ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տուժել է մտավորապես 132 հազար գյուղացիական տնտեսություն. Հ. Բաբուխանյան

03.09.2018 16:50 Հրապարակումներ
Տուժել է մտավորապես 132 հազար գյուղացիական տնտեսություն. Հ. Բաբուխանյան

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում այսօր ընդգրկված էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:  Իր ելույթում ՍԻՄ նախագահ, պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ անդրադարձավ վերոնշյալ նախագծի բացթողումներին ու հիմնախնդիրներին նշելով.

«Կանգնած ենք իսկապես դժվար դիլեմայի առաջ, մի կողմից Սեւանն է, մյուս կողմիցՙ գյուղացիությունը: Պետք է ասել, որ այս տարի սակավաջուր տարի չէր եւ երաշտ չկա, որի մասին ոչ ոք չհայտարարեց: Դրա մասին վկայում է նաեւ այն, որ այս տարի Արփայից Սեւան մտել է 13 տոկոսով ավելի շատ ջուր, քան օրինակ երկու տարի առաջ, երբ ամեն ինչ նորմալ էր եւ Սեւանից ջրառ չի կատարվել: Դրա մասին վկայում է նաեւ, որ այս տարի հուլիսին, ինչպես մեզ տեղեկացրեցին, ջրամբարներում մենք ունենք 603 միլիոն խորանարդ մետր ջուր, այն դեպքում, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ունեինք 487 միլիոն: Տարբերությունը հսկայական է: Հարց է ծագում, եթե չկա երաժտ, ապա ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը: Բայց ավելի կարեւորը է, թե ի՞նչ ենք անելու: Պատահական չէ, որ ես կառավարության ներկայացուցչին հարցնում եմ, թե  Սեւանի բաց թողած ջրից որքա՞ն լրացուցիչ էլեկտրոէներգիա է արտադրվելու, ինչքա՞ն գումար է սպասվում: Մեր տվյալներով 2 միլիարդ դրամ: Այդ գումարները ի՞նչ է արվելու, ո՞ւր է գնալու, ի՞նչ նպատակով է ծախսվելու, այդ ի՞նչ ներդրումային ծրագրի մասին է խոսվում ծրագրում այն դեպքում, երբ խորհրդարանն է որոշում բյուջետային ծախսերի ուղությունները: Ինչո՞ւ է գնում արտաբյուջե, ինչո՞ւ է թաքցվում արտաբյուջեում եւ չի գնում բյուջետային ծախսերի նպատակով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չլսվեցին կառավարության ներկայացուցչի կողմից: Լավ կլիներ այդ հարցերի պատասխանները մենք լսեինք մինչ այս նախագիծը ԱԺ բերելը, եթե լինեին հանրային քննարկումներ: Այն, որ ջրային կոմիտեն բաց է աշխատում շատ լավ է, բայց մենք չենք գալու ձեր մոտ, պետք է հանրային լսումներ կազմակերպեիք լսելով էկոլոգներին, Բնապահպանության նախարարությանը եւ այլոց: Իսկ գյուղացիությունը ինչո՞ւ տուժեց, ինչո՞ւ մեր պատմության մեջ արդեն 5-րդ անգամն է, որ անդրադառնում ենք այս հարցինՙ օրենքի ընդունումից հետո»:

Ըստ պատգամավորի առաջին անգամ Սեւանի ջրառի հարցը լսվել է 2008 թվականի հունիսի 10-ին, հաջորդըՙ 2012թ.-ի հունիսի 22-ին որոշում ընդունվեց, 2014 թվականին հունիսի 21-ին եւ 2017թ.-ին հուլիսի 6-ին: «Այսինքն մենք հիմա երկու ամիս ուշացումով ենք անդրադառնում հարցին, որի ընթացքում գյուղացիությունը 1,5 ամիս տանջվում էր առանց ոռոգման ջրի: Ըստ մասնագետների բերքի կորուստը կազմում է մոտ 4 միլիարդ դրամ: Այն ինչ պետք է փրկենք 6 միլիորդ դրամ է: Սրանք մոտավոր թվեր են: Գտնում եմ, որ այս իրավիճակում պետք է գնանք լրացուցիչ ջրառի, որպեսզի օգնենք մեր գյուղացուն: Միարժամանակ այն գումարը, որը կստանաք էլեկտրոէներգիայի լրացուցիչ վաճառքից պետք է գնա գյուղացիության կորուստների փոխհատուցմանը: Իսկ տուժել է մտավորապես 132 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց պետք է տրվի ոռոգման ջրի փոխհատուցում»:

Պատգամավորը իր ելույթում հանդես եկավ օրենսդրական առաջարկությամբ. «Առաջարկում եմ օրենքի նախագծում մտցնել ոչ թե այն, որ ստացած փողը գնալու է արտաբյուջե, իսկ հետո ինչ կլինի` չենք իմանա, այլ ՍԻՄ կուսակցությունը առաջարկում է մտցնել ոռոգման ջրի փոխհատուցում»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА