ԱՅԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԲԽՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ներքաղաքական
Սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում: Թեեւ նախապես հայտարարված էր, որ հանդիպումը լինելու է այսօր, սակայն երեկ հայտնի դարձավ, որ այն տեղի կունենա մինչեւ ամսվա վերջ՝ կոնկրետ օրը դեռ ճշտվում է: Իսկ հանդիպման օրակարգում էլ, ինչպես տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից. «Ընդգծված չէ որեւէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»:
Սակայն Գրիգորյանի գրասենյակի մեկնաբանությունը հարցեր է առաջացնում: Եթե, այնուամենայնիվ, «տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում» լինելու է, ուրեմն ի՞նչ պետք է դրա տակ հասկանալ, որ բացվելու է ոչ թե մեկ, այլ՝ բոլո՞ր ճանապարհները, ու այլեւս խոսելու բան չկա: Չնայած, սա կարելի է հասկանալ: Բանն այն է, որ Ալիեւը հիմնական շեշտադրումը շարունակում է կատարել Մեղրիի ճանապարհի վրա, եւ այս փաստը լուրջ մտահոգություններ է առաջ բերել Հայաստանում: Հերթական աղմուկը շրջանցելու համար էլ, կարծես թե, դիմել են «ստանդատ» մեթոդին, թե՝ «կոնկրետ բան չկա»: Բայց չէ՞ որ պարտավորվել եք՝ մինչեւ մարտի 1-ը, այսինքն՝ մեկ ամսից հստակ ծրագիր ներկայացնել: Ու հիմա ի՞նչ, «կոնկրետ բան չկա» մինչեւ այն պահը, երբ նորից ինչ-որ թուղթ կստորագրեն եւ ողջ երկրին կկանգնեցնեն փաստի առա՞ջ:
ՀԵՐԹԱԿԱՆ ՖԵՅՔ ՕՐԱԿԱՐԳԸ
Ինչեւէ, տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման, անվտանգության եւ սպասվող օրակարգի հետ կապված մեկնաբությունների համար դիմեցինք ԱՀ նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ.
– Այս հանդիպումը ներկա իշխանությունների հերթական ֆեյք օրակարգն է` նպատակ ունենալով շեղել հանրության ուշադրությունը կարեւորագույն խնդիրներից: Ավելին` այդ հանդիպման օրակարգն առավելապես բխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից, քանի որ հիմնական նպատակը Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան ճանապարհի գործարկումն է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխելուն, ապա դա ընդամենը մտացածին երեւակայության արգասիք է, ինչպես նաեւ` ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց: Ընդամենը նախօրեին Վրաստանի տարածքով անցնող մեր տասնյակ բեռնատարները Վրաստանում ապրող ադրբեջանցիները ջադուփշուր են արել: Սակայն, անգամ այս դեպքի հետ կապված, որեւէ պաշտոնակսն արձագանք ո՛չ իշխանությունների, ո՛չ կառավարության կողմից չտեսանք: Այնինչ պետք էր հրատապ կարգով հանդիպում կազմկերպվեր ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ, եւ հարցը խստագույնս դրվեր: Փոխանակ դա անեն, գնում են Մոսկվա՝ ադրբեջանցիների հետ միջկառավարական նիստ գումարելու` հայկական բեռները ՌԴ տեղափոխելու հետ կապված: Սա ցինիզմի գագաթնակետն է: Երբ քո երկրում առկա է տասնյակ հազարավոր փախստականների հարցը, տնտեսական, առողջապահական, սոցիալական կոլապս, ներկա իշխանությունները շարունակում են հանրությանը կերակրել նման կեղծ օրակարգերով: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրենք ունակ չեն լուրջ խնդիրներ կարգավորել, նրանց նպատակը մեկն է` արդարացնել իրենց պարտությունը, ի ցույց դնելով, թե մտահոգված են ժողովրդի հոգսերով: Հեռու չգնամ, բերեմ երկու օրինակ 2021 թվականի հաստատված բյուջեից: 17 միլիարդ դրամով ավելացել է ոստիկանության բյուջեն, իսկ ահա ՊՆ բյուջեն նման խայտառակ պարտությունից հետո ավելացել է ընդամենը 3,4 միլիարդով: Այսինքն` փոխանակ երկրի պաշտպանության բյուջեն ավելացնեն, ավելացնում են ոստիկանության բյուջեն, որը մեծապես ապահովում է վարչապետի, նրա ընտանիքի եւ իր թիմի, ինչպես նաեւ ԱԺ նախագահի եւ իր պատգամավորների անվտանգությունը: Առանց այն էլ, վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում, որ երկիրը դարձել է ոստիկանական պետություն: Ոստիկանությունը եւ իրավապահ համակարգն ամբողջությամբ զբաղված է ընդդիմադիր գործիչների հանդեպ շինծու գործեր հարուցելով եւ քաղաքական գործիչներին ապօրինի բերման ենթարկելով՝ նպատակ ունենենալով երկարաձգել կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրած իշխող թիմի պաշտոնավարումը, որի յուրաքանչյուր օրը հղի է նոր կորուստներով:
ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ, ԴԱ ԴԱՍԱԿԱՆ ԽՈՒՆՏԱՅԻ ՕՐԻՆԱԿ Է
– Սակայն իրողությունն այն է, որ թեեւ կա Փաշինյանի հրաժարականի զանգվածային պահանջ, սակայն նա դեռ իր տեղում է:
– Մենք մեկ բան պետք է հասկանանք, որ այս խայտառակ պարտությունից հետո երկրում իշխանափոխություն պետք է պահանջի ժողովուրդը. այլ երկրից չեն գալու, որ մեր տեղը աշխատեն, առավելեւս՝ իշխանափոխություն անեն: Ուրիշ երկրից արդեն 2,5 տարի առաջ իշխանափոխություն արեցին: Պատահական չէ, որ շատ քաղաքական եւ հասարակական վերլուծաբաններ իշխող ուժին անվանում են խունտա: Գուցե ալեգորիկ արտահայտություն են մեջ բերում, բայց ես ուզում եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք, դա դասական խունտայի օրինակ է: Խունտան այն փոքրաթիվ ուժն է, որը դրսի գերտերությունների միջոցով զավթում է իշխանությունը եւ կատարում է իրեն ֆինանսավորողների հրամանները: Ինչին էլ այսօր ականատես ենք լինում մեր երկրում:
Զրույցը`
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ