ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանուն «Գենդերատեսիլի» մի՞թե պիտի պղծենք մեր դրոշը

14.02.2018 22:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանուն «Գենդերատեսիլի» մի՞թե պիտի պղծենք մեր դրոշը

Մինչ ազգովի սրտնեղել ու շատ ենք համարում, որ Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանը, համաձայն էսքիզի, պիտի փաթաթված լինի եռագույն դրոշով, արի ու տես, որ աչք ենք փակում քթներիս տակ եղած ավելի սարսափելի երեւույթի առաջ: Ավելին՝ ազգային, պետական խորհրդանիշը փաթաթում ենք ո՛չ ավել, ո՛չ պակաս Վեռկա Սերդուչկայի հորքուրի կամ Կոնչիտայի մորքուրի հայազգի աղջկա վրա: Եվրոպական երկստանդարտները տեղայնացվում են Հայաստանո՞ւմ, թե՞ առանց գեղեցիկ բառերով քողարկելու միանգամից ասենք, որ մեծամասնության արժեքային, բարոյական համակարգը, ազգային նվիրական զգացումները, ուղղակի, հերթական անգամ ոտքի տակ է տրվում: Ինչեւէ, սկսենք սկզբից:

Հայաստանի Առաջին հանրապետության բացառիկ նմուշներ ու կարեւոր փաստաթղթեր են ցուցադրվել

Թերեւս հեծանիվ հորինած չենք լինի, եթե հիշեցնենք, որ վերջին առնվազն մի քանի տարիներին «Եվրատեսիլը» վերածվել է «Գենդերատեսիլի» ու երաժշտական մրցույթի փոխարեն դարձել ԼԳԲՏ քարոզարշավի: Դե, Հայաստանն էլ գլուխը կախ որոշել է հետ չմնալ, ու «Դեպի Եվրատեսիլ» նախագծում այս տարի սողոսկել է դերասան ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ավելի ճիշտ՝ այս դեպքում բլոգեր Կամիլը՝  տրանսվեստիտի կերպարով: Ու սա էլ քիչ է, որոշ լրատվամիջոցներ, մնացած 19 մասնակիցներին թողած, ձեռնամուխ են եղել Կամիլին գովազդելով, վերջինս ո՛չ հեռուստատեսության էկրաններից է իջնում, ո՛չ թերթերի ու կայքերի էջերից:

Օրինակ, «Հրապարակ» օրաթերթն այնքան է ոգեւորվել այս գաղափարով, որ աչքալուսանք է տվել, քիչ է, դեռ մի բան էլ հանդես է եկել ողջ հայության անունից՝ մասնավորապես` նշելով: «Սա նվեր է Եվրոպային՝ ցույց տալու, որ «հոմոֆոբ» Հայաստանում փակ դռներ չկան դրագ-քուինների համար, որ «մշտնջենական հայկականը» եվրոպական բեմում դրոշ դարձնելը ձանձրացրել է նաեւ մեզ՝ հայերիս»:

Գիտեք, եթե հայ ժողովուրդը լիներ ինչ-որ մի չուչմեկ, գուցե այս ամենին այդքան ուշադրություն չդարձնեինք եւ ոչ էլ կարեւորեինք, թե մեր դրոշի տակ ով` ինչով է զբաղվելու: Բայց ավելորդ չենք համարում հիշեցնել, որ այս տարի հպարտորեն նշում ենք Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը, Արցախյան շարժման 30-ամյակը, կարիք կա՞ էլի շարունակելու... Ու այս ֆոնին պարզվում է՝ այն, ինչ ծնել է  2800-ամյա քաղաքամայր Երեւանը, լոկ մի Կամիլ է՝ բաղաձայն ու անհայտ սեռով: Մենակ թե, չասեք, որ բա ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագիր ենք կնքել, Ստամբուլյան կոնվենցիայի տակ ենք մնացել, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու տված տնայինն ենք արել... Համենայնդեպս, մեզ չհաջողվեց Կամիլի մասին որեւէ անդրադարձ տեսնել այս պատճառաբանություններում: Ամեն դեպքում, հուսանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ եւ ,Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 19-ին, հեռուստադիտողները կկարողանան հենվել սեփական իմունիտետի վրա եւ ընտրել ձայնային լավ տվյալներ ունեցող, կողմնորոշված սեռով երգչի կամ երգչուհու, որը գոնե արժանի կլինի եռագույնը ծածանելուն, ու չենք ամաչի դրանից:

Ի վերջո, «Եվրատեսիլը» ի սկզբանե՝ 50-ական թվականներին մեկ գաղափար է ունեցել՝ ներկայացնել ազգերի երգն ու երաժշտությունը եւ բարեկամություն սերմանել, իսկ եթե այն այսօր միտված է այլասերում սերմանելուն, ապա եռագույնը մի՛ տարեք այս հեղինակազրկված մրցույթին, ձեզ ծիածանագույն լաթի կտորը լրիվ հերիք է: 

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА