ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԻԲԵՐԱԼ ՌԵՎԱՆՇ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

27.04.2018 21:30 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԼԻԲԵՐԱԼ ՌԵՎԱՆՇ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ հաճախ հանդես է գալիս մեծամասնության կողմից չկիսվող տեսակետներով, եւ Ռուսաստանում ունի ալարմիստի համբավ: Մասնավորապես անցյալ տարվա աշնանը նա կանխատեսել էր` իբր 2018-ին Ռուսաստանը կկործանվի: Ստորեւ ներկայացվող նրա հոդվածը օգտակար ենք համարում, որպես թարմ հայացք կողքից, թեեւ չենք կիսում գնահատականների մի մասը եւ չենք ընդունում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տրված որակումները:

Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

Մինչ հայկական, չգիտենք խռովության, թե հեղափոխության կազմակերպիչներն ու մասնակիցները տոնում են «ժողովրդի» հաղթանակը «բռնակալի» նկատմամբ, ՀՀ այլ քաղաքացիների մի մասը, ընդհակառակը, հուսահատության մեջ իրենց մազերն են պոկում, ենթադրելով, որ ամենամոտ ժամանակներս «մայդանային» ուժերը կարող են սկսել հաշվեհարդարներ` գաղափարական հակառակորդների հանդեպ: Մինչդեռ, արտառոց ոչինչ Հայաստանում չի պատահել` կառավարող դասն առանձնապես չի տուժել, այն պարզապես վերախմբավորվել է, իսկ արցախյան խումբը, զոհաբերելով շախմատային խոշորագույն ֆիգուրին, մնաց իշխանության: Այնուամենայնիվ, մենք առայժմ տեսնում ենք վերախմբավորման լոկ սկիզբը, երբ արցախցիներին ձգտում են փոխարինել մարդիկ, ում լեզուն չի պտտվում անվանել երեւանցի: Խոսքը յուրահատուկ ռեւանշի մասին է, այն կոսմոպոլիտ եւ արեւմտամետ խմբի կողմից, որը ժամանակին ներկայացնում էր անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ 20 տարի առաջ` 1998-ի փետրվարին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց երկրի նախագահի պաշտոնից: Եվ դա տեղի ունեցավ արցախցիների` վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի ճնշման ներքո, ովքեր դեմ էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ նախագահի ծրագրին, որը ենթադրում էր Ադրբեջանին վերադարձնել հայ զինվորականների կողմից 1992-1994թթ. մարտական գործողությունների ընթացքում վերցված մի շարք տարածքներ:

Ս.թ. ապրիլի 13-23-ին լիբերալ ռեւանշը գլխավորեց 20-ամյա իրադարձությունների անմիջական մասնակից, Տեր-Պետրոսյանի աշակերտ Նիկոլ Փաշինյանը:

Նշանակո՞ւմ է դա արդյոք արդարության հաստատում: Դժվար թե, ավելի շուտ այս ռեւանշը Սերժ Սարգսյանի եւ նրա զինակիցների անհեռատես քաղաքականության գինն է, քանզի նրանք համարեցին, որ կարող են նստել երկու աթոռի վրա (ինչպես դրան 2013-ի վերջում հավատում էր Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայում):

«Ես սխալվեցի»,- հայտարարեց նախկին նախագահը` լքելով վարչապետի պաշտոնը: Դե ինչ, 10 տարվա ընթացքում Սերժ Ազատիչը իրոք բազում սխալներ թույլ տվեց: Ինչպես հարկն է, չէր զբաղվում տնտեսությամբ եւ սոցիալական քաղաքականությամբ, սկսեց անցում դեպի պառլամենտական հանրապետություն` հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, առաջադրվեց վարչապետի պաշտոնի (փոխանակ գլխավորի ուժային բլոկը): Բայց ամենակարեւորը` շատ խաղաց Հայաստանը հեղեղած արեւմտյան «դեմոկրատիզատորների» հետ, ընդառաջեց նրանց` ստորագրելով համաձայնագիր ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության մասին: Համապարփակ գործընկերությունը դարձավ համախաբուսիկ, իսկ Սարգսյանի ձգտումը` սիրաշահել Արեւմուտքին տարատեսակ զիջումներով, Եվրամիության չինովնիկներն ընկալեցին որպես թուլություն: Բայց չէ՞ որ Սերժ Ազատիչին խելացի մարդիկ զգուշացնում էին` «Օրինակ մի վերցրու Յանուկովիչից, ում անկումը սկսվեց անմիջապես այն բանից հետո, որ նա ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրեց»:

Իսկ այժմ բողոքի առաջնորդը, որը ձգտում է ամեն գնով վրեժ լուծել իրեն նեղացնողներից, աչք է դրել երկրի վարչապետի պաշտոնի վրա եւ ակնհայտորեն տրամադրված չէ փոխզիջման այն մարդկանց հետ, ում «մեղքով» 2010-ին հայտնվեց բանտում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

«Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը կճանաչի թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակը»,- հայտարարեց Փաշինյանը: Սակայն վարչապետին պաշտոնանկ անելը դեռ չի նշանակում հաղթել: Հաղթել մարտում, չի նշանակում հաղթել պատերազմը: Կարծում եմ, Հայաստանում այսօր խոսք կարող է գնալ ոչ այնքան փողոցի անառարկելի հաղթանակի մասին, որքան այն փակուղու մասին, ուր փողոցն ու դրա տիկնիկավարները հասցրին երկիրը: Փակուղի` ահա Երեւանում զանգվածային բողոքի հիմնական արդյունքը: Սկսեմ նրանից, որ ՀՀ-ում միանգամից հարվածի տակ դրվեց օրենքի եւ լեգիտիմ քաղաքական ինստիտուտների հեղինակությունը: Այսպես, եթե կարելի է ընտրողների կամարտահայտության վրա եւ հրապարակում ակնհայտ փոքրամասնության ճվոցներով լուծել համազգային մակարդակի հարցեր, ապա մեկ լումայի գին չունեն ե՛ւ համաժողովրդական ընտրությունները, ե՛ւ խորհրդարանական լուծումները, ե՛ւ իշխանությունը որպես այդպիսին: Պատգամավորներին Ազգային ժողովում ինչ-որ լուծման շուրջ համախմբելը լիովին իրատեսական են, հենց դրա համար էլ ստեղծվում է երկրի խորհրդարանի պես հարթակ: Իսկ համախմբել խայտաբղետ փողոցը, հնարավոր է միայն ուժով: Այդ առումով բացառված չէ, որ ամենամոտ ժամանակներում երկիրը կտեղաշարժվի, եթե ոչ ակնհայտ բռնապետության, ապա թաքնված, դրսից կառավարվող բռնապետության ուղղությամբ: Փաշինյանական դեմոկրատիզատորները, հաղթելով Սարգսյանին, կոտրեցին թեեւ թույլ, շատերի համար ոչ համակրելի, բայց ռեալ ժողովրդավարական` իշխանությունների բաժանումով եւ հավասարակշռումով քաղաքական կառույցը, որը վերջին երկու տարիներին այդպիսի խնամքով կառուցում էր Սերժ Ազատիչը. եւ դա կարող է դառնալ ոչ թե Հայաստանի վերելքի սկիզբ, դեպի ինչ-որ իդեալ, այլ ընդհակառակը` այնպիսի խնդիրների սկիզբ, որոնք ՀՀ քաղաքացիների ներկայիս սերունդը երազում էլ տեսած չկա:

Ի դեպ, պետության առանցքային պաշտոնները, ամենայն հավանականությամբ, կոտրողներին չէ, որ բաժին կհասնեն: ՀՀ ակտիվ քաղաքացիները իրենց «լավագույն կյանքի ռոմանտիկ պոռթկումով» դեպի իշխանություն ճանապարհ հարթեցին անհայտ մարդկանց համար: Հասկանալի է, մայրաքաղաքային ` բանակում չծառայած որոշ մաժորների ձգտումը` այլեւս չենթարկվել «ստեփանակերտյան նորելուկներին», բայց կա այսպիսի հանգամանք` եթե առաջիններն ուզում են ավելի շատ կայֆ, փառք եւ իշխանություն, ապա երկրորդները մարտնչում են ոչ թե կայֆի ու փառքի, այլ կյանքի համար: Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե Հայաստանն անցնի արեւմտամետ արտաքին քաղաքականության (իսկ հենց այդպիսի նպատակ ունեին ապրիլի 13-23-ի զանգվածային բողոքի կազմակերպիչները), ապա կգոյանա Երեւանի կողմից Արցախը Ադրբեջանի (կամ ՆԱՏՕ-ին) հանձնելու հեռանկարը` հանրապետության տարածքի համապատասխան զտումով հանդերձ: Սակայն արցախցիները չեն ուզում զտված լինել: Պատրա՞ստ են արդյոք Փաշինյանին պաշտպանած ցանցային մկնիկները հանձնել Արցախը: Նման է, որ նրանք այդ թեմայի շուրջ չեն էլ մտածել: Նրանց, ինչպես միշտ, հետաքրքրում է միայն սեփական այդրոպեական կոնկրետ շահը` անհապաղ ազատվել սոցիալական ցանցերի մոդելատորների կողմից մատնանշված «իրենց բոլոր դժբախտությունների մեղավորներից», իսկ դրանից հետո` թեկուզ ջրհեղեղ:

Մինչդեռ, ժամանակակից Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը ամենեւին էլ իշխանության գող եւ օլիգարխ բնույթը չէ (Հայաստանն այդ առումով այլ երկրներից չի տարբերվում): Եվ անգամ այն չէ, թե ում հետ ավելի շատ պետք է բարեկամություն անել` Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի: Գլխավոր երկընտրանքն է` ապագայում Հայաստանը Արցախով է լինելու, թե առանց Արցախի: Լավ են հասկացել արցախցիները, եւ այդ պատճառով նրանք մինչեւ վերջ կռվելու են իշխանության եւ ազդեցության համար: Հենց այդ պատճառով երկրի վարչապետի պաշտոնից Սարգսյանի հեռանալուց հետո նոր է սկսվում ճշմարիտ ազգանպաստ ազգային քաղաքականությունը` առանց զիջումների, հօգուտ Արեւմուտքի, կամ Սփյուռքի գաղթօջախների: Ընդ որում, Արցախի ներկայացուցիչները ձգտելու են դասեր քաղել Սերժ Ազատիչի սխալներից: Հասկանո՞ւմ են վերը հիշատակված հեռանկարը այն մարդիկ, ովքեր սիրում են հավաքվել հաճելի հանդիպումների Հանրապետության հրապարակի սրճարաններում, կամ ֆլեշմոբեր անցկացնել Մաշտոցի պողոտայում: Կարծում եմ, որ` ոչ: Հակառակ պարագայում նրանք չէին աջակցի մարգինալ հովիվների, ում համար Արցախի եւ հավասարապես Հայաստանի խնդիրները դատարկություն են: Սարգսյանը ապահովում էր ուժերի հաշվեկշիռ` տարբեր կլանների միջեւ, պահպանողականների եւ ազատականների միջեւ, ինչպես նաեւ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ: Բայց ո՞վ կապահովի այդ հաշվեկշիռն այն դեպքում, եթե Հայաստանում հանկարծ իրոք հաղթի փողոցը:

 

Թարգմանությունը`
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА