ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ, ԻՍԿ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԹԱԼԱՆՈՒՄ Է ՈՒԶԱԾԻ ՊԵՍ
Տնտեսություն
Թե ինչ հերթեր են այս օրերին Հայաստանում՝ ամենասովորական ձվի համար, արդեն նույնիսկ կարիք չկա հիշեցնել. բոլորիս աչքի առաջ էր: Ինչպես նաեւ կարիք չկա պատմել այն մասին, թե ինչ աստղաբաշխական գներով էին ձուն վաճառում: Կարիք չկա խոսել այն մասին, թե ովքեր Զատկի շեմին ձվի (կանաչին չմոռանանք) հաշվին հսկայական գերշահույթներ գրպանեցին, որ պետական կառույցների թողտվությամբ, կարճ ասած, ինչպես հերթական անգամ թալանեցին այս բազմակի թալանված ժողովրդին: Վերջապես, կարիք չկա խոսել նաեւ այս իրավիճակի բարոյական, ավելի կոնկրետ՝ անբարոյական կողմի մասին. ունեցել ենք հազարներով զոհեր, հարազատները ստիպված են Զատիկը նշել՝ չնայելով ձվի գնին: Նույն անբարոյականությունը, որին ամիսներով բախվում ենք ծաղկի շուկայում. հարազատներն ուզած-չուզած գնում են, իսկ սույն թալանչիները՝ սկսած վերեւներից, վերջացրած՝ ամենաշարքային ծաղիկ աճեցնողով, ուրախությամբ օգտվում է առիթից՝ գրպանները լցնելով:
Չէ, կրկնենք, անգամ այս բազմակի անբարոյականությունը (շատ ավելի հարմար տերմիններ կան, բայց հրապարակման ենթակա չեն) չէ, որ ամենաէականն է: Ըստ իս, կա այս ամենից բխող մեկ էլ ավելի էական հանգամանք: Տեսեք ինչ կատարվեց. ձվի գինը հասցրին 200 դրամի, բայց անգամ դրանից հետո հերթերը չվերացան: Այսինքն, այստեղ այն տարբերակը չէ, ավելի կոնկրետ՝ միայն այն տարբերակը չէ, թե ձուն արտադրողը պահել է, որ գները բարձրացնի ու թանկով վաճառի: Եթե անգամ 200 դրամի դեպքում եւ Զատկի շեմին խանութներում մարդիկ իրար են կոտորում, դա նշանակում է մեկ բան՝ ձու պարզապես չկա: Այսինքն, էլի ինչ-որ պահ արտադրողը ստեղծեց արհեստական դեֆիցիտ՝ գրպանը լցնելու համար: Բայց այն պահին, երբ պետք էր կուտակած ձուն արհեստականորեն գերբարձր լցնել շուկա, եւ լցրեցին, ապա դա չբերեց դեֆիցիտի վերացման: Ինչո՞ւ. հարցի պատասխանը շատ պարզ է՝ այն պետական կառույցը, որը պարտավոր է մտածել, որ անգամ խոշոր աֆյորաների վերջնարդյունքում նման իրավիճակներ չլինեն, եւ այն ավելի բարձր կառույցները, որոնք պետք է վերահսկեն ստորադասին, հերթական անգամ ցույց տվեցին, որ ոչ թե միայն անընդունակ են, այլ որեւէ ցանկություն չունեն իրենց գործն անել: Ցանկության բացակայության մասին ենք վստահաբար խոսում, հաշվի առնելով հիշատակված ծաղկի շուկայի օրինակը. ամիսներով տիրում է բառացիորեն թալանչիական եւ անբարո (այն ավելի կոպիտ բառերը չմոռանանք) վարքագիծ, ու որեւէ վերին չինովնիկ անգամ մտահոգություն չի հայտնել, թե՝ տարանք էսքան երեխուն կոտորեցինք, հիմա գոնե մի բան անեք, որ նրա ծնողներին ամեն Աստծո օր չթալանեն: Օրինակ, իրեն պետք եղած դեպքում ճանճի ամեն տզզոցից լայվեր մտնող Նիկոլը քանի՞ անգամ խոսեց, թե՝ քառակի-հնգակի թանկ գնով մեխակ վաճառելը սրիկայություն է. ոչ մի: Իսկ ահա ձվի շուկան եկավ ապացուցելու ամենավտանգավորը, որ պետություն կոչվածը պարզապես ի զորու չէ ամենատարրական, մարդկանց համար ամենակենսական հարցերը լուծել, որ, օրինակ, ամեն մի առաջնային ապրանքատեսակ կարող է նույն վիճակին հասնել: Այդ թվում, եթե վաղը հացի համար նման հերթեր առաջանան, չզարմանաք: Անհավանակա՞ն է թվում: Իսկ անհավանական չէ՞ր, որ 200 դրամով ձու ճարել հնարավոր չէր: Իսկ սրանից այն կողմ արդեն այն անդունդն է, որից դուրս գալը պարզապես անհնար կլինի:
Ինչ վերաբերում է Հայաստանում արձանագրվող թանկացումներին, ապա դրանք անգամ աշխարհի մասշտաբով են ռեկորդային: Այդ է վկայում մինչեւ իսկ մեր պաշտոնական վիճակագրությունը: Նախ ֆիքսենք, որ եթե վերջին երեք ամիսներին, այսինքն՝ դեկտեմբերի համեմատ մարտի դրությամբ Հայաստանում սպառողական գներն աճել են 3.8, ապա «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ուղղությամբ թանկացումները 6.1 տոկոս է: Այսինքն, հիմնականում թանկանում են առաջնային անհրաժեշտության ապրանքները, այն ապրանքները, որոնք մարդիկ պարզապես ստիպված են գնել՝ գոնե սովամահ չլինելու համար: Այդ թվում՝ անցած տարվա մարտի համեմատ միրգը թանկացել է մոտ 11 տոկոսով, յուղերը եւ ճարպերը՝ մոտ 25, (արեւածաղկի բուսական յուղ՝ 62.2%): Շաքարավազը թանկացել է մոտ 41 տոկոսով: «Կաթնամթերք, պանիր եւ ձու» ապրանքախմբում ընդհանուր գնաճը 16.5 տոկոս է: «Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների» ապրանքախմբում անցած մարտի համեմատ թանկացումը մոտ 10 տոկոս է: Ամենակարեւոր ապրանքախմբերից մեկում՝ «Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի» մոտ գնաճը 9.4 տոկոս է, այդ թվում՝ հացը եւ ալյուրը համապատասխանաբար թանկացել են 8.6% եւ 14.4%, եւ այսպես շարունակ: Ընդ որում, բացատրությունը, թե պատճառը դոլարի թանկանալն է, անլուրջ է. նույն ժամանակահատվածում, համաձայն վիճակագիրների, դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքն ավելացել է 7.9 տոկոսով, որը պետք է բերեր ներմուծվող ապրանքների ընդամենը 4-5 տոկոս թանկացման: Մինչդեռ ունենք մի շարք ապրանքների կրկնակի, մինչեւ հնգապատիկ եւ տասնապատիկ թանկացում, ինչը բացատրվում է միայն ամենասովորական թալանով: Մյուս կողմից էլ ֆիքսենք նաեւ, որ աշխարհում գրեթե նման թանկացում չկա. ¥տե՛ս աղյուսակը՝ վիճակագրական վերջին տվյալներով¤: Այսպես, եթե փետրվարին՝ դեկտեմբերի համեմատ ունեցել ենք 2.8 տոկոս գնաճ, ապա ԵՏՄ-ում այդ ցուցանիշը 1.6 տոկոս է, ԵՄ-ում՝ 0.5 եւ այլն: Սա եւս հիմնավորում է, որ պետությունն անտերության է մատնված, իսկ օլիգարխիան թալանում է ուզածի պես:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ