ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ

05.10.2018 21:30 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ

Անծրագիր հեղափոխականների ե՛ւ հաղթանակի, ե՛ւ պարտության դեպքում կորցնողը լինելու է Հայաստանը

Հայտնի հայագետ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԸ, ով ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ հայ համայնքում հայտնի է նաեւ որպես համաշխարհային ստվերային աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական խոհանոցին քաջատեղյակ փորձագետ, վերլուծում է մեր երկրում առկա իրավիճակը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարի ու հնարավոր սցենարների տեսանկյունից, մատնանշելով այն մարտահրավերները, որոնք անուշադրության են մատնվել ինչպես էլիտայի, այնպես էլ ակտիվ քաղաքացիների մեծամասնության կողմից: Ստորեւ ընթերցողի դատին ենք ներկայացնում նրա վերլուծության առաջին մասը:

Քաղաքապետի ընտրությունների քաղաքականացումը եւ Նյու Յորքում Ն. Փաշինյանի ելույթը նախանշում են իշխանական հնարավոր բոլոր լծակների տիրապետում` ծրագրային իշխանափոխություն: Եվ ահա, ո՛չ նոր իշխանությունները` ՔՊ-ն, ո՛չ որեւէ այլ քաղաքական կուսակցություն, առ այսօր չի՛ առաջարկել ո՛չ գաղափարաբանական, ո՛չ տնտեսաքաղաքական ծրագիր: Որեւէ կուսակցություն չի՛ ձեւակերպել եւ ցուցել, թե ինչպիսի Հայաստան է ուզում հավաքական հայ ժողովուրդը` որպես Ազգ:

Գոյություն ունեն տարրական օրինաչափություններ: Ամբոխակերտ ժողովուրդը միավորվում է ԸՆԴԴԵՄ-ի համար` ՎՈԺԴԻ շուրջ: Ազգը միավորվում է ՀԱՆՈՒՆԻ համար` գաղափարի շուրջ: Կործանարար քաղաքական ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, որը ենթադրում է անհատի` ՎՈԺԴԻ աստվածացում, բացառում է գաղափարական եւ ծրագրային պայքար: Եվ այս առումով մենք նորից կանգնած ենք 1988-1990թթ. ելակետին: Սա ցուցում է, որ բնության օրինաչափությամբ պայմանավորված ՊԱՀԱՆՋԱՐԿ-ԱՌԱՋԱՐԿ բանաձեւով, մեր հասարակությունը գաղափարական եւ ծրագրային պահանջարկ ինչպես անցած 30 տարիներին, այնպես էլ այսօր` չի՛ ներկայացրել:

Նիկոլ Փաշինյանի թիմի վերջին չորս ամիսների վարքագիծը ցուցում է հետեւյալը.

1. Ամբոխակերտ ժողովրդական մասսաների վրա հենվելով` «լուսանցքից դուրս» են հայտարարում բոլորին` թե՛ նախկին ռեժիմի դեմ տեւական պայքարողներին, թե՛ ոչ յուրային համարվող խոշոր եւ միջին կապիտալը ներկայացնող կուսակցություններին:

2. Չունե՛ն տնտեսաքաղաքական ծրագիր, չունեն կառավարման համակարգային փոփոխությունների ծրագիր: Նոր Պետություն կառուցելու առումով, իրենց հետեւից տանելով ժողովրդի մի ստար հատված, ելել են A կետից, բայց չունեն կամ ժողովրդին չեն ցուցում, թե ո՞րն է հանգրվանային B կետը:

3. Շատ փոքր արդյունավետությամբ տեղի է ունենում միայն ԸՆԴԴԵՄ-ի ցուցադրություն: «Բռնել-բաց թողնելու» կամ «սեւ ու սպիտակի» պոպուլիստական քարոզ: Սակայն չկա՛ ՀԱՆՈՒՆ-ը:

Չեմ ցանկանում բացել փակագծերը, թե ի՞նչ հենարան գտնելով (դրսի ուժեր, ներսի ուժեր եւ այլն), նոր իշխանությունները հնարավոր պատերազմ կհայտարարեն հներին, ուղղակի կանդրադառնամ ապագայի հնարավոր սցենարներին:

Հայաստանի ժողովրդի (70%) հավաքական ենթագիտակցությունը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ, առ այսօր, մնում է սոցիալիստական: Այսինքն, իր հավաքական ենթագիտակցականում նա ոչ միայն իրավացիորեն չի ընդունում ՄԵԾ ԹԱԼԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1992-1997թթ.) հարստացածներին, այլ նրա համար մեծ հաշվով խորթ է մեծահարուստն ընդհանրապես: Սա հատկանշական է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փոքր երկրներին, սակայն, կապիտալիզմի կացութաձեւը հե՛նց դրա մասին է` նա միշտ է ծնելու մեծահարուստներ եւ կլաններ, որոնք ձգտելու են պետությունը դիտել որպես սեփականություն (սա օրինաչափություն է): Փաստորեն, կամ այս նոր հեղափոխականները պիտի «կառուցեն» ֆիդելկաստրոյական Կուբա, կամ պետք է ձեւավորվեն նոր կլաններ` նոր դեմքերով, որը հին ռեժիմի` հին «վիշապի» ռեինկարնացիա է: Եվ ուրեմն, ո՞րն է լինելու հավասարակշռության այն կացութաձեւը, որը փոքր պետությունների համար անխուսափելի անհրաժեշտություն է: Արդյո՞ք ՔՊ-ն ունի ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԿԱՑՈՒԹԱՁԵՎԵՐԻ մասին որեւէ պատկերացումներ կամ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանի թիմը, ցավոք, ընդհանրապես չունի տեսաբանական աշխարհայացք` երբեք չի մտածել ֆունդամենտալ տնտեսաքաղաքական համակարգերի, հասարակության զարգացման եւ անկման օրինաչափությունների մասին: Գուցե իրենց համար էլ անսպասելի էր հաղթանակը հին ռեժիմի նկատմամբ, սակայն, Նյու Յորքում հնչած Ն. Փաշինյանի ելույթը ենթադրում է, որ այս նոր իշխանական ուժերն առջեւում դեմ առ դեմ կանգնելու են Հայաստանի խոշոր եւ միջին կապիտալը ներկայացնող կուսակցությունների դեմ` պատերազմական իրավիճակում:

Եվ արդյո՞ք հասկանում են, որ լինելու է հետեւյալը.

ա) Հաղթանակի դեպքում. անծրագիր հեղափոխականների հաղթանակի դեպքում` կորցնողը լինելու է Հայաստանը: Երկրում առկա մասնավոր խոշոր կապիտալը կամ փախչելու է, կամ մանրվելու, կամ տարաբախշվելու է նոր դեմքերի մեջ, եւ այս ընթացքում եղած այսօրվա ողորմելի տնտեսահամակարգն էլ ենք կորցնելու` մինչեւ մի նոր բան կառուցվի (եթե կառուցվի): Այս առումով ուղղակի զավեշտալի եւ սիրողական է այն միամտությունը, թե արդար իրավական դաշտ ստեղծելուց հետո արտաշխարհից խոշոր եւ միջին կապիտալը` ձեռներեցները, մեծամասշտաբ ներդրումներ կկատարեն Հայաստանում (չեմ ուզում մանրանալ` դիլետանտներին տնտեսագիտություն եւ բիզնեսի տարրական օրինաչափություններ բացատրելով):

բ) Նոր իշխանական ուժերի պարտության դեպքում. նորի՛ց լինելու է սարսափելին: Հին ուժերը հաբռգած ինքնաբերաբար գնալու են ռեւանշի...

Սակայն ամենակարեւորը. նման առճակատումն արդեն իսկ ցնցումների է ենթարկելու Հայաստանը: Եվ հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում այն կարող է կործանարար լինել Հայաստանի համար:

Նորի՛ց կրկնեմ:

Կործանարար քաղաքական ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, որը ենթադրում է անհատի` ՎՈԺԴԻ աստվածացում, բացառում է գաղափարական եւ ծրագրային պայքար եւ գործընթաց:

 

Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ:

Երրորդ ուղին` դա համազգային կոնսոլիդացման ուղին է, որը ենթադրում է կառուցման ծրագիր:

ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА