Փաշինյանը «քցեց» նաեւ ՔՊ վարչության անդամ Փամբուխչյանին
Ներքաղաքական
Թեպետ 2 տարուց լրանում էր ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻ 70-ամյակը, եւ նա այսպես թե այնպես պատրաստվում էր անցնել թոշակի, բայց միանգամից զգաց խորտակվող նավի վտանգը եւ շտապեց լքել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի աթոռը: Այդ պաշտոնին դեռ պատերազմից առաջ իշխանությունը պատրաստվում էր նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ, ինչի մասին ակտիվորեն գրում էին անգամ իշխանական լրատվամիջոցները: Ավելին՝ Փամբուխչյանը՝ հանուն խոստացված պաշտոնի, դրեց նաեւ պատգամավորական մանդատը, կարծես թե, ժամանակավոր ստանձնելով ԱԻՆ 4-րդ փոխնախարարի պաշտոնը: Բայց, արի ու տես, որ օրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց «քցել» նաեւ յուր թիմակցին: Ա. Փամբուխչյանն այդպես էլ մնաց նախարարության 4-րդ դեմքը, իսկ ԱԻՆ նախարար նշանակվեց Փաշինյանի կողմից «Ազգային հերոսի» կոչմանն արժանացած գեներալ-մայոր ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԸ: Ի դեպ, ամենեւին էլ կասկածի տակ չդնելով նորանշանակ նախարարի հայրենիքին մատուցած ծառայությունը՝ նշենք, որ նա արցախյան մերօրյա պատերազմում, որպես ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար, մասնակցել է հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին: Ճիշտ այնտեղ, որտեղ, ըստ արդեն նախկին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիյանի, մեր բանակը կատարում էր «տակտիկական նահանջ», մինչդեռ իրականում կորցնում էինք տարածքներ՝ ուղղակի զիջելով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ