Սեփականատերերը  զրկվում են իրենց գույքից՝ չնչին փոխհատուցման դիմաց

Հասարակություն

Մինչ սահմանամերձ գյուղի բնակիչը ցավը սրտում, ցասումն աչքերում ուզում է հասկանալ, թե ինչ քարտեզներով ու էլ ինչպես են իրեն փորձելու համոզել, որ իր տունն իր տունը չէ, այլ տնաքանդ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի մասնիկ, երեւանցին էլ չգիտի, թե որտեղ է ավարտվում իր սեփականության իրավունքն ու սկսվում հանրային գերակա շահը: Հիմա էլ դամոկլյան սրի պես այդ «հանրային գերակա շահ» ասվածը նորից կախվել է Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչների գլխին: Աղմկոտ այս խնդրի վերաբերյալ քաղաքացիների բարձրաձայնած հարցերը «Իրավունքն» ուղղել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻՆ:

«ՄԻԵԴ-Ը ՀՀ-Ի ԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՎՃԻՌՆԵՐ  Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ»

— Շարքային քաղաքացին բողոքում է, թե ինչո՞ւ պետք է չնչին փոխհատուցումով զրկվի իր տնից, եւ պետությունն իր ունեզրկումը փաթեթավորի՝ որպես «գերակա հանրային շահ»:

— «Գերակա հանրային շահ» ասվածը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության հարկադիր օտարման ընթացակարգն է: Այն կիրառվում է կամ, համենայնդեպս, պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում: Բացի այդ, օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը պետք է տրվի նախնական եւ համարժեք փոխհատուցում: Կարծում եմ, լսած կլինեք «Հյուսիսային պողոտայի» կամ «Ֆիրդուսի» տարածքների բնակելի տների հարկադիր օտարման մասին: Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել են վճիռներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ներկա պահին ակտիվ քննարկումներ են գնում «Կոնդի» բնակելի տների հարկադիր օտարման վերաբերյալ: Իմ կանխատեսմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գանգատներ են քննվելու եւ Հայաստանի Հանրապետության դեմ հերթական անգամ վճիռներ են կայացվելու:

— Ո՞րն է այդպես կարծելու հիմքը: Ինչո՞ւ եք կարծում, որ կառավարությունը մարդկանց իրավունքները խախտելու է:

— Գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության հարկադիր օտարման ընթացակարգը գործնականում, ցավոք, ավելի շատ բիզնես նախագծի է նմանվում, եւ խիստ վիճահարույց է՝ սեփականության օտարումը պայմանավորված է հանրության գերակա շահով, թե ստույգ կառուցապատողների շահերով:

— Կառուցապատողներ ասելով՝ նկատի ունեք բարձրահարկ շենքեր կառուցող շինարարական ընկերությունների՞ն:

— Այո, հենց իրենց: Ընդ որում, որպես կանոն, լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունները հովանավորչություն ունեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, եթե չեն հիմնվում են նրանց կողմից, իհարկե՝ ոչ ֆորմալ առումով: Այս հանգամանքը պետք է որ գաղտնիք չլինի ոչ ոքի համար: Պրակտիկայում, «գերակա շահի» անվան տակ սեփականատերերին ունեզրկելը պայմանավորված է բիզնես շահով եւ, արդյունքում, սեփականատերերը զրկվում են իրենց գույքից՝ չնչին փոխհատուցման դիմաց:

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՕԳՏԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԿՆԿԱԼԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ»

— Ի դեպ, հենց այդ խնդրին են բախվել նաեւ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի թիվ 10 շենքի բնակիչները: Ի՞նչ կասեք այս մասին:

— Շենքը վթարային է, եւ պետությունը պարտավորություն ունի բնակիչներին բնակարաններով ապահովել, համարժեք բնակարաններ հատկացնել, փոխհատուցում տրամադրել՝ ազատվող տարածքի շուկայական արժեքին համապատասխան գումարի կամ համարժեք բնակարանի տեսքով, հարկային արտոնություններ տրամադրել, վարկերի տոկոսավճարների գծով սուբսիդավորում տրամադրել, բնակարանային դրամաշնորհներ տրամադրել եւ այլն: Մինչդեռ, կառավարությունը այս ամբողջ գործիքակազմից նախընտրել է հետեւյալը՝ Արզումանյան փողոց թիվ 10 բնակելի շենքը «գերակա շահի» ընթացակարգով ցանկանում է հարկադրաբար վերցնել եւ օտարել կառուցապատող մի խոշոր ընկերության, որը պետք է տեղում բազմաբնակարան շենք կառուցի: Ընդ որում, որեւէ մրցույթ չի հայտարարվել, կառուցապատող ընկերությունն ընտրվել է կամայական, ինչն արդեն իսկ տարաբնույթ կասկածների տեղիք է տալիս: Կառուցապատողը պարտավորվել է կառուցվելիք շենքից քաղաքացիներին հետագայում բնակարաններ հատկացնել, մինչդեռ սեփականատերերից ոմանք չեն վստահում ո՛չ ՀՀ կառավարությանը, ո՛չ Երեւանի քաղաքապետարանին եւ ո՛չ էլ տվյալ կառուցապատողին: Սեփականատերերը չեն ցանկանում վեճերի դեպքում տարիներ շարունակ թակել դատական ատյանների դռները եւ շենքի օտարման դեպքում ցանկանում են ստանալ նախնական համարժեք փոխհատուցում: Սեփականատերերի իրավունքն ապահովելու փոխարեն՝ Երեւանի քաղաքապետարանը գնահատող ընկերության կասկածելի փաստաթղթավորման միջոցով բնակարանները ցանկանում է «վերցնել» չնչին գումարի, այլ կերպ ասած՝ «կոպեկների» դիմաց: Մինչդեռ, օրենքը հստակ սահմանում է, որ օտարվող սեփականության շուկայական արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որեւէ նվազեցում կամ ավելացում: Ըստ այդմ, քաղաքացիներին պետք է տրամադրվի լիարժեք փոխհատուցում, որը վերջիններս կստանային, եթե շենքը լիներ բարեկարգ վիճակում:

— Հետեւապես, Արզումանյան փողոցի 10 շենքի բնակիչների խնդրի լուծման հնարավորություն դեռ կա՞:

— Արդեն իսկ ձեռնարկել ենք: ՀՀ կառավարության 13.04.2023 թվականի թիվ 530-Ն որոշումը մասնակի՝ քաղաք Երեւան, Աջափնյակ, Արզումանյան փողոց թիվ 10 (տասը) շենքին վերաբերող դրույթների մասով, դեռեւս 2023թ. մայիս ամսին վիճարկվել է ՀՀ Վարչական դատարանում: Իմ եւ իմ վստահորդների՝ բնակարանների սեփականատերերի պնդմամբ՝ կառավարության որոշումը հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող Օրենքի դրույթներին եւ անվավեր է, քանի որ խախտված է բացառիկության սկզբունքը: Դատարանը գործը քննում է հինգ դատավորի կազմով, վճիռ դեռեւս չի հրապարակվել: Միաժամանակ, բանակցություններ են ընթացքում ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ, որոնք առայժմ անարդյունավետ են: Իմ եւ իմ վստահորդների՝ բնակարանների սեփականատերերի համար ցավալի, բայցեւ կանխատեսելի էր, որ ՀՀ կառավարությունից եւ Երեւանի քաղաքապետարանից օգտավետ քննարկումներ ակնկալելն անիմաստ էր, այնպես որ, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն  իրականացվելու է դատական կարգով՝ հնարավոր բոլոր ատյաններում: 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279549&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ