ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.12.2018 19:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հռչակավոր հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ պարզ, կենցաղային լեզվով ի ցույց դրեց այն փաստարկները, որոնք զարմանալիորեն տեղում ջախջախում են բոլոր պացիֆիստական, հակահայրենասիրական կարգախոսները: Ոչ, նա երկար ու բարակ փաստարկներ չբերեց, թե ինչու են սխալ անհայրենիք թրաշամանուկները, որոնց մեծամասնությունը փախել է բանակից, այլ` պարզապես զետեղել է իր որդիների` զենքով վարժությունների լուսանկարները եւ գրել. «Իմ որդիները` մեկը մաթեմատիկոս, մյուսը միջուկային ֆիզիկոս, երկուսն էլ տասը տարեկանից ռազմական գործ են սովորում, և ես համոզված եմ, եթե նրանք պատերազմական իրավիճակում հայտնվեն, մի քիչ ավելի շանս կունենան առողջ ու անվտանգ տուն վերադառնալու, քան այն տղաները, որոնք ազգ-բանակում չեն: Ով դեմ է ազգ-բանակին, նա դեմ է իր երիտասարդության անփորձանք տուն վերադառնալուն»: Ի դեպ, ենթագիտակցական մակարդակով դա զգացել են անգամ թրաշամանուկները, կառավարության կառուցվածքը փոփոխելիս նախատեսելով «Ռազմարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարություն», որը նույնիսկ իր անունով ուղղակիորեն բխում է Վիգեն Սարգսյանի երբեմնի առաջ քաշած նախագծերից:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 29-ին հակառուսական եւ «ընդմիշտ Ռուսաստանի հետ» ցույցերի մասնակիցները բոքսել էին զմիմյանս: Սակայն երկրորդ զուգահեռ ցույցերը, ի զարմանս եւ բարեբախտաբար, բախումով չավարտվեցին: «Իրավունքի» հետ զրույցում Առաջադեմ միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ ասաց. «Համացանցում տարածել էին, որ պետք է այսօր պիկետ կազմակերպեն Ռուսաստանի դեսպանատան մոտ` պահանջելով, որպեսզի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերվի: Մենք մի անգամ նոյեմբերի 29-ին արդեն նրանց հետ ընդհարվել ենք եւ հիմա երկրորդ անգամ նրանք փորձում են այս ակցիան կրկնել: Դրա համար էլ նորից եկել ենք` մեր համերաշխությունը հայտնելու այն իրողությանը, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազան պետք է մնա: Սա մեր խորհրդարանի կողմից վավերացված է երկարաժամկետ հատվածի համար եւ արտահայտում է մեր ժողովրդի հիմնական գերակշիռ մասի ցանկությունները: Ի վերջո, առանց այդ ռազմական բազայի, մեր ազգային անվտանգությունը կարող է խաթարվել: Ուստի` որքան անգամ փորձեն ռուսական ռազմաբազան հեռացնելու հարց բարձրացնել, այնքան անգամ հակազդելու ենք եւ մեր ժողովրդի մի ստվար զանգվածի կարծիքը հանրությանը հայտնի ենք դարձնելու»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն իր ամենաանհաջող կադրն էր համարում «Դոլար Արմեն» մականուն ունեցող օմբուդսմեն Արմեն Հարությունյանին: Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրն էլ թերեւս գլխավոր դատախազ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆՆ է, ով թեեւ ունի մականուն, բայց անհարմար ենք համարում դա տպագիր ներկայացնելը: Ինչեւէ, նշելով հանդերձ, որ Ֆեյսբուքում մեր հայրենակիցները բավականին հաճախ նրան կոչում են «Գլխավոր դատաՂազ», հարկ է մատնանշել նրա ապշեցուցիչ վարքագիծը Մանվել Գրիգորյանի` գրավով ազատ արձակելուց հետո: Դատարանի որոշումը դեռ թանաքը չչորացած, նա ակնհայտորեն իշխանության կողմից հրահրված ցուցարարների մոտ դուրս է եկել եւ «ժողովրդին» հավաստիացրել, որ անպայման բողոքարկելու է այդ որոշումով ու պահանջելու է կալանավորել: Դեռ որոշման տեքստին ամբողջովին ծանոթ չլինելով հաճոյանալով ամբոխին այդպիսի բան է ասում... Իսկ թե ինչով ավարտվեց ամբոխին հաճոյանալը Պիղատոսի կողմից` դա հայտնի է ցանկացածին, ով կարդացել է ավետարանները:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА