ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՏԱՊ ՊԵՏՔ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ, ԲԱՅՑ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

16.05.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՇՏԱՊ ՊԵՏՔ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ, ԲԱՅՑ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Եվ այսպես, Մերձավոր Արեւելքում ի հայտ եկավ շիկացման եւս մեկ օջախ՝ Գազայի հատվածը: Իհարկե, այս պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը նոր բան չէ, ունի տասնամյակների պատմություն: Պարբերաբար եղել են սրացումների եւ բանակցությունների փուլ: Սակայն այս հերթական սրացումը նախորդների համեմատ էական տարբերություններ ունի, ինչի պատճառով էլ այն անմիջապես դուրս եկավ պաղեստինա-իսրայելյան լոկալ հակամարտության տրամաբանությունից՝ ողջ տարածաշրջանային խաղաղության համար խիստ վտանգավոր հակումներ դրսեւորելով:

Գազայի հատվածում իսրայելական տանկը կրակ է բացել պաղեստինցիների ուղղությամբ

 

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ

Այդ տարբերություններից առաջինը, ինչ խոսք, այս հերթական բախումների առաջացման պատճառն էր: Սրացման առիթը, ինչպես հայտնի է, Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմում տեղակայելու Թրամփի որոշումն էր: Ավելի ճիշտ, այդ որոշման կայացման պահին խոսվում էր, որ դեսպանատան տեղափոխումը կարող է տարիներ տեւել, ինչը սկզբնական փուլում կանխեց իրավիճակի շուրջ սրացումը: Այսինքն այն, որ այդ որոշման իրականացումը բերելու էր իրավիճակի կտրուկ սրացման, բոլորի համար էր պարզ: Ու չնայած դրան, Թրամփն, այնուամենայնիվ, դեսպանատունը տեղափոխելու հրաման տվեց, թեեւ երուսաղեմյան նոր դեսպանատունը, որպես այդպիսին, չի գործելու, այն միայն սիմվոլիկ բնույթ ունի: Թրամփը մեկնաբանեց, որ դեսպանատան տեղափոխումը նվեր է Իսրայելին՝ ստեղծման 70-ամյակի կապակցությամբ: Եթե ընդունենք այս վարկածը, ուրեմն կնշանակի, որ իրեն համաշխարհային դեմոկրատիայի վահան համարող պետության ղեկավարը, հանուն ինչ-որ սիմվոլիկ նվերի, գիտակցված կերպով հազարավոր մարդկանց կյանքը վտանգի տակ դրեց, տասնյակներինը ¥եղած պաշտոնական տվյալներով¤՝ զոհաբերեց: Վերջապես՝ տասնյակ պետություններին, այդ թվում՝ սեփական դաշնակիցներին եւ միջազգային կառույցներին՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ ամենակոշտ հայտարարություններով հանդես գալու առիթ տվեց, այսինքն՝ ծանր հարված հասցրեց իր անձնական, իր ղեկավարած պետության եւ իր ամենամերձավոր դաշնակցի հեղինակությանը: Ասել, թե այս հետեւանքները Սպիտակ տանը չէին գիտակցում, միամտություն կլիներ: Եվ հանուն սիմվոլիկ նվերի՞ են գնացել նման հարվածի. հազիվ թե: Իսկ դա ակնարկում է, որ հենց այս պահին դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ու տարածաշրջանային իրավիճակը ծայրահեղորեն սրելու հիմքում իրականում միանգամայն այլ պատճառներ կան: Չնայած, թե կոնկրետ ինչի էր ուզում այս քայլով հասնել ԱՄՆ-ն, ի սկզբանե էլ էր տեսանելի: Ավելի կոնկրետ, ոչ միայն այս՝ դեսպանատունը տեղափոխելու հարցով. մինչ այդ Վաշինգտոնը, կրկին աչքի առաջ ունենալով անգամ ամենասերտ դաշնակիցների հետ լուրջ խնդիրներ ունենալու հեռանկարը, դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից, որը պակաս սկանդալային քայլ չէր: Այսինքն, ԱՄՆ-ն մեկը մյուսի ետեւից գնում է քայլերի, որոնք միանշանակ տարածաշրջանային մթնոլորտը շիկացնում են ռազմական բախումների աստիճան: Իսկ դա էլ պարզ ակնարկ է, որ խնդիրը հենց այդ սրացումն է, որը կարող է դառնալ տարածաշրջանում ամերիկյան առավել քան երերացող դիրքերի կայունացման միակ ելքը:

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՀԻՆ ԽԱ՞ՂԸ, ԹԵ՞ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒՐՋ Է

 

ԹՐԱՄՓԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Իսկ որ ամերիկյան դիրքերը միանգամայն անկայուն են, պարզ ցույց է տալիս թեկուզեւ սիրիական պատերազմի ընթացքը: Այստեղ ամեն ինչ միանգամայն կանխատեսելի հունի մեջ է, ինչը ժամանակին քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք: Այն է. սիրիական բանակը, չնայած քիմիական զենքի այն հայտնի պատմությանն ու ամերիկյան հրթիռային հարվածներին, միանգամայն հաջող ընթացքով գրեթե ավարտել է մայրաքաղաք Դամասկոսի հարեւանությամբ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող գործնականում բոլոր օջախների վերադարձը պետական վերահսկողության տակ: Ապա, նման վերջին օջախներից մեկն էր Հոմս-Համա քաղաքների միջակայքում գտնվող գոտին, որը քաղաքական պայմանավորվածության արդյունքում գործնականում արդեն պետական վերահսկողության տակ է: Արդյունքում, Դամասկոսի վերահսկողությունից դուրս է մնում նախ՝ Եփրատ գետից արեւելք ընկած քրդաբնակ գոտին, իսկ քրդերը, հիշեցնենք, գործում են ամերիկյան վերահսկողությամբ: Ապա, Սիրիայի հարավային՝ Հորդանանին սահմանակից որոշ հատվածներ, որտեղ նույնպես ամերիկյան վերահսկողություն է: Վերջապես՝ երկրի հյուսիս-արեւմուտքը եւ Իդլիբի մարզը, որտեղ արդեն թուրքական վերահսկողություն է: Այս վերջին հատվածների վերադարձը, թերեւս, գտնվում է ՌԴ-Իրան-Թուրքիա հարաբերությունների հարթությունում, եւ երբ կարգավորվի մյուս տարածքների խնդիրը, դա կբերի նաեւ թուրքական վերահսկողության հատվածի խնդրի լուծման: Այսինքն, ամենամոտ ժամանակներս սիրիական բանակի թիրախը կդառնան հենց այն հատվածները, որտեղ ամերիկյան վերահսկողությունն է: Նախ՝ հարավային ուղղությունը, որտեղ, ի դեպ, արդեն իսկ քանիցս ավիացիոն հարվածներ հասցվել են, ապա՝ քրդերը: Այսպիսով՝ իրավիճակը հետեւյալն է: «Իսլամական պետության» խնդիր Սիրիայում, որպես այդպիսին, արդեն գործնականում չկա: Ասենք, ԱՄՆ-ը եւս վերջերս հայտարարեց, որ ԻՊ-ի դեմ պատերազմը, ըստ էության, ավարտված է: Իսկ դա նշանակում է, որ երբ սիրիական բանակը սկսի գրոհել պետական վերահսկողության տակ չգտնվող տարածքները, Վաշինգտոնը պետք է հետեւյալ երկու տարբերակներից մեկն ընտրի: Առաջինը, ընդունելով, որ Սիրիան իրավունք ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնել, դուրս բերի իր ուժերին տվյալ հատվածներից: Եվ երկրորդը, կազմակերպի ռազմական դիմակայություն եւ, հաշվի առնելով, որ տվյալ հատվածներում ¥այդ թվում՝ քրդական¤ տեղական ուժերը դիմադրելու որեւէ հնարավորություն չունեն, անձամբ ներգրավվի սիրիական բանակի հետ պատերազմի մեջ, ընդ որում` հայտնվելով նաեւ ռուսական ուժերի հետ ուղղակի բախման հեռանկարի առաջ: Սակայն եթե, այնուամենայնիվ, երկրորդ տարբերակն ընտրի՝ դա միջազգային իրավունքի տեսանկյունից ինչ-որ աբսուրդային տարբերակով հիմնավորելով, բացի ռազմականից, Թրամփը նաեւ ներամերիկյան ճնշումների հեռանկարի առաջ է կանգնում: Բանն այն է, որ ժամանակին Կոնգրեսը նախագահին թույլ է տվել ընդամենը Իրաքում պատերազմել ԻՊ-ի դեմ: Ռազմական գործողությունները Սիրիա տեղափոխելը թեեւ արտոնված չէր, սակայն հիմնավորվեց ԻՊ-ի դեմ պատերազմով: Անգամ այն ժամանակ, երբ քիմիական զենքի պատրվակով ԱՄՆ-ն հարվածեց Սիրիային, էլի Թրամփի դեմ ներքին բավականին բուռն արշավ սկսվեց, թե՝ Կոնգրեսը նման թույլտվություն չի տվել: Սպիտակ տունը մեկնաբանեց, թե դա լոկալ հարված էր, որը կարելի է անել նաեւ նախագահի հրամանով: Բայց ահա սիրիական բանակի դեմ մասշտաբային պատերազմը այն էլ՝ հենց Սիրիայի տարածքում անկասկած Թրամփին կկանգնեցնի առանց արտոնման, այսինքն՝ ամերիկյան օրենսդրության խախտմամբ այլ պետության հետ պատերազմի մեջ մտնելու ներամերիկյան մեղադրանքների առաջ: Դա, այսպես ասած, իմպիչմենտային բնույթի մեղադրանք է, այսինքն՝ հակաթրամփյան բավականին ազդեցիկ ուժերը չեն հապաղի առիթից օգտվել: Առավել եւս, եթե տեղի ամերիկյան ուժերը քիչ թե շատ լուրջ կորուստներ ունենան, ինչը միանգամայն իրատեսական է: Այդ դեպքում արդեն Թրամփը հազիվ թե պաշտոնանկությունից եւ միգուցե նաեւ միջազգային դատարանից խուսափի: Իսկ ահա առաջին տարբերակի դեպքում, եթե Թրամփը որոշի դուրս գալ Սիրիայից, նրան հաստատ կմեղադրեն տարածաշրջանը ռուսներին հանձնելու մեջ, որը եւս ներամերիկյան հարթակում լուրջ հետեւանքներ է խոստանում: Ասենք, նաեւ տարածաշրջանային հետեւանքներ կան:

ՈՒՐ ԿՏԱՆԵՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՄՆ-Ի ՍԿՍԱԾ ՆՈՐ ԳԵՐՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ԽԱՂԻ ՎԵՐՋԸ ՇԱՏ ՄՈՏ Է

Այստեղ արդեն հիշեցնենք, որ անցած շաբաթ Իրաքում ընտրություններ էին, որի ժամանակ հաղթական ձայներ են ստացել շիա-իսլամական ուժերը, այդ թվում՝ Իրանի հետ դաշինքի կողմնակիցները: Եվ եթե ամերիկյան ուժերը դուրս գան Սիրիայից, ապա Սիրիա-Իրաք-Իրան շիաական հզոր առանցքի ձեւավորումը դառնում է անխուսափելի: Եվ սրան, անշուշտ, պետք է ավելացնել օրերս հայտնի դարձած փաստը. արդեն վաղը ԵՏՄ-ն համաձայնագրեր կկնքի Իրանի եւ Չինաստանի հետ: Այսինքն՝ մի կողմից՝ Սիրաիա-Իրաք-Իրան առանցքի հեռանկար, մյուս կողմից՝ այդ առանցքի ամենաուղղակի պայմանագրային կապը ՌԴ-ի ու Չինաստանի հետ: Չէ, սա ԱՄՆ-ի համար իրոք լուրջ հարված է: Այսպիսով, կարծես թե միանգամայն պարզ է, թե ԱՄՆ-ի ինչին է պետք Մերձավոր Արեւելքի իրավիճակը մինչեւ պատերազմական քաոսի մակարդակ սրել: Բայց հարց է՝ կստացվի՞: Իրանի հետ ԵՏՄ-ի հիշատակված պայմանագիրը բավականին լուրջ ազդակ է, որ անկախ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հանգամանքից, ՌԴ-ն շարունակելու է Իրանին ցուցաբերել ողջ անհրաժեշտ աջակցությունը: Նույն պահին նաեւ Չինաստանի հետ նման պայմանագրի կնքումն էլ իր հերթին է նույնքան լուրջ ազդակ, որ նախ՝ Մոսկվա-Պեկին համագործակցությունը, չնայած վաշինգտոնյան տարաբնույթ քայլերին, պահպանվում է: Եվ երկրորդը, որ Մերձավոր Արեւելքի հարցում Չինաստանն ամենեւին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Այս իրավիճակում Իսրայելը կհամաձայնի՞ մտնել մեծ պատերազմի մեջ. անզեն պաղեստինցիներին կոտորելը մի բան է, Իրանի հետ պատերազմելը՝ բոլորովին այլ բան: Ճիշտ է, եթե ընթացող խաղի արդյունքում հնարավոր լինի Իսրայելին զոհ ներկայացնել, ապա ԱՄՆ-ն կկարողանա «խեղճ հրեաներին» պաշտպանելու համար նաեւ ՆԱՏՕ-ին ներգրավել: Սակայն Գազայի կոտորածն Իսրայելին միայն ագրեսորի դերում ներկայացրեց, որի արդյունքում՝ անգամ ՆԱՏՕ-ական Թուրքիան ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպաններին ետ կանչելու որոշում կայացրեց: Կարելի է ենթադրել, որ տարածաշրջանում նոր պրովոկացիաներ դեռ կլինեն՝ Իսրայելին զոհի կերպարով օծելու եւ Իրանին՝ ագրեսոր ցույց տալու թեքումով: Կհաջողվի՞, ժամանակը ցույց կտա: Միայն թե, արագացնել է պետք, վիճակն արդեն ցայտնոտային է: Սիրիական բանակը, հիշեցնենք, արդեն գրեթե սկսում է ամերիկյան վերահսկողության տակ մնացած իր տարածքների ազատագրումը, այսինքն՝ Թրամփին տարածաշրջանային նշանակության որոշումներ կայացնելու հարցում գրեթե ժամանակ չի մնացել:

«Ջորջ Սորոսը եւ Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են». Սուրեն Սարգսյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА