Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան
ՀանդիպումԼրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին նախանշված երդմնակալության արարողությանը, ինչը վերահաստատեց նաեւ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսի ժամանակ: Անդրադառնալով այս թեմային` «Իրավունք»-ը զրուցել է «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ, քաղաքագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ Ըստ Հակոբյանի, Հայաստանի պաշտոնական քաղաքական կուրսը փոխվել է 2018թ.-ից:
«Իշխանափոխությունից հետո, չնայած այն բազում հավաստիացումներին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, մի շարք քայլեր ակնհայտ են դարձնում, որ ՀՀ-ի պաշտոնական կուրսը փոխվել է։ Այստեղ ի նկատի ունեմ հակառուսական «հարձակումները»՝ «Հարավկովկասյան երկաթուղի», Խաչատուրովի գործ, ՀԱՊԿ եւ այլն»,- ասաց Հակոբյանը
Զրուցակցի խոսքով՝ ՀՀ-ում պատասխանատու պաշտոնների եկան մարդիկ, որոնք իրենց բնույթով արեւմտամետ էին։
«Սկզբի տարիներին փորձում էին, այսպես ասած, մանեւրել, թե ընդհանուր կուրսը չի փոխվել, իսկ 2020թ.-ի ողբերգական պատերազմից հետո եւ 2021թ.-ից այնքան ծանր էր իրավիճակը, որ այդ ամենը չէր երեւում։ Այժմ կարելի է ասել թվացյալ ստաբիլություն կա, եւ արդեն այդ ամենը պարզ երեւում է։ Հայաստանի քաղաքական կուրսը դեպի Արեւմուտք է, սա արդեն ժխտել չենք կարող։ Հենց այս լույսի ներքո պետք է նայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ներկա չգտնվելը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելը»,- ընդգծեց Հակոբյանը
Մհեր Հակոբյանի գնահատմամբ` եթե արեւմտյան այս ուղղվածությունը շարունակվի, չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական բախումները:
«Մի կողմից այս պահին Արեւմուտքը ռազմաքաղաքական առումով ուժեղ է եւ, ընդհանուր առմամբ` արժեքաբանական համակարգով էլ ավելի առաջադեմ եւ ավելի է համապատասխանում մեր առաջնահերթություններին, բայց մյուս կողմից էլ սա Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Բացառված չէ, որ կսկսվի Արեւմուտք-Ռուսաստան մեծ առեւտուրը` Ուկրաինայի կոնֆլիկտի ավարտից հետո, իսկ Ուկրաինայի կոնֆլիկտի ավարտը մոտենում է։ Այս պարագայում բացառված չէ, որ Արեւմուտքը մեզ զիջի Ռուսաստանին` Ուկրաինայում կամ այլ ճակատներում ինչ-որ բան ստանալու փոխարեն։ Ռուսաստանը ատամներով է կառչել այս դիրքերից եւ թույլ չի տալու, որպեսզի իրեն դուրս մղեն»,- եզրափակելով խոսքը` շեշտեց մեր զրուցակիցը:
ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=282961&l=am/