ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՔԱՅԼԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

01.11.2016 20:10 Հրապարակումներ
«ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՔԱՅԼԵՐ,  ՈՐՈՆՔ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»


Սույն թվականի հոկտեմբերի 28-ին ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հանդես եկավ մոսկովյան «Վեստի» FM ռադիոկայանով` շուրջ մեկժամանոց հարցազրույցով, որն ունի շուրջ 3 մլն-ից ավելի ունկնդիրներ: Նրան հյուրընկալել էր հայտնի լրագրող եւ քաղաքագետ Սերգեյ Միխեեվը: Հ. Բաբուխանյանը անդրադարձավ ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթաժողովին, մասնավորապես` կարեւորելով ԼՂՀ-ի վերաբերյալ հայտարարությունը, որտեղ շեշտադրվում է խնդրի խաղաղ լուծման պահանջը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Նա նշեց, որ Հայաստանը ակտիվ դերակատարում է ստանձնել ՀԱՊԿ-ում, քանի որ ՀՀ-ի անվտանգությունը խարսխված է այդ ռազմական դաշինքի վրա: Մյուս կողմից, իր հերթին, Հայաստանն իր ամբողջ ներուժը ներդնում է իր դաշնակիցների անվտանգության համար եւ այդ առումով հանդիսանում է վստահելի դաշնակից: Հ. Բաբուխանյանն ընդգծեց, որ Հայաստանը այն տասը պետություններից մեկն է, որն աջակցեց Ռուսաստանին ՄԱԿ-ում` Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ, քանի որ Հայաստանի համար ազգերի ինքնորոշման իրավունքն ունի առաջնային նշանակություն:
Պատասխանելով Միխեեվի` Սիրիայի մասին հարցին, ՍԻՄ նախագահը նշեց, որ սիրիահայությունը դա 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են, որոնք կրկին անգամ ենթարկվում են ցեղասպանության եւ կրկին անգամ այդ արյունոտ գործին մասնակից է Թուրքիան: Հ. Բաբուխանյանը անդրադարձավ Թուրքիայի քաղաքականությանը ոչ միայն Սիրիայի թեմայով, այլ ընդհանրապես տարածաշրջանում: Նա նշեց, որ Թուրքիան վարում է ագրեսիվ քաղաքականություն իր հարեւանների նկատմամբ, եւ հիշեցրեց, որ 23 տարի է, ինչ Թուրքիան շրջափակել է Հայաստանի սահմանները: Հռետորն ընդգծեց, որ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը դուրս է գալիս նաեւ տարածաշրջանից եւ հասնում է անգամ Ղրիմ, Միջին Ասիա ու Չինաստան: 
Խոսելով Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակման մասին` Հ. Բաբուխանյանը նշեց, որ այդ սահմանով չեն անցնում անգամ մարդասիրական բեռները, իսկ այն, որ մինչ օրս ամբողջությամբ չի վերականգնված Սպիտակի երկրաշարժի գոտին, նույնպես Թուրքիայի կողմից երկաթգծի փակ պահելու հետեւանքն է: Նա նշեց, որ այդ շրջափակումը, ընդհանուր առմամբ, շատ բացասական է ազդում ՀՀ-ի տնտեսության վրա:
Մյուս կողմից` իր բացասական դերն ունի նաեւ աբխազական երկաթգծի փակ լինելը եւ այն բացելու ցանկացած փորձ կտրուկ  դիմադրություն է ստանում Թուրքիայի կողմից, քանի որ Թուրքիային եւ նրա ղեկավար ԱՄՆ-ին պետք է, որ զարգանա արեւմուտք-արեւելք ուղղությունը, իսկ հյուսիս-հարավ ուղղությունը նրանց խանգարում է. «Սակայն մի բան պարզ է, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պետք է լինի երկաթգծային կապ: Դա ե՛ւ տնտեսության, ե՛ւ անվտանգության պահանջ է: Ճիշտ կլիներ, որ աբխազական երկաթգծի հարցը դուրս հանվեր վրաց-աբխազական կոնֆլիկտի փակագծերից: Այդ դեպքում կշահեին բոլորը: Սակայն, եթե դա չի հաջողվում, պետք է մտածել այլ ճանապարհ կառուցելու մասին»: 
Պատասխանելով Միխեեվի այն հարցին, թե ինչպիսին է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը հուլիսյան հայտնի դեպքերից հետո, ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ ներքաղաքական վիճակը կայուն է եւ կանխատեսելի: Նորաստեղծ կառավարության առաջ երկրի նախագահի կողմից դրված է խնդիր` բարելավել իշխանության պատկերը, ստանալ ժողովրդի վստահությունը. «Նոր կառավարությունը արդեն իսկ կատարել է քայլեր, որոնք ավելացնում են ժողովրդի վստահությունն իշխանության հանդեպ, եւ դա նույնպես իր հերթին ավելացնում է երկրի ներսում կայունությունը»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջությամբ դիտեք iravunk.com կայքի տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА