o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուսիեն Զաքարյանի տունը ցեցերից ու բորբոսից այսօր վերջապես կվերածվի թանգարանի

01.06.2019 15:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լուսիեն Զաքարյանի տունը ցեցերից ու բորբոսից այսօր վերջապես կվերածվի թանգարանի

Այսօր հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է, որի առթիվ, այսօր Լուսինե Զաքարյանի եւ ամուսնու` հոգեւոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանի բնակարանը, որտեղ նրանք երկար տարիներ ապրել ու ստեղծագործել են, վերջապես ցեցերից ու բորբոսից կվերածվի կոկիկ թանգարանի: Թանգարանի բացման արարողությունը տեղի կունենա այսօր Եզնիկ Կողբացի 49 հասցեում:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Անվանի արվեստագետ ամուսինների մահից հետո նրանց բնակարանը պատկանում էր Խ. Պալյանի զարմիկներին, որոնք տարիներ շարունակ ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս` բնակարանը թանգարանի վերածելու հարցում: Դա միայն հաջողվեց ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին, ում շնորհիվ Պալյանի զարմիկները համաձայնեցին եւ տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները սկսվեցին 2016 թվականից: Նույնիսկ անցյալ տարի, մինչ իշխանափոխությունը Ա. Ամիրյանը հստակ ժամկետներ էր ներկայացրել, որ թանգարանը կբացվի Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը՝ հունիսի 1-ին: Բայց, փաստորեն երկրում ստեղծված իրավիճակը թանգարանի բացումը հետաձգեց մեկ տարով ու թերեւս նախկին իշխանություններն այսօր պաշտոնում չեն, բայց մնացին իրենց խոստմանը հավատարիմ:

Ի դեպ, նախկիններին մերժելուց հետո իշխանության եկած մշակույթի պատասխանատուները, ոչ Լիլիթ Մակունցը, ոչ առավելեւս Նազենի Ղարիբյանը այնքան անտեղյակ էին տուն-թանգարանից ու նույնիսկ Լուսինե Զաքարյանից, որ ամեն անգամ «Իրավունքի» հարցումներին ի պատասխան տալիս էին անհեթեթ պատասխաններ:

Այնուամենայնվի, տուն-թանգարանն արդեն իրականություն է  ու այն բնակարանը, որտեղ անվանի արվեստագետները ապրել են 1968-2007 թթ. տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունը, իրագործեց նրա եղբորորդի դոկտոր Րաֆֆի Պալյանը,  ում ֆինանսավորմամբ  2018թ. իրականացվեց վերանորոգման աշխատանքները: 2019թ-ին Վեհափառ Հայրապետ Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվեցին ցուցադրական աշխատանքները: Ցուցադրության համադրման և ձևավորման աշխատանքները իրականացվեցին «Քվադրում » Ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբ:

Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես նրանց կենդանության օրոք էր: Այստեղ ներկայացված մասունքները պատմում են  նրանց մշակութային հագեցած կյանքի, ստեղծագործական հարուստ ուղու մասին:  Ներկայացված են հայ մեծագույն սոպրանո Լ. Զաքարյանի և գրաբարի բացառիկ մասնագետ ու շարականագետ Խ. Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ, որոնք այցելուին կպատմեն նախորդ դարի 2-րդ կեսի այս խոշորագույն մտավորականների մասին՝ նրանց անգնահատելի դերը հայ հոգևոր երաժշտության պահպանման ու տարածման գործում:

Թանգարանի հավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման և այլ աշխատանքներում աջակցություն են ցուցաբերել Կոմիտաս թանգարան-ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Հայաստանի ազգային ախիվը Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Տուն-թանգարանի կազմակերպման աշխատանքներում  մեծ է Րաֆֆի Պալյանի կրտսեր դստեր՝ Ալեյնա-Մարալ Պալյանի դերը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА