Հայաստանը քաղաքացիական պատերազմի` կատարված փաստ դառնալու շեմի՞ն է
Թավշյա տեռոր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «17»-ի մամուլի ասուլիսին հայտնեց, որ ունեն հստակ տեղեկություն, որ 17 կուսակցությունների գործողությունների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է տրվել իշխանության կողմից։ Նա նշեց, որ ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն:
Իվետա Տոնոյանը կոչ արեց իշխանությանը դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք: «Ժողովրդին մեկը մյուսի դեմ հանելու գործում Նիկոլ Փաշինյանը չունի հավասար մրցակից, նրան կարելի է Նոբելյան մրցանակ տալ դրա համար»,-ասաց նա:
Եթե դատենք իշխանական «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից տարածվող շինծու տեսանյութերից, ուր զինված անձինք իբր առաջնագծից հայտարարում են, որ գալու են Երևան և Նիկոլի հրաժարականը պահանջող ցուցարարներին գնդակահարեն, ապա ստանում ենք քաղաքացիական պատերազմի` կատարված փաստ դառնալու շատ ռեալ սպառնալիք, ընդ որում` միգուցե նույնիսկ այսօր կամ վաղը: Ընդ որում, դրա մատուցումը հավանաբար կլինի որպես զինված բախում ռազմաճակատից եկած և գազազած «հայրենիքի պաշտպանների» և «դավադիր հեղաշրջում անող» ընդդիմադիրների միջև: