Եկեղեցում ընդունելը եւ հանդիպելը ամենեւին էլ չի նշանակում համակարծիք լինել իշխանությունների վարած քաղաքականությանը. Եգիպտոսի թեմի առաջնորդ

Հանդիպում

«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԱՇՈՏ եպիսկոպոս ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ՝ Նիկոլ Փաշինյանի վերջերս Կահիրե կատարած պաշտոնական այցի, այդ շրջանակում Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելության եւ տեղի հայ համայնքում առկա տրամադրությունների մասին:

— Սրբազան հայր, դժվար է հիշել, թե Նիկոլ Փաշինյանը երբ է Հայաստանում վերջին անգամ եկեղեցի այցելել կամ հանդիպել որեւէ բարձրաստիճան հոգեւորականի: Ինչպե՞ս ստացվեց Ձեր հանդիպումը նրա հետ:

— Այս այցով մտահոգված կամ զարմացած մեր հայրենակիցներին պարզապես ուզում եմ դիտել տալ, որ ոչ թե եկեղեցու կամ համայնքի կողմից նախաձեռնված հանդիպում էր, այլ Եգիպտոսի նախագահ Աբդ Էլ-Ֆաթթահ Ալ-Սիսիի հրավերով` Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակում ծրագրված այց։ Ըստ այդմ, Կահիրեում տեղի ունեցած բոլոր այցելությունները, այդ թվում՝ Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Թայիբի եւ Ղպտի ուղղափառ մեր քույր եկեղեցու Պատրիարքի` Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ հանդիպումը, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցի այցելությունն ամբողջությամբ համաձայնեցված էր նախագահական արարողակարգային գրասենյակի հետ։

Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Եգիպտոս այցելությունը կազմակերպվել է անվտանգության խիստ վերահսկողության տակ, ե՛ւ այցի օրվա, ե՛ւ ժամի մասին նախապես տեղեկացվել է ուղղակի նախագահական անվտանգության բաժնից։ Այս պարագային հարկ է նշել, որ ի տարբերություն այլ երկրների՝ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդն իր պաշտոնին նշանակվում է Եգիպտոսի Հանրապետության նախագահի հատուկ հրամանագրով, եւ նա համարվում է համայնքի օրինական ներկայացուցիչը պետության առաջ՝ որպես Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեջ ապրող եգիպտական քաղաքացիություն ունեցող Հայ Առաքելական համայնքի անդամների հոգեւոր առաջնորդ` կրոնապետ եւ նախագահ: Հետեւաբար, մեր ներկա գտնվելը պարտադիր էր։

Մյուս կողմից եկեղեցին բաց է բոլորի առաջ` առանց քննելու որեւէ մեկի ազգային հարցերի շուրջ ունեցած մոտեցումները կամ քաղաքական հայացքները եւ այլն, հետեւաբար, եթե վարչապետի այցը մասնավորենք այս տեսանկյունից, ուրեմն՝ եկեղեցի մտնելու արգելք պիտի դրվի նաեւ բոլոր նրանց համար, ովքեր ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տվել են ներկա իշխանություններին եւ կամ նրանց, ովքեր իրենց չեզոք դիրքորոշումով նպաստել են ընտրական ներկա արդյունքների վրա։ Այսպես կարելի է մեր ազգի մի ստվար հատված ցանկագրել։

Այնպես որ, ՀՀ վարչապետին հավանում կամ չենք հավանում, ընդունում կամ չենք ընդունում, անկախաբար մեր ազգային գաղափարախոսական տեսակետից, նա Եգիպտոսի Հանրապետության նախագահի հյուրն էր եւ, որպես թեմի առաջնորդ, ճիշտ չէր պատասխանատու մեր հանգամանքով «անտեր» թողնել Առաջնորդարանը եւ եկեղեցին՝ պաշտոնական ցանկացած այցելության պարագային: Մենք փախուստ տալու մասնավոր հարց չունենք:

Առաջնորդարանում կարճատեւ հանդիպում է տեղի ունեցել նաեւ Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Նիկոլ Փաշինյանը խոսել է, այսպես կոչված,  «Խաղաղության խաչմերուկ» նախագծի եւ մի շարք այլ հարցերի մասին: Եվ առնվազն տարօրինակ է թվում, որ հայ համայնքը լուռ համաձայնել է նրա արտահայտած մտքերի հետ:

— Հանդիպումը տեղի է ունեցել նեղ շրջանակի մեջ. ներկա էր Եգիպտոսի Հայ Կաթոլիկ համայնքի առաջնորդը, ում եւս լուր էր տրվել նախապես եւ երկու համայնքների ազգային իշխանության պատասխանատու մի քանի անդամներ միայն, մյուսներն էլ իրենց բողոքը արտահայտել են` ներկա չգտնվելով։

«ՆՐԱ ԵԿԵՂԵՑԻ ԱՅՑԵԼԵԼՈՒՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼԸ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԲԵՐԵԼ ԱԶԳԻՆ»

Ամեն դեպքում, Առաջնորդարանում հանդիպման ժանանակ ի՞նչ հարցեր են արծարծվել, եւ մի՞թե որեւէ մեկն իր դժգոհությունը չի բարձրաձայնել, եթե այդպիսիք կային:

— Ինչ իմաստ ուներ քննարկել հարցեր, որոնց պատասխանները գիտենք արդեն, քանի որ կարեւոր հարցերի շուրջ բազմիցս անդրադարձ լինում է, եւ մեկնաբանություններ տրվում են միշտ։ Խնդիրներ հանելու եւ հարցեր բարձրացնելու ոչ տեղն էր եւ ոչ էլ պահը: Դուք էլ շատ լավ գիտեք, որ հարց տալը կամ բարձրացնելը մասնավոր արդյունք չԷր կարող տալ:

Մյուս կողմից, սփյուռքը ինքնին, նաեւ մեր համայքներն ու եկեղեցիները կարեւոր են մեզ համար, սակայն առաջնահերթը եւ ամենակարեւորը մեզ համար մեր հայրենիքն է, որը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունի վարչապետ։ Ընդդիմության բոլոր ջանքերին, կազմակերպած ցույցերին, տարված աշխատանքներին համապատասխան արձագանք չտրվեց, ուրեմն, եթե ժողովուրդը թույլ է տալիս, որ նա լինի այսօրվա իշխանության ղեկավարը եւ վարի ներկայիս քաղաքականությունը, Հայաստանն էլ այս վիճակում լինի, ապա Սփյուռքի մեջ նրա եկեղեցի այցելելուն արգելք հանդիսանալը որեւէ կերպ չի կարող ազգի հարցերին լուծում դառնալ։ Իսկ այս պարագային եկեղեցում ընդունելը եւ հանդիպելը ամենեւին էլ չի նշանակում համակարծիք լինել իշխանությունների վարած քաղաքականության հետ:

Օրինակ, ՀՀ-ում մենք ունենք խորհրդարանական աշխույժ ընդդիմություն, ուրիշ խնդիր է, որ ակնկալված հաջողության հասել է կամ՝ ոչ, բայց իրենց ներկայությունն Ազգային ժողովում չի նշանակում համագործակցություն իշխանությունների հետ եւ կամ նրանց տեսակետների ընդունում: Մեզ համար սրբություն է մեր երկիրը, եւ եթե մեր երկրի մեջ գոյություն ունի նման իշխանություն, նշանակում է, որ կա թույլատու եւ անտարբեր մեծամասնություն կամ՝ անզոր փոքրամասնություն: Սա է ամբողջ խնդիրը: Ուրեմն՝ դրսում մեղավորներ փնտրելու փոխարեն՝ այդ մեղավորներին պետք է Հայրենիքի մեջ փնտրել:

Մեր ժողովուրդը պետք է համախմբվի մեր ազգի համար կարեւոր եւ օրհասական պահերին ու իր իմաստուն որոշումը կայացնի ներքին եւ արտաքին ցանկացած վտանգների դեպքում: Եվ եթե համաձայն չէ որեւէ մեկի իշխանության գալուն կամ նրա վարած քաղաքականությանը, ապա Հայրենիքի մեջ համախմբվերով պետք է իր ազատ կամքը արտահայտի եւ այն էլ` ճիշտ ժամանակին։ Մեղքը սրա կամ նրա վրա բարդելով եւ կամ Սփյուռքի որեւէ եկեղեցում ընդունել կամ չեն ընդունելով՝ հարց չի կարող լուծվել: Ի վերջո, հայրենասիրությունը միայն խոսք չէ… Ովքեր դեմ են, խնդրեմ՝ թող գան Հայաստան եւ հայրենիքում մասնակցեն բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կարող են լուրջ եւ նպաստավոր փոփոխություն բերել` մեր երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար, այլ ոչ թե «հայրենասիությունը» օգտագործեն իբրեւ ինքնահաստատման միջոց:

Իսկ իրականում ի՞նչ են մտածում Եգիպտոսի հայ համայնքում՝ Արցախում տեղի ունեցած եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

— Համայնքն ընդհանրապես պատմական բոլոր ժամանակների ընթացքում միշտ էլ եղել է հայրենիքի կողքին` անկախաբար տիրող համակարգից եւ գործող իշխանություններից։ Լինելով պատմական հին համայնք՝ պահել է իր ինքնությունն ու ազգային արժեքները` հավատքը, լեզուն, պատմությունն ու մշակույթը եւ սերնդեսերունդ փոխանցել։ Ի դեպ, տեղին է նշել, որ իբրեւ կրոնական համայնք, գտնվում ենք Եգիպտոսի կառավարության բացարձակ պաշտպանության տակ եւ գործում ենք բացառիկ արտոնություններով. ազատորեն դավանում ենք մեր առաքելական հավատքը, ունենք ամենօրյա ազգային վարժարան, ուր դասավանդվում են հայոց լեզու, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, մշակութային, մարզական եւ բարեսիրական բոլոր հաստատությունները իրենց գործունեությունն առանց արգելքի ծավալում են զուտ հայկական միջավայրի, ազգային եւ հայրենասիրական մթնոլորտի մեջ։ Հետեւաբար, համայնքի յուրաքանչյուր անդամ շատ լավ գիտակցում է դրա առավելությունն ու կարեւորությունը, ուստի եւ բոլոր ժամանակներում եղել եւ մնում է ազատ, անկախ Հայրենիքի եւ ազգային արժեքները կրող ու պահպանող իշխանությունների կողքին: Նույնիսկ անկախ պետականության չգոյության շրջանին, մշտապես օգտակար է եղել մահվան ճիրաններից ազատված իր հայրենակիցներին, հատկապես ցեղասպանությունից հետո: Այնպես որ, հայ ազգին օգտակար եղող համայնք է եղել եւ միշտ կա ու կմնա այդպիսին: Ավելորդ չեմ համարում հիշատակել, որ մենք մեր փոքրիկ ուժերով եւ կարողություններից ավելի վեր օժանդակություն ենք ցուցաբերել թե՛ ապրիլյան քառօրյա եւ թե՛ 44-օրյայի պատերազմի ժամանակ, թե՛ հայրենազրկված մեր սիրելի արցախցիներին օգտակար լինելու հարցում:

Համայնքի մեջ կան մարդիկ, որոնք տարբեր կարծիքներ ունեն նախորդ, ներկա եւ կունենան նաեւ գալիք իշխանությունների վերաբերյալ, բայց դժգոհություններ միշտ լսում ենք եւ շատ շատեր չեն կիսում այսօրվա իշխանության վարած այն քաղաքականությունը, որը մեզ հասցրել է այս վտանգավոր վիճակին՝ նկատի ունենալով առաջին հերթին կորսված Արցախը եւ հայրենազրկված մեր արցախցիներին։

«ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴՐՍՈՒՄ՝ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐՎԵՆՔ. ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՆՏՐԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵՋ»

Այդուհանդերձ, հետաքրքիր է՝ անձամբ Ձեր կարծիքը՝ Մայր Աթոռի եւ հայաստանյան իշխանության միջեւ առկա պատնեշի վերաբերյալ:

- Իբրեւ Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ Մայր Աթոռի կողքին ենք միշտ` Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ եւ սկզբունքորեն կիսում ենք բոլոր այն մտահոգությունները եւ այդ առնչությամբ կատարված հայտարարությունները՝ ՀՀ ներկա վիճակի, ազգային ինքնության պահպանության, Հայոց պատմության, Հայոց եկեղեցու պատմության հարցերի շուրջ, ի մասնավորի՝ նաեւ սիրո, համերաշխության մշտական կոչերի վերաբերյալ։

Ձեր հարցի ենթատեքստին անդրադառնալով՝ ուզում եմ շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի մի քանի րոպեով եկեղեցի մտնել-դուրս գալը բացարձակապես չի նշանակում կիսել եւ կամ համամիտ գտնվել եկեղեցու հանդեպ ներկա իշխանությունների վերաբերմունքը եւ վարած քաղաքականությունը:

Իսկ ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս: Հայ-եգիպտական հարաբերություններում սպասե՞լ ինչ-որ բեկումնային առաջընթացի, թե՞ սա հերթական մի այց էր, որից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ:

— Հարցն ավելի խորքային է: Եգիպտոսի կառավարությունը միշտ բարյացակամ է եղել հայերի նկատմամբ: ՀՀ անկախության հռչակումից հետո՝ առաջին երկրներից էր, որի հետ փոխադարձ դեսպանատներ են բացվել: Այնպես որ, բավականին խոր արմատներ ունեն հայ-եգիպտական կապերը։ Նշենք նաեւ, որ թե՛ անցյալում, թե՛ ներկայում պարբերաբար այցելություներ եղել են՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, խորհրդարանի նախագահներից, վարչապետներից: Այսինքն՝ միշտ աշխույժ հարաբերություններ եղել են եւ փոխադարձ պայմանագրեր, հուշագրեր են ստորագրվել՝ կրթական, մշակութային, նաեւ տնտեսական ոլորտում: Այս առումով վերջին այցելությունը որեւէ ձեւով չենք կարող առանձնացնել: Իսկ նման պարագաներում ձեռք բերված համաձայնությունները կարելի է գնահատել միայն երկու կառավարությունների պատկան մարմինների կողմից կատարված հայտարարությունները` գործնական ու շոշափելի արդյունքների հետ համեմատելով:

Նշեմ միայն, որ մենք, իբրեւ հայ համայնք, կարելի չափով մեր նպաստը փորձում ենք բերել հայ-եգիպտական հարաբերություններին: Ազգային Առաջնորդարանի հովանավորությամբ եւ օժանդակությամբ՝ եգիպտացի լրագրողներ, հեռուստահաղորդավարներ պարբերաբար Հայաստան են այցելում, որոնք իրենց ֆիլմերի, հաղորդաշարերի միջոցով արաբ հասարակությանն են ներկայացնում մեր հայրենիքը, նաեւ հաճախ անդրադառնում ազգային մեր հարցերին: Օրինակ` վերջին տարիներին լուրջ աշխատանք է տարվել` եգիպտացի եւ հայ մասնագետների կամ ներկայացուցիչների միջոցով եգիպտական հեռուստաալիքներով ցեղասպանությանը անդրադառնալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279228&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ