o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԱՄԱՐԱՅԻ» 950 ԳՐԱՄԱՆՈՑ ՄԱԾՈՒՆԻ ՏՈՒՓՈՒՄ՝ ԸՆԴԱՄԵՆԸ 700 ԳՐԱՄ

08.06.2018 21:15 ԹԵՄԱ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«ԹԱՄԱՐԱՅԻ» 950 ԳՐԱՄԱՆՈՑ ՄԱԾՈՒՆԻ ՏՈՒՓՈՒՄ՝ ԸՆԴԱՄԵՆԸ 700 ԳՐԱՄ

Մեր զրուցակիցը, ներկայացնելով ընկերության արտադրանքը, պատմեց. «Գնել եմ «Թամարայի» 950 գրամանոց մածուն: Տուն տանելուց հետո, երբ բացեցի տուփը, տեսա, որ այն ակնհայտորեն կիսատ է: Համոզվելու համար կշռեցինք, ու պարզվեց հետեւյալը: Թեեւ տուփի վրա քաշը ներկայացված է 950 գրամ, սակայն պարունակությունը ուղիղ 704 գրամ էր: Միգուցե 3-4 գրամով կշեռքը սխալվում էր, բայց բացառվում էր, որ դրանից ավել լիներ: Լսել ենք, որ ապրանք գնելիս քաշի մեջ կարող են խաբել: Բայց ավելի քան 25 տոկոսո՞վ. դա խաբեություն չէ, դա բացահայտ թալան է: Ուզում եմ պարզ ասել, որ խնդիրն ամենեւին էլ հավելյալ 100-150 դրամ վճարելը չէ: Պարզապես շատ տգեղ է, երբ այդպես խաբում են մարդկանց: Առավել եւս այս օրերին, երբ կառավարության բոլոր այրերը մի գլուխ խոսում են ժողովրդի շահերի եւ տնտեսվարողներին ազնիվ աշխատանք պարտադրելու մասին: Եվ սա՞ է այդ ազնվությունը, 950 գրամի մեջ 250 գրամ պակաս ապրանք տա՞լը»:

«Սպառողների շահերը շարունակում են մնալ ոտնահարված».Կարեն Չիլինգարյան

Մածունի տուփը, որը ներկայացրել էր սպառողը, միանշանակ ցույց էր տալիս, որ նրա դժգոհությունը տեղին է: Այսինքն, ակնհայտորեն տուփում մածունի պարունակությունը պակաս էր: Եվ, ամենակարեւորը, նաեւ ակնհայտ էր, որ գնորդը հեռատեսորեն մածունին ձեռք չէր տվել. պարունակությունը մնացել էր անխաթար:

 

«ՓԱՍՏՈՐԵՆ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ»

Ուրեմն, ինչո՞ւ են սպառողին խաբել: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք «Թամարա» ընկերությանը, որտեղից մեզ փոխանցեցին լաբորատորիայի աշխատակցի` տիկին Սուսաննայի հեռախոսահամարը: Դիմեցինք, նաեւ խոսակցության Ժամանակ տեղեկացնելով, որ մածունը փոխանցել են մեզ, եւ ընկերությունը կարող է ստուգել ասվածի ճշմարտացիությունը: Տիկին Սուսաննան էլ մեզ հետ զրույցում տարայի մեջ մածունի պակասը ընդամենը թյուրիմացություն որակեց՝ ասելով.

- Հա, փաստորեն թյուրիմացություն է եղել եւ կիսատ է գնացել:

- Իսկ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ նման թյուրիմացություններ լինեն: Ամենակարեւորը, ինչո՞ւ պետք է սպառողը ավելորդ գումար տա եւ գնի, ինչպես Դուք նշեցիք, թյուրիմացության արդյունքում շուկայում հայտնված կաթնամթերքը:

- Ես հիմա ներողություն եմ խնդրում դրա համար: Այո, դրա համար ոչ ոք չպետք է վճարի, դա առհասարակ չպետք է դուրս գար գործարանից: Աշխատակիցները հենց դրա համար են, որ նման բան չլինի: Որովհետեւ մեքենայի` տարաներ լցնելու ընթացքում` սկզբում եւ վերջում հնարավոր են նման բաներ լինեն: Ես ներողություն եմ խնդրում: Ես ուզում եմ իմանալ ամսաթիվը, որպեսզի մենք հասկանանք, թե ով է պատասխանատու եղել այդ օրը: Տվյալ աշխատակիցները կպատժվեն: Այդ մածունը հենց այդպես թող սպառողը հետ վերադարձնի խանութ, եւ ստանա նորմալ քաշով մածուն: Իսկ տվյալ մածունը, խնդրեք խանութի աշխատակցին, որպեսզի առաքիչի միջով մեզ հետ ուղարկեն: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ տվյալ օրվա պատասխանատուները` երկու հոգի կպատժվեն: Որովհետեւ իրենք նրա համար են, որ հանկարծ նման բացթողում չլինի:

- Բայց սպառողն ամենեւին էլ միտք չունի եւս մեկ անգամ մածունի համար խանութ գնալ: Ավելին, խնդրեց, որպեսզի փոխանցենք, որ խնդիրը մածունը չէ, որ կարող է ինքը մեկի փոխարեն երկու տուփ մածուն նվիրել ընկերությանը: Քաղաքացին վրդովված է մեկ պարզ պատճառով՝ իրեն խաբել եք:

- Ես նորից եմ կրկնում, որ ներողություն ենք հայցում: Եվ խնդրում ենք, որպեսզի հետ վերադարձվի այնտեղ, որտեղից որ գնվել է:

- Բայց ասացինք չէ, որ սպառողը այն բերել է խմբագրություն եւ ամենեւին ցանկություն չունի մի մածունի համար այդքան գնալ-գալ:

- Բայց մենք պետք է, չէ՞ պարզենք, թե որ օրվա արտադրված մածունի մասին է խոսքը:

- Դուք ինքներդ չե՞ք կարող գալ եւ տեսել:

- Արդեն պատասխանեցի, թող սպառողը բերի, մենք խնդիրը կշտկենք եւ կրկին ներողություն ենք խնդրում:

 

ԻՍԿ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆՈՒՄ ԵՆ

Ընդեղենի համար քաղաքացիները սուպերմարկետներում մեղմ ասած կրկնակի են վճարել

Փաստորեն, ընկերությունը չի ուզում նեղություն քաշել, գալ խմբագրություն եւ տեսնել իրենց «թյուրիմացությունը»: Եվ եթե իրենք չեն ուզում տեսնել եւ, ըստ այդմ՝ սեփական թերությունը շտկել, ապա այդ ինչո՞ւ պետք է սպառողն ավելորդ անգամ խանութ վազի: Ինչեւէ, փորձեցինք վերոհիշյալ հարցով դիմել Սննդի անվտանգության պետական ծառայություն, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենք զբաղվում են սննդի որակով եւ անվտանգությամբ, եւ որ ծավալի պակասի հետ կապված տվյալ խնդիրը իրենց լիազորություններից դուրս է: Դիմեցինք նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որտեղից էլ, հարցին ծանոթանալուց հետո ասացին, որ խնդիրը իրենց կվերաբերեր, եթե մի ամբողջ խմբաքանակ լիներ կիսատ լցված: Բայց քանի որ խոսքը կոնկրետ դեպքում մեկ նմուշի մասին է, ուրեմն՝ խնդիրն իրենց լիազորությունների ներքո չէ, եւ որ պատասխանատուն տվյալ ընկերությունն է: Լավ, այս երկրում կա՞ գոնե մեկ պետական կառույց, որը կոնկրետ դեպքում պարտավոր է պաշտպանել խաբված սպառողի շահերը: Հարցի միակ հասցեատերը կառավարությունն է, որի լրատվականից էլ պատասխանեցին, թե չէ, իրենք չեն, որ այդ հարցին պետք է պատասխանեն: Եվ որ գոյություն ունեն այդ հարցով զբաղվող գերատեսչություններ: Երբ ասացինք, որ դիմել ենք տվյալ գերատեսչություններին, արձագանքեցին, թե մեզ ոչնչով օգնել չեն կարող, եւ խորհուրդ տվեցինք՝ մի անգամ էլ գրավոր դիմենք նույն մարմիններին: Դե այս «կարուսելից» հետո էլ ո՞ր մի սպառողը կցանկանա 500 դրամանոց կիսատ մածունի համար դիմել պետությանը` անարդարությունը շտկելու համար: Իսկ այդ դեպքում զարմանալի չէ, որ այդպես էլ սպառողական շուկաները տարաբնույթ խաբեություններից չեն մաքրվում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА