կարեւոր է, որպեսզի ընդդիմությունը չպահանջի վարչապետ Փաշինյանի հրաժարականը:
– Այն, որ իրենք իրենց բազկաթոռներն ատամներով կպած պահում են, ակնհայտ է: Այն, որ իրենք հրաժարվում են վերցնել պատասխանատվությունը, կրկին ակնհայտ է: Այն, որ տանում են երկիրը դեպի ցնցումների, սա էլ է ակնհայտ: Ահավոր վիճակ է, որովհետեւ իշխանությունը խաբել է բոլորին, միտումնավոր, թե անմիտ, կապ չունի, բայց Փաշինյան Նիկոլը մեր երկրի կեսը տվել է թուրքին:
– Ի դեպ, երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խորհուրդ էր տալիս զգույշ օգտագործել «կապիտուլյացիա» բառը, որը, ըստ նրա, այս դեպքում գոյություն չունի:
– Դե հիմա կարող ենք անվանել, օրինակ, մանդարին, դրանից ի՞նչ է փոխվում: Քարվաճառը, Բերձորը հանձնեցին, Արցախից մի բուռ բան է մնացել, բա էլ ինչպե՞ս է կոչվում: Ուրեմն` մի դաս էլ ես տամ` երբ քեզ պարտադրում են ստորագրել պարտվողական փաստաթուղթ, սա կապիտուլիացիա է եւ վե՛րջ:
– Ռազմական դրությունը չհանվեց, հանրահավաքներ չկան, ո՞րն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը:
– Դժվար է ասել, թե ինչ է լինելու, բայց օրեցօր իրավիճակը լարվում է: Մարդիկ ընդվզում են:
– Ու այս իրավիճակում իշխանության համար օրակարգային գլխավոր հարցը, կարծես թե, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկե՞լն էր, որ դիմեցին Սահմանադրական դատարան:
– Կարող եմ ասել, որ Ծառուկյանի մանդատի հարցը հատուկ էին բերել, որովհետեւ անգրագետ եւ ամբարտավան է այս իշխանությունը: Իրենք, պարզապես, դուրս են ընկել իրողությունից: Պատկերացնո՞ւմ եք, փաստացի հասցրել են մեզ խայտառակության եւ հեռանալու տեղը, որոշել են խոշորագույն ընդդիմադիր խմբակցության եւ կուսակցության ղեկավարի մանդատը վերցնել:
– Ինչո՞վ է սա պայմանավորված, չէ՞ որ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ վարչապետ դառնալու հավակնություն չունի:
– Իրենց հարցրեք, չգիտեմ: Որովհետեւ իրականում ադեկվատ չեն: Այս մարդիկ չեն հասկանում ինչ են արել:
– Ամեն դեպքում, ի՞նչ ակնկալիք ունեք ՍԴ որոշումից` Գ. Ծառուկյանի մանդատի հետ կապված:
– Այն փաստարկները, որ իշխող խմբակցությունը բերել էր` պարոն Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված, այնքան ծիծաղելի էին, որ իրավաբան էլ պետք չէ լինել, որպեսզի հասկանաս, որ սա հատուկ է արվում: Ուստի` հույս ունեմ, որ ՍԴ-ն կմնա ողջամտության սահմաններում եւ կծառայի Հայաստանի հանրապետությանը, ոչ թե Փաշինյանի ռեժիմին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ