Ուր հասան «Միասին»-ի քաղաքական բանակցությունները
ՆերքաղաքականԱզատության հրապարակում կայացավ «Միասին» շարժման հերթական հանրահավաքը: Ինչ խոսք, դրական է այն, որ նախորդ հանրահավաքից դասեր քաղած` այս անգամ հարթակում չկար կարգալույծ նախկին հոգեւորական: Հարթակը համալրվել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանով եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանով: Սակայն, նախորդ հանրահավաքին խոստացված քաղաքական բանակցությունները ընդդիմադիր ուժերի հետ, կարծես թե, էական արդյունքներ չեն տվել: Համենայնդեպս, ի տարբերություն նախորդ հանրահավաքի` այս անգամ խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչներ չկային: Շարժման ղեկավարներից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, թեպետ չմանրամասնեց, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ են բանակցություններ ունեցել, բայց նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում բոլորը միակարծիք են: Այդուհանդերձ, փաստենք, որ չնայած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում կա որոշակի կոնսենսուս ընդդիմադիր դաշտում, բայց «Միասին»-ին միանալու օրակարգ այդպես էլ չի ձեւավորվում: Ավելին` այս անգամ հարթակում չէր նաեւ շարժման խորհրդի մաս կազմող Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Ի վերջո, ինչ քայլեր է պատրաստվում անել «Միասին»-ը, հարթակից ԱԻՄ նախագահ Պ. Հայրիկյանն առաջարկեց մեկ շաբաթ անց հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց եւ պահանջել, որպեսզի բանտարկեն Նիկոլ Փաշինյանին: Իսկ Արամ Գասպարիչը նշեց նաեւ մարզային այցելություններ կատարելու անհրաժեշտության մասին:
https://iravunk.com/sim/?p=277688&l=am/