o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԻՏԻ ՍԻՐԵՆՔ  ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՈՉ ԹԵ ԿԵՆԱՑԻ ՏԵՍՔՈՎ,  ԱՅԼ` ՄԵՐ ՀՈԳՈՒՄ»

20.05.2016 19:49 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՊԻՏԻ ՍԻՐԵՆՔ  ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՈՉ ԹԵ ԿԵՆԱՑԻ ՏԵՍՔՈՎ,  ԱՅԼ` ՄԵՐ ՀՈԳՈՒՄ»


Նորություն չէ, որ Հայաստանում հագուստի ինդուստրիա չկա, բայց նկարիչ-դիզայներ ՆՈՒՌԻ` Արման Դավթյանի կարծիքով կգա ժամանակը, որ մենք էլ կունենանք այդ հնարավորությունը:-Իսկապես չունենք հագուստի ինդուստրիա, որը թույլ կտար հայ դիզայներներին ստեղծել` «Պատրաստված է Հայաստանում» հայկական պիտակով հավաքածուներ եւ կվաճառվեր ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում: Բայց երեւի թե կգա ժամանակ, երբ մենք էլ կունենանք այդ հնարավորությունը:
- Այսինքն` հիմա մենք հնարավորություն չունե՞նք ասելու` ո՛չ թուրքական ապրանքին:
- Ինչո՞ւ ոչ, ունենք, այս աշխարհում ապրանքների միակ ընտրությունը թուրքականը չէ, մենք ունենք եվրոպական, չինական ապրանքներից, ի վերջո, նաեւ հայկական դիզայներներից օգտվելու հնարավորություն, որոնց կարելի է ավելի հաճախ դիմել: Երեւի թե, մենք` գնորդներս ենք մեղավոր. եթե ավելի հաճախ դիմենք հայ դիզայներներին, ապա նրանք էլ, ավելի հաճախ կստեղծագործեն ու կունենան հնարավորություն, զարգացնել նաեւ հայկական ինդուստրիան: Որպեսզի այն զարգանա, ապա ազգը պետք է խնդիրը վերցնի իր վրա եւ լինելով ազգասեր` առաջնորդվի` սիրենք մեզ` գնենք` տեղական արտադրանքը: Նույն սկզբունքով, եթե սիրենք մեզ` կերգենք ոչ թե թուրքամետ, այլ հայամետ երաժշտություն, կզարգացնենք մերը: Պարենք հայկական երաժշտության տակ` իմանանք յարխուշտա, քոչարի պարել, եւ ոչ թե յուրաքանչյուրը ոտքը մի կողմ տանի եւ միայն երգի վերջում նոր մտնի ռիթմի մեջ: Դրա համար դպրոցներում պիտի ունենանք ազգագրական երաժշտության եւ պարի պարտադիր դասեր, այդ դեպքում չենք ասի, բա հարսանիքների ժամանակ ի՞նչ լսենք... Իսկ մենք ստիպված լսում ենք թուրքամետ երաժշտություն, որովհետեւ կարողանում ենք պարել այդ երաժշտության տակ: Բայց եթե կարողանանք պարել իսկական ազգագրական երաժշտության տակ, ապա կուզենանք, որ հնչի հայկականը: Ամեն ինչը մեր ձեռքերում է, պիտի կերտենք հայկական իրականություն եւ ոչ թե պահանջենք, որ ինչ-որ մի տեղից կերտվի:

«Կինը եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում». այսօր Վահան Թոթովենցի ծննդյան օրն է

«ՄԵՆՔ ԲԵՌԼԻՆՈՒՄ` ՌԱՅԽՍՏԱԳԻ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԱԾ ԱԶԳ ԵՆՔ»
-Բայց փաստենք` ապրիլի սկզբին ռազմի դաշտ մեկնելուց առաջ մեր տղաները ռազմապարով էին գնում:
- Այո, մենք Բեռլինում` Ռայխստագի պատերի տակ Քոչարի պարած ազգ ենք, չի կարելի դա մոռանալ: Կոմիտասը մեզ տվել է հայկական երաժշտության տարրերը, Մեսրոպ Մաշտոցն էլ` հայկական տառերը, այբուբենը. իսկ անտեսել դա, օգտագործելով հարեւանինը, շատ վատ է: Ասածս վերաբերում է արվեստի բոլոր ճյուղերին:

«ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԵՂԾՎԵԼ ԲԱՑԱՍԱԿԱՆԻ ՎՐԱ ԵՎ ՔԱՐՈԶԵԼ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ»
-Նուռ, ժամանակակից հերոսների համար ստեղծագործելուց զատ, վաղուց ստեղծագործում եք նաեւ պատմության հերոսների համար` Նժդեհ, Գրիգոր Լուսավորիչ, Արտաշես թագավոր... 
- Մարդու յուրահատկությունն այն է, որ պատմության մեջ թողնում է անմար էջեր: Ժամանակ առ ժամանակ ծնվում են մարդիկ, դառնում են էջեր, որոնք «թերթում ես», որպեսզի տվյալ դարաշրջանը եւ դեմքերին հասկանաս, որոնք էլ, հուրախություն մեզ, մեր զարգացման, պրոգրեսի, էվոլյուցիայի գլխավոր աստիճաններն են, որոնց վրա հիմնվելով` բարձրանում ենք վեր: Անդրադառնալով այս բոլոր կերպարներին` կոչ եմ անում, որ յուրաքանչյուր հայ նրանց նման ձգտի դառնալ այդպիսի «աստիճան», ոչ թե սոթլիկ մի դիք, որից կարող է  մարդկությունը հետ գնալ:
- Օրինակ` Արտաշես թագավորի կնոջ` Սաթենիկի հավաքածուն, որը հիմնականում ռազմական թեմաների մեջ է, եւ ասացիք, որ պիտի դեռ համալրվի, ստեղծվել է քառօրյա պատերազմից հետո՞, թե...
- Առհասարակ, չեմ անդրադառնում բացասական թեմաներին, այսինքն` արվեստի մեջ պատերազմի թեման փորձում եմ չցուցադրել: Անգամ եթե տվյալ անձը հայտնի է դարձել այդ թեմայի մեջ ու դրանով հիշվել, ապա փորձում եմ կերտել իր խաղաղասեր գործունեությունը եւ լուսավոր ապագան: Այդ թեմայի մեջ հերոսներս են Գարեգին Նժդեհը, Ավրորան, որոնց դիտարկել եմ` մարդիկ, որոնք կարողացել են պայքարել դեպի խաղաղություն, դեպի ազգային գիտակցություն եւ հասցրել մարդկությանը այն խոսքը, թե ով ենք մենք եւ ինչի համար ենք պայքարում: Արվեստը չի կարող ստեղծվել բացասականի վրա եւ քարոզել բացասականը, քանի որ բուն իմաստը մարդկությանը հույս, լույս տալն է: Անցյալին անդրադարձը մեծ պատասխանատվություն է եւ մեծագույն հաճույք, որովհետեւ, երբ դիտարկում ես Ֆրիդա Կալոյին, Լեոնարդո դա Վինչիին կամ Վարդան Մամիկոնյանին եւ փորձում քո տարբերակով ներկայացնել, այդ աշխատանքի ընթացքը մեծ հաճույք է պատճառում եւ երեւի թե ոչ մի բանի հետ համեմատելի չէ:
- Քառօրյա պատերազմում նահատակված հերոսներին անդրադարձ կլինի՞ Ձեր արվեստում:
- Անշուշտ, մարդիկ, որոնք իրենց կյանքով եւ արյունով պաշտպանեցին երկիրը, արժանի են արվեստի տարբեր արտահայտումների ու անդրադարձների, բայց` ոչ այսօր, վերքը դեռ թարմ է, եւ ցանկացած անդրադարձ ուղղակի ցավ է պատճառում ե՛ւ մեզ, ե՛ւ այդ հերոսների հարազատներին: Երեւի թե, պետք է մի քիչ ժամանակ անցնի, որովհետեւ ցավի միջոցով դժվար է ստեղծագործելը:

«ԵՍ ՄԻՇՏ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ՀԻՄԱ»
-Ցանկացած երկրում ապրելու, ավելի լավ պայմաններում աշխատելու ու ստեղծագործելու հնարավորություն ունեք, սակայն Հայաստանում եք:
- Ես միշտ եմ Հայաստանում լինելու եւ հատկապես հիմա: Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի եւ մեր սահմաններին վտանգ սպառնա, ապա կլինեմ այնտեղ: Հարցը հայրենասիրությունը չէ, ինձ համարում եմ երկրագնդի մարդ` ազատ, կոսմոպոլիտ, տոլերանտ մարդ, որն ընկալում է ցանկացած հավատք, ցանկացած ազգ եւ սիրում է ցանկացած բնություն: Բայց միշտ այսպիսի համեմատություն եմ անում. երբ մի հողում ծիլ տված ծառը, որն ապրել է իր նախնիներով եւ իր տեսակն է ձեւավորել, արմատախիլ անել ու տնկել ուրիշ հողում, կա՛մ կչորանա, կա՛մ այլ կերպ` համը փոխված բերք կտա, կա՛մ առհասարակ բերքատու չի լինի: Ես դրսում ապրել եմ, սովորել, եւ իմ փորձը ցույց է տվել, որ չեմ կարողանում ստեղծագործել դրսում: Երեւի թե, ինձ իմ հողն է սնուցում, որպեսզի ստեղծագործական միտքս ճիշտ աշխատի, կամ էլ` գուցե կարոտն է խանգարում եւ սկսում ինձ միջից ուտել: Էլի եմ ասում, Աստված մի արասցե, եթե սկսվի պատերազմ, առաջիններից մեկը կլինեմ, որ կգնամ իմ հողը պաշտպանելու, այն հողը, որն ինձ սնուցում է, որ ստեղծագործեմ: Պիտի սիրենք մեր երկիրը ոչ թե կենացի տեսքով, այլ` մեր հոգում եւ սրտում: Ինձ համար երկիրը սիրելու չափանիշներ կան` շատ պարզ առօրյա չափանիշներից մինչեւ սովորական արարքները, որոնք շաղկապված են իրար: Այն մարդը, որը աղբ է նետում փողոցում, չի կարող իր երկրի նկատմամբ լավ վերաբերվել, եւ ինչ կենաց ու խոսքեր էլ նա ասի, հավատալի չէ: Վերջերս Աֆրիկայում էի, որտեղ քաղաքում չկար ասֆալտ, հողափողոց քաղաք էր, եւ դրա հետ մեկտեղ, մի չոփ անգամ չէիր գտնի այդ ցեխի եւ հողի մեջ: Մի տեղացի անտուն մարդ` ձեռքին բարդաններ, գնում էր փողոցով եւ տեսնելով, որ աղբադույլի կողքին ընկած աղբ կա, իր բարդանները դրեց, աղբը գցեց աղբադույլի մեջ, նոր շարունակեց իր ճանապարհը, դա ինձ համար խորհրդանշական է` այդ ազգը սիրում է իր հողը, եւ այդ սերը իրական է` սրտից: Կուզեի, որ մենք էլ կարողանանք մեր հողն այդքան սիրեք:

«Վաղը կունենանք այն երկիրը, որը կերտելու է մեր սերունդը»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА