Ասում են՝ վիճակը օրհասական է, բայց երկու շաբաթ հենց այնպես սպասե՞նք. Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Ազատության հրապարակում մարտի 13-ին կայացած  «Միասին» շարժման հանրահավաքին եկածների մի ստվար զանգված հեռացել էր դժգոհ: Իսկ պատճառն այն էր, որ միավորման կոչեր անող շարժման հարթակում ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ելույթն այդպես էլ չհնչեց, մինչդեռ նա կոչ էր արել անպայման մասնակցել հանրահավաքին, եւ մարդիկ սպասում էին հենց նրա խոսքին: Ինչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել ԱԻՄ նախագահից:

— Ոմանք իսկապես հանրահավաքին եկել էին իմ հրավերով: Նախ հիշեցնեմ, որ դրան նախորդած հանրահավաքին ես հարթակից ասել էի, որ մենք դիմելու ենք դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով եւ քանի որ դրան հետեւեցին զարգացումներ՝ մինչեւ իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը սուտ խոստովանություն տվեց, թե իբր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն իր ձեռքի տակ է, բայց պետք է նոր Սահմանադրություն գրվի (ինչը եւս սուտ է) գիտակից մարդիկ սպասում էին, որ որպես ամփոփում` պետք է խոսեմ: Պայմանավորվածություն նախնական, որ անպայման պետք է խոսեմ, չկար, ոչ էլ որեւիցե մեկից խոսելու հրավեր պետք է սպասեի: Այդ միջոցառմանը մասնակցում էի հավասարի իրավունքով, քանի որ ավելի շատ մարդ ես էի հրավիրել` կազմակերպական իմաստով, քան բոլորը միասին վերցրած: Սա հաստատ գիտեմ: Բայց պարզվեց, որ իմ սուր քննադատությունից նեղսրտել են, որ ասել եմ` չի կարելի կույր ձեւանալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է աշխարհում, մասնավորապես` չպետք է անտեսել, որ եվրադիտորդների ժամանումը Հայաստան զգալիորեն զոհերի թիվը պակասեցրել է, եւ երկրորդ` Հրանտ Բագրատյանի (ՀՀ նախկին վարչապետ) խոսքերին արձագանքնելով՝ ասել էի, որ հարաբերությունների սառեցում չի նշանակում անպայման Ռուսաստանին ներկայացնել` որպես գազան, որ եթե Հայաստանն ինքնիշխանությունից խոսի, Ռուսաստանը վարվելու է գազանի պես, այդպես չէ՛: Մենք տարբեր ռուսաստաններ ենք տեսել: Այս քննադատությունից հետո՝ Արամ Գ. Սարգսյանին ասել էին, թե Պարույր Հայրիկյանը մեզ հակասում է: Արամ Գ. Սարգսյանն էլ ասել էր, որ մենք պայմանավորվել ենք, տարբեր ուղղություններով պետք է պայքարենք, այդ հարցն էլ կքննարկենք իրար հետ: Ինձ զանգահարեց նա եւ ասաց, թե խոսեք իրար հետ, ասացի` դեմ չեմ խոսելուն: Բայց, ի վերջո, այդ խոսակցությունը չկայացավ, մանրամասները հիմա չասեմ: Երբ չկայացավ, Արամ Գ. Սարգսյանն ասաց, թե հակասություններ կան, ես էլ շեշտեցի, որ եթե ճշմարտությանը հավատարիմ ենք, հակասություններ չի կարող լինել, իսկ եթե նկատառումներ ունեք կամ հրահանգներ, կարող են լինել: Այնուամենայնիվ, որոշեցինք այնպես անել, որ չերեւա պառակտում: Բայց ինձ համար ամենասարսափելին ուրիշ բան էր, չէի ցանկանա, որ նաեւ իմ կոչով հանրահավաքին եկած մարդիկ հիասթափված հեռանային: Եվ ինձնից կախված ամեն ինչ արեցի, որ այդպես չլինի: Ինձ շատերը մոտեցան հրապարակում եւ հարցրեցին, թե ինչու չեք խոսում: Չուզեցի լարել իրավիճակը, բայց, իհարկե, իրենց արածը շնորք չէր: Ես հո չէի գնալու ասեի՝ անպայման պետք է խոսեմ, ես հարցազրույցներ ունեմ 300 հազար մարդ է դիտել, իմ խոսքը գիտեմ, ինչպես հասցնեմ հանրությանը:

- Նպատակն այս շարժման, կարծես թե, արտաքին քաղաքական վեկտորների մասին չէր, այլ միավորվելն ու պայքարելն՝ ընդդեմ հակազգային օրվա իշխանության: Չէ՞ որ այս հարցում իրականում հակասություն չկա:

- Իհարկե, դրա համար էլ երբ սկսում են խոսել ուրիշ թեմաներից, պետք է նկատի ունենան, որ կարող են հակադարձվել: Եթե իմ ներկայությամբ ասում են, որ սեւը սպիտակ է, ես պարտավոր եմ ասել՝ սեւը սեւ է: Սա տարրական բան է: Դրա համար էլ ասում եմ՝ եկեք չխոսենք սեւ ու սպիտակի մասին: Ասում են, որ ի վերջո, նիկոլական պառլամենտականների միջոցով պետք է հասնել իմպիչմենթի: Դա հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների համաձայնության դեպքում եւ աներեւակայելի համազգային բուռն դրսեւորման, որը հաստատ մի օր պետք է լինի: Մենք էլ ասում ենք անպայման հենց հիմա պետք է Սահմանադրական բարեփոխումների բացարձակ ժողովրդավարության հայեցակարգը դնել քննարկման, որ աշխարհում ամենախելացի երկիրը դառնանք: Այս հարցերում էլ համաձայնության չենք եկել, էլ ինչո՞ւ եմ շարունակում իրենց հետ: Ես ընտրել եմ իրավական պայքարի ճանապարհը՝ հանրության աջակցությամբ: Եվ պետք է ասեմ, որ այդ իրավական ճանապարհից նիկոլականները խուճապի մեջ են: Փաստերով կարող եմ ասել՝ բացի Նիկոլ Փաշինյանի ելույթից, դրանից մի օր առաջ էլ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի, այսպես կոչված, «նախագահը» հանկարծ խոսեց, թե իբր հայեցակարգը պատրաստ է: Պատկերացրեք, թե ինչ աստիճանի վախեցած են: Ես այս զարգացումները պետք է ներկայացնեի հանրահավաքին, բայց զարմանալիորեն չեղավ, ինչն անպատասխան չեմ թողել եւ իմ էջում քննադատական խոսք կա ու բարեկիրթ ամփոփում: Բայց ես կոչ չեմ անում հիասթափվել, ընդհակառակը՝ կոչ անում կազմակերպված շարունակել պայքարը:

- Հրապարակում հավաքված մարդկանց մեջ ցասում կար, նրանք գործողություններ էին ուզում տեսնել: Մինչդեռ վերջին հանրահավաքին հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը կլինի երկու շաբաթ անց, իսկ շարժման ակտիվն այս ընթացքում կունենա  մարզային այցելություններ: Ի՞նչ կասեք այս մասին, որքանո՞վ է հնարավոր այս քայլերով հասնել Փաշինյանի իմպիչմենթին:

- Մարզային այցելություններն ընդհանրապես վատ չէ, պետք է գնալ-հանդիպել: Բայց դրա հետագա զարգացումները ծիծաղելի են որովհետեւ մարզային ամենալավ հանդիպումները զրոյական բան է եղել, երբ անհատը գնում է անհատների հետ հանդիպելու: Դրանք հանրահավաքներ չեն, նախապատրաստված չեն: Կարճ ասած, մտածում էի տարիների ընթացքում կազմակերպական իմաստով ինչ-որ փորձ ձեռք բերած կլինեն եւ պետք է օգնենք իրար: Բայց ի՞նչ է ստացվում, ասում են՝ վիճակը օրհասական է, բայց երկու շաբաթ հենց այնպես սպասե՞նք, այդպես չի լինում: Մի թեւավոր օրինակ բերեմ. նույնն է, թե երբ թուրքերը հասել էին Սարդարապատ, պատերազմից առաջ Արամ Մանուկյանն ասեր՝ գնում ենք մարզեր խորհրդակցելու: Կամ էլ իրականում վիճակն օրհասական չէ, ուրեմն՝ չպետք է խաբենք: Ամեն դեպքում, այս բոլոր քննադատական խոսքերն ասելով հանդերձ՝ այնպես չէ, որ ես տրամադրված եմ, թե վերջ, խաչ եմ քաշում: Ո՛չ, ժողովուրդը ոչ մեկին չի պատկանում, եթե որեւէ մեկը կարող է ժողովրդի անունից խոսել, այն մարդն է, որին ամենաշատն են ձայն տվել: Իսկ հայ իրականության մեջ դա ես եմ՝ սկսած 1991 թվականի անկախության հանրաքվեից, որին ձայն են տվել 94 տոկոսից ավելին: Այնպես որ, ընդհանուր առմամբ պետք է շարունակենք աշխատել բոլորի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278712&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ