o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-Ի ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ  ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

21.10.2016 19:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2017-Ի ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ  ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հինգշաբթի Ազգային ժողովը հարուստ էր նշանակալի իրադարձություններով: Նախ` ընդունվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, եւ հետո կառավարությունը խորհրդարան բերեց իր ծրագիրը: Բնականաբար, սկիզբ առավ մրցավազք, որի ընթացքում պատգամավորները եւ հատկապես ընդդիմադիրները ձգտում էին ամբիոնից ի ցույց դնել, թե ինչքան պատրաստված են, գիտակ եւ սրտացավ: ԸՆՏՐՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԶՈ՞Հ
Թեեւ շաբաթվա սկզբից ընդդիմադիրները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ «ծնգլահան» արեցին իրենց կրակոտ քննադատական ելույթներով, սակայն դեմ եւ ձեռնպահ քվեարկեցին հատուկենտ պատգամավորներ: Այսինքն` եղավ ինչպես միշտ: 
Սակայն այս անգամ իշխանությունն ընդառաջ գնաց ընդդիմադիրների քմահաճույքին, եւ որոշվեց, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվելու են. «Ընտրողների ցուցակները սկանավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով եւ չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաեւ ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի»:«Ընտրողների սկանավորված ցուցակները, ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքները սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում եւ ներբեռնելու ու, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում»: 
Եվ այսպես, քիչ էր, որ հանուն իբր թե կեղծիքների բացառման եւ ընտրությունների հանդեպ վստահության բարձրացման համացանցում հրապարակված են բոլորիս տվյալները` տան հասցեով, հիմա էլ ընտրությունների հաջորդ օրը ցանկացած, ինչպես ժողովուրդը կասեր «շունուշանգյալ», ոչ միայն իմանալու է, թե ով է մասնակցել քվեարկությանը, այլեւ ունենալու է քվեարկողների ստորագրության նմուշները: Այսինքն` անձնական տվյալների գաղտնիությունը ամբողջովին զոհաբերվեց ընդդիմադիրների քմահաճույքին: Հանուն նրա, որ, ասենք, Լյովիկ Զուրաբյանը, ում ՀԱԿ կուսակցությունը, ինչպես ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները, ամենավերջին տեղը զբաղեցնելու թիվ մեկ թեկնածուն է, մի փոքր ավելի շատ վստահի ընտրությունների արդյունքներին, հիմա ընտրատեղամաս եկած ցանկացած քաղաքացու ստորագրության նմուշը մատչելի կլինի ցանկացած մարդկանց, ուստի կարող են նաեւ այդ նմուշների օգտագործումով տհաճ անակնկալներ ի հայտ գալ: 
Բայց արդյո՞ք դա թույլ կտա համոզել մեր դատարկախոս եւ անբան ընդդիմադիրներին, որ ընտրությունները անցել են առանց խախտումների: Իհարկե ոչ, ինչպես միշտ նրանք էլի պնդելու են, թե համատարած կեղծիքներ են եղել: Ոչ ոք կարող է չկասկածել, որ անպայման պոզուպոչ կպցնելու են եւ սեփական ցածր տոկոսները բացատրելու են ոչ թե նրանով, որ հենց իրենք պիտանի չեն ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը, այլ «քըխ» ՀՀԿ-ի չարանենգ խարդավանքներով ու աճպարարություններով: 
Ի դեպ, ընտրական օրենսդրության այդ նորամուծությունը պարադոքսալ ձեւով կարող է հարվածել հենց ընդդիմության, հատկապես արեւմտամետ ընդդիմության քվեներին: Բանն այն է, որ հենց արեւմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքացիների, հատկապես երիտասարդների մոտ առկա է բծախնդիր վերաբերմունք սեփական անհատական տվյալների գաղտնիության հանդեպ` այն աստիճանի, որ բավականին բուռն արձագանքում են սեփական ֆեյսբուքյան էջից որեւէ կայքի տարած լուսանկարին, ընդհուպ` դատարան դիմելը: Եվ, ի դեպ, քաղաքացիների հենց այդ կատեգորիայից եղան բազում արձագանքներ սոցիալական ցանցերում, ուր այդ մարդիկ հայտնում էին, որ օրենքի այդպիսի նորմի առկայությամբ չեն էլ ցանկանում մասնակցել ընտրություններին: Արեւմտամետ ընդդիմադիր կուսակցությունների ընտրազանգվածն առանց այդ էլ բավականին սակավ է, իսկ հիմա ընդդիմության այդ քմահաճույքի բավարարման հետեւանքով էլ ավելի կարող է պակասել: 

«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրգործով. դեռեւս 2017-ին խեղաթյուրել են ու կարճել գործը

«ԿԱՆԵՆՔ, 
ԿՏԵՍՆԵՔ...»
Թեեւ ե՛ւ վարչապետի, ե՛ւ կառավարության անդամների համար բավականին ծանր ու ձանձրալի է լսել հույժ խելացի, իսկ բավականին հաճախ առավել քան տխմար ամբիոնային ելույթներն ու հարցադրումները, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետը հավատարիմ մնաց սեփական ոճին: Նա վստահաբար ու շատ լակոնիկ պատասխանում էր բոլոր հարցերին: Անշուշտ, Կարեն Կարապետյանի իմիջի վրա դրական է անդրադառնում այն, որ նա վստահաբար դիմանում է ե՛ւ պատգամավորական, ե՛ւ լրագրողական դաժան «հարցաքննություններին»: 
Իսկ ինչ վերաբերում է ծրագրի կետերին եւ դրանց պարզաբանումներին, ապա խորհրդարանի աշխատանքին հետեւողները լսեցին բազում ականջահաճո բաներ: Կային նաեւ այնպիսի խոստումներ, որոնք առավել համարձակ էին, քան որեւէ ընդդիմադիրի տված խոստումները: Իսկ թերահավատություն արտահայտող պատգամավորներին վարչապետը տվեց լակոնիկ պատասխան. «Կանենք, կտեսնեք»: 
Հարկ է նշել, որ ուշադրության արժանի է այնպիսի նորույթը, ինչպիսին ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն մտցնելն է: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բավականին մանրամասն պարզաբանել է այդ հարցը, եւ պարզ է դառնում, որ պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման չափանիշները խստացվում են, ընդարձակվում են փոխկապակցված անձանց ցուցակները, եւ, խոշոր հաշվով, եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել իր այս կամ այն եկամուտը, ապա սկսվում են ոչ այնքան հաճելի հետեւանքները... Իսկ, որ սպասվում է բավականին անգութ վերաբերմունք` երեւում է թեկուզ այն հանգամանքից, թե ինչպիսի ֆիգուրների Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի քարտ-բլանշով արդեն հրաժեշտ է տվել: Ի դեպ, լրատվական կայքերը լեցուն են տեղեկատվությամբ, թե ինչպես են ձերբակալությունների եւ խուզարկությունների ենթարկվում այս կամ այն «շնաձկան» մերձավորագույն շրջապատի մարդիկ: 

ՌԻՍԿԵՐՆ 
ՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բնականաբար, իշխանության տարբեր օղակներում կադրային փոփոխությունները մեծ թափով շարունակվում են,  շարունակվում են նաեւ նոր մոտեցումները շատ ու շատ հարցերի վերաբերյալ: Կառավարության ամեն մի նիստի վարչապետը տալիս է հանձնարարականներ, որոնք շոշափում են շատ լայն խավերի կենսական շահերը: 
Ի դեպ, մամուլում շշուկներ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է առանձին-առանձին հանդիպել պաշտոնատար անձանց հետ: Դրա առնչությամբ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասել է. «ՀՀ պաշտոնատար անձանց հետ նախագահի հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ դրանք աշխատանքային հանդիպումներ են եւ կրում են պարբերական բնույթ: Միեւնույն ժամանակ, ընթացիկ հարցերից բացի` նման հանդիպումների ընթացքում լինում են նաեւ կոնկրետ խնդիրների քննարկումներ եւ դրանից բխող համապատասխան հանձնարարականներ: Եվ եթե ԶԼՄ-ների եւ հասարակության կողմից կա հետաքրքրություն նման հանդիպումների վերաբերյալ, նաեւ հաշվի առնելով կառավարության կազմում ընդգրկված նոր անդամների հանգամանքը, ապա միգուցե մտածենք առաջիկայում այդ հանդիպումները լուսաբանելու ուղղությամբ»: Այսինքն` նոր պաշտոնյաների պարագայում նաեւ հնարավոր է, որ թափանցիկության աստիճանն աճի: 
Անշուշտ, այսպիսի թափով անցկացվող բարեփոխումները, որոնք վստահաբար կարելի է կոչել «հեղափոխություն վերեւից», իրենց մեջ նաեւ ռիսկեր են պարունակում: Սակայն, ինչպես ասվում է, ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում: 
Իսկ ռիսկերը հետեւյալն են: Նախ` նախընտրական շրջանն ամեն ինչի վրա իր կնիքը դնում է: Ու պարզ է, որ ընտրարշավի տրամաբանությամբ նոր կառավարության ամեն մի վրիպում միանգամից թմբկահարվելու է եւ ծառայեցվելու է հակաքարոզչության նպատակներին: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանում առկա է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, եւ մեր երկիրը դրա հենց կիզակետում է, ապա աճում է նաեւ արտաքին խաղացողների կողմից երկրի ներսում ապակայունացնող քայլեր ձեռնարկելու հավանականությունը: Այդ պայմաններում անշուշտ, ցանկացած ռեֆորմ պարունակում է ռիսկեր:
Սակայն, ինչպես ցույց տվեց փորձը, Սերժ Սարգսյանը սառնասրտորեն եւ գրոսմայստերական ճշգրտությամբ կարողացել է հանգուցալուծել ոչ քիչ թվով վտանգավոր զարգացումներ: Ու թերեւս նա հիմքեր ունի վստահ լինելու, որ կկանխի ապակայունացման փորձերը: Իսկ ինչ վերաբերում է հենց այս շրջանում հեղափոխական բնույթի ռեֆորմներ անցկացնելուն, ապա դրա առավելությունն էլ կա: Նախ` ամեն մի դրական սպասման բավարարում բարձրացնելու է իշխող ՀՀԿ-ի վարկանիշը, առավել եւս, որ դա ուղեկցվում է նաեւ մականունավոր կադրերից ձերբազատվելու բավականին ինտենսիվ գործընթացով: Այսինքն` հնարավորություն է ստեղծվում առաջացնելու դրական էֆեկտի նաեւ ռեզոնանսային աճ: Իսկ ռեզոնանսի բերած պլյուսը հաստատ ավելին է, քան այն, ինչ կորցնում ես` ավանդաբար ձայնահավաքությամբ զբաղվող «ֆեոդալներից» ձերբազատվելով:  
Թերեւս կարելի է արձանագրել, որ տվյալ պարագայում նախընտրական շրջանում անցկացվող բարեփոխումների ռիսկերն արդարացված ռիսկեր են: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017-ին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА