Բոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. Քեռյան
Ներքաղաքական
Տավուշյան սահմանագծումը կատարվել է այնպես, որ Ադրբեջանի սահմանները շատ են մոտենում հայկական գյուղերին, եւ երեք գյուղերի բնակիչները (Կիրանց, Բերքաբեր եւ Բաղանիս) շատ մտահոգված են, քանի որ կարող է կենսապայմանների առումով խնդրահարույց իրավիճակներ առաջանան։ Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ:
— Սահմանագծումից հետո այլեւս այդ գյուղերը կենսունակ չեն կարող լինել բնակչությանն այնտեղ պահելու համար, կամ գյուղի բնակչությունը կարող է հեռանալ, քանի որ այն երաշխիքները, կամ այն պայմանները, որոնք առաջարկում է կառավարությունը հանրությանը, գյուղացիներին հասկանալի չեն։ Բացատրություններն անվստահությամբ են ընդունվում, թե խաղաղություն կլինի՞ կամ չի՞ լինի, գյուղերը մոտիկ կլինե՞ն սահմանին, կամ եթե խաղաղություն եղավ, գազն ու ճանապարհն արդյոք չեն փակվի։ Ինչո՞ւ է անվստահությամբ ընդունվում, որովհետեւ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շրջափակման ամիսների փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի առաջնորդվում բացի օգտապաշտական նկրտումներից հումանիստական նպատակներով։ Իհարկե, սկզբունքորեն ամբողջ հասարակությունն էլ, ես էլ, բոլորն էլ, փորձագետները, ընդդիմությունը եւ իշխանությունը ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ։ Մինչդեռ սահմանազատումն իրականացնել շուրջ 40 տարի առաջ որեւէ մի վիճակագրի անունը տալով, որն ընդհանրապես կապ չունի հայ-ադրբեջանական սահմանի հետ, խնդրահարույց է: Պետք է ասել, որ մատնանշված Ալմա-Աթայի հռչակագիրը խորհրդային պետությունների կողմից առաջին հերթին միջազգային կառույցի անկախ պետությունների համագործակցության հիմնման մասին է եւ միմյանց անկախության ճանաչմամբ` տարածքային ամբողջականության ընդունման։ Բայց թերեւս մի խնդիր է այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելը, մեկ այլ խնդիր է սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելը։ Կա եւս շատ կարեւոր մի հանգամանք՝ եթե սահմանագծում եւ սահմանազատում իրականացվում է, օրինակ, Մերձբալթյան հանրապետությունների միջեւ, որոնք կոնֆլիկտ չունեն եւ մի տարածաշրջան են, մի քաղաքական մշակույթ կրող, ու չկան էթնիկ, կրոնական խնդիրներ, ինչպես նաեւ անհանդուրժողականություն, թշնամանք եւ երբեք նրանց միջեւ պատերազմ չի եղել, այնտեղ կարող են իրենք իրենց հին սովետական եւ վարչական միջոցներով անցկացնել սահմանագծում։ Թեպետ այդտեղ էլ, օրինակ, Էստոնիայի եւ Ռուսաստանի միջեւ շատ լուրջ տարածքային վեճեր կան, եւ մյուս բոլորի դեպքում եւս նկատելի է սա։ Բայց, եթե վերցնում ենք հարավկովկասյան տարածաշրջանը, Հայաստան եւ Ադրբեջան պետությունները, որոնք 1988 թվականից մինչ այժմ առճակատման մեջ են, երկու պատերազմ են անցել, այժմ էլ Ղարաբաղի հայաթափումից հետո թշնամանքն է՛լ առավել է խորացել։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=283617&l=am/