o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք չէ վախենալ տարբեր դեսպանատների արձագանքներից, պետք է պահպանել մեր ազգային արժեքները»

24.08.2018 22:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պետք չէ վախենալ տարբեր դեսպանատների արձագանքներից, պետք է պահպանել մեր ազգային արժեքները»

«Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարի հետ կապված համացանցում եւ մամուլում տարածված երեխաների լուսանկարները, որտեղ ակնհայտ է համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզը, լուրջ մտահոգություն պետք է առաջացնի ոչ միայն ճամբարի մասնակից երեխաների ծնողների եւ հարազատների մոտ, այլեւ՝ ցանկացածիս համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱԴՅԱՆԸ.

Մենք արդեն իսկ ներքաշված ենք բարոյական ճգնաժամի մեջ. Հոգեբան. Տեսանյութ

«Այս ո՞ւր ենք հասել»

- Անկախ նրանից, թե այդ միջոցառում կոչվածն ինչ նպատակով է իրականացվել, զվարճանքի, թե երեխաների ուրախության համար, այն չափազանց մտահոգիչ է եւ իր մեջ խորը արմատներ է պարունակում: Լուսանկարները, որոնցով հեղեղված է համացանցը, տպավորություն են ստեղծում, որ դա հենց այնպես, զվարճանքի համար է արված: Այստեղ ինչ-որ խորը, վտանգավոր միտումներ եմ տեսնում: Այդ տարիքի երեխաների մոտ նոր-նոր է ձեւավորվում սեռական գիտակցությունը, իսկ նմանատիպ դրվագները երեխաների հետագա կյանքի վրա կարող են անջնջելի հետք թողնել: Սա վերջին կայարանն է, այս ո՞ւր ենք հասել, չի կարելի խաղալ մեր մատաղ սերնդի հոգեկան աշխարհի հետ: Սա պետք է մտահոգի ոչ միայն երեխաների ծնողներին, այլեւ` բոլորիս, պետք է շատ աչալուրջ լինել, պետք է բողոքի ձայն բարձրացնել: Եվ ամենեւին պետք չէ վախենալ այսօր տիրող անհանդուրժողականության մթնոլորտից, պետք չէ վախենալ տարբեր դեսպանատների արձագանքներից, պետք է իսկապես լինել հպարտ, արժանապատիվ քաղաքացի եւ պահպանել մեր դարերով եկած ազգային արժեքները:

«Սկսել են ծաղրել մեր եկեղեցին ու հավատը»

- Տիկին Նալչադյան, բացի այն, որ տղաներին փորձել էին կերպարանափոխել աղջիկների եւ հակառակը, երեխաներին նաեւ վանականի շորեր էին հագցրել: Սա ինչի՞ մասին է խոսում:

- Այո, շատ ճիշտ եք նկատել: Ցավոք, դա եւս նույն կոնտեքստում է, նույն տրամաբանության մեջ: Սա պատահականություն լինել չի կարող: Սկսել են ծաղրել մեր եկեղեցին ու հավատը, փորձում մեր ավանդական հիմնասյուներից պոկել եւ հիմնել այլ հիմնասյուն: Բայց մենք դա երբեք չպետք է թույլ տանք: Մենք գոյատեւել ենք ու գոյատեւում ենք մեր ազգային, կրոնական արժեքների հաշվին եւ դրանց համար, եւ այդպես էլ պետք է լինի ապագայում: Մենք ապրում ու շնչում ենք մեր հայրենիքով, մեր ավանդական արժեքներով: Մենք ունենք Հայ առաքելական եկեղեցի, մենք քրիստոնյա ազգ ենք եւ հիմա երեխային հագցնում ենք հոգեւորականի հագուստ եւ ծաղրում եկեղեցի՞ն, որ ինչ... Սա անընդունելի է, սա բացահայտ ծաղր է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Ավելին, այս ամենը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ սա եկեղեցու դեմ իրականացվող արշավի շարունակություն է կամ մի մասնիկը: Լա՛վ, գուցե կան առանձին հոգեւորականներ, որ չեն համապատասխանում իրենց հոգեւորականի դերին ու կեցվածքին, բայց դա չի նշանակում, որ պետք է եկեղեցին երեխայի աչքում նսեմացվի, որ քրիստոնյայի կերպարը պետք է դառնա ծաղրանքի առարկա: Սա շատ վտանգավոր միտում է, եւ պետք է շատ լուրջ մտածել, թե ովքեր են այդ ամենի կազմակերպիչները եւ ինչպես են իրենց նման բան թույլ տվել: Ուղղակի չի կարելի սա հանդուժել:

«Մեղավոր են կազմակերպիչները, նրանք, ովքեր ուղղորդում են»

- Կասե՞ք, հոգեբանական ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ երեխայի վրա նման կերպարանափոխություններն արդեն հասուն տարիքում:

- Ընդհանրապես մանկությունը շատ զգայուն տարիք է, իսկ մանկան հուշերը` տպավորիչ: Չարյաց փոքրագույնը կլիներ, որ երեխաները միայն հիշեին, որ իրենց ճամբարում այդպիսի բան են արել: Այդ երեւույթները մանկական վաղ դեռահասության  տարիքում ազդում են ինքնագիտակցության, անձնային որակների վրա: Սա անպայման ազդելու է երեխայի անձի ձեւավորման վրա: Ամենահեշտը երեխաների հոգեբանության վրա ազդելն է, նրանք պարզապես ծիծաղելիության էլեմենտները օգտագործելով՝ անում են այն, ինչ անում են: Այստեղ ամենաքիչը երեխաներն են մեղավոր այդ հարցում, որ նրանց ինչ-ինչ նպատակների համար կերպարանափոխել են: Այստեղ մեղավոր են կազմակերպիչները, մեղավոր են նրանք, ովքեր ուղղորդում են: Սա ուղղակի չենք կարող չկապել վերջին շրջանում ՀՀ տարբեր կետերում տեղի ունեցող նույն կարգի իրավիճակների հետ, նույն տրամաբանությունն է, ուղղակի տարբեր արտահայտություններ են, եւ չգիտենք՝ հաջորդ անգամ որտեղից եւ ինչ դուրս կգա: Գիտեք, ցավոք, այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ մարդիկ խորհուրդներին այդքան էլ աչալուրջ չեն լինում: Ուղղակի սթափության կոչ եմ ուզում անել, մի՛ խառնեք երեխաներին ինչ-որ անհասկանալի երեւույթների մեջ: Պահպանե՛նք մեր երեխաների մեջ ավանդական, ժամանակի ընթացքում թրծված եւ առողջ արժեքները: Եկեք չխաղանք մեր երեխաների հոգեկան առողջության հետ, չխաղանք երեխաների անձի նորմալ բնականոն զարգացման կարեւորագույն խնդրի հետ:

Մենք վկան ենք մարդկային հարաբերությունների ակնհայտ գռեհիկացման. Հոգեբան. Տեսանյութ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА