Դա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա Ալավերդյան
Ներքաղաքական«Արմաս» գինու գործարանում Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է չորս տասնյակից ավելի կին գործարար: Հիշեցնենք, որ Ա. Հակոբյանն առաջարկել էր գործարար տիկնանց 1 միլիոն դրամ վճարել` իր հետ ընթրելու համար, իսկ հավաքված գումարները ուղղվելու էր մարզերի սկսնակ գործարար կանանց: Սա, ըստ Ա. Հակոբյանի, նոր մշակույթ է մեր իրականությունում: Սակայն, պարզվում է` գործարար տիկնայք ոչ միայն «մուծվել են», այլ նաեւ սիրտ ունեին պարելու Ա. Հակոբյանի հետ, որի տեսանյութերն ու նկարները ողողել է համացանցը: Անդրադառնալով վերոնշյալին` ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ասաց, որ տեղի ունեցածը դժբախտ կանանց ցուցադրություն էր:
— Նրանք դժբախտ են այն պատճառով, որ գիտեն, թե ինչ են անում: Այնտեղ եղել է 44 կին: Եվ նրանք ցույց են տալիս, որ նշել են թուրք-ադրբեջանական ցեղասպանական վարչախմբի հաղթանակը հայ ազգի նկատմամբ: Ես համոզված եմ, որ դա դրված էր որպես նպատակ եւ պետք է ցույց տար, որ իրենք ամեն օրը նշում են այդ ձեւով: Ես դիմում եմ այդ կանանց, ուզում եմ, որ դուք մտածեք ձեր երեխաների ապագայի մասին, որ դուք՝ ծնողներդ, մտածեք, որ ձեր երեխաներին ի կեր չտաք թուրք-ադրբեջանական ցեղասպաններին եւ նրանց սպասարկող վարչակազմին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=281371&l=am/