ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Այն, որ ԱԺ փոխխոսնակի աթոռը զբաղեցնող ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ ոչ մի լավ բան սպասել չի կարելի, վաղուց է հայտնի: Սակայն նա զարմացրեց մեզ` փորձելով հերքել այն այբբենական ճշմարտությունը, որ պարտված ղեկավարը պիտանի չէ բանակցություններ վարելու համար: Նա տրամագծորեն հակառակ կարծիքի է. «Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ: Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»: Դե եկ ու մի ասա` իյա՛, իրո՞ք: Սակայն սա դեռ ամբողջը չէ, նա նաեւ դեմ է թուրքի զավթածը հետ բերելուն. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք եւ մեր բաժին հաղթանակը կունենանք: Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական եւ վնասակար»: Քանզի ըստ նրա` «Տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա» եւ, ուշադրությո՛ւն, «Ձեր ազգը պարտվել է»: Ասելով, «Ձեր ազգը», նա ակամա խոստովանում է, որ մեր ազգին չի պատկանում, հայ չէ, չհայ է: Դե իհարկե, միայն չհայը կարող է զարմանալիորեն պատկերացնել, որ «տարածաշրջանի մարդկային դեմք» հնարավոր է ստեղծել ֆոսֆորային ռումբերով, խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, տեսախցիկի առաջ ցուցադրաբար հայի վիզ կտրելով...
Մեր երկրի դեմ ադրբեջանաթուրքատեռորիստական ագրեսիան ոչ մի երկիր, այդ թվում` «քաղաքակիրթ» Արեւմուտքը, չդատապարտեց: Սակայն սկսեց իրեն պատռել, թե ինչու են ռուսական իշխանությունները ձերբակալել ԱԼԵՔՍԵՅ ՆԱՎԱԼՆՈՒՆ: Դե, քաղաքականությունը հաճախ չի տարբերվում անառակությունից, սակայն իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով երբեւէ աչքի չի ընկել ռուսասիրությամբ, զարմանքով արձանագրում է մեր որոշ արեւմտամետների անբարո պահվածքը. «Զարմանալիորեն հայ «առաջադեմները», որոնք չեն նկատում Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումները, «քաղաքական հետապնդումների» մասնագիտացված դատարանների ստեղծումը, սկսեցին փրփուրները բերաններին պաշտպանել կոռուպցիոներ, ազգայնական, հայերին արհամարհանքով «խաչիկներ» անվանած, բայց «մեծ ժողովրդավար» Ալեքսեյ Նավալնուն: Իսկ իրականում այսօր Ալեքսեյ Նավալնին Արեւմուտքի համար պետք է կատարի նույն դերը, ինչ 1917թ. Վլադիմիր Լենինը, այն է` հեղափոխություն իրականացնի Ռուսաստանում: Իսկ ինչ պատահեց 1917թ. հեղափոխությունից հետո մեր տարածաշրջանում: Ռուսական զորքը Լենինի կողմից կանչվեց Ռուսաստան, եւ թուրքական ուժերը եւս մեկ անգամ գրավեցին Արեւմտյան Հայաստանը եւ կոտորելով առաջ շարժվեցին մինչեւ Սարդարապատ: Եվ եթե չլիներ Արամ Մանուկյանը, հավանաբար Հայաստան բառը վաղուց մոռացված կլիներ»:
Աչքներս լույս, առողջապահության մահարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ պաշտոնի բարձրացում ունի. «Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը»: Սակայն եթե կարծում եք, թե առողջապահության համակարգը պրծավ Արսեն Գարդասիլլողից, ապա զարմանալիորեն սխալվում եք` նա շարունակելու է ղեկավարել համակարգը «նորանշանակ» Անահիտ Ավանեսյանի միջոցով, որը 2018-ի հակասահմանադրական հեղաշրջումից ի վեր նրա տեղակալն էր, եւ գումարած դրան` առկա են ընդհանուր բիզնես-շահեր: Այնպես որ, երբ Թորոսյանն ասում է, որ «Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում եւ հայտնում իմ պատրաստակամությունը` աջակցել նրան ուժերիս ներածին չափով», նա զարմանալիորեն անկեղծ է:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ