o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.09.2016 18:35 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին` ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ իրավացիորեն նշում է. «Գուցե սխալվում եմ, բայց քողարկված չարախնդություն տեսա: Փաստերի սելեկտիվ ընտրությունը գոնե թե դա է վկայում»: Նա նաեւ կասկածի տակ է առնում Ռոբերտ Սեդրակիչի պնդումը, թե. «այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից...», մատնանշելով. «Այստեղ միանգամից հարց է առաջանում` ինչո՞վ. համեմատե՛ք այն ժամանակվա տնտեսական աճերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, համեմատե՛ք աշխատավարձերի մակարդակը, համեմատե՛ք տնտեսական միջավայրի պարամետրեր ու նորից ասեք` ինչո՞վ` բարեփոխումներո՞վ, ազատություններո՞վ, հա իհարկե, այն տարիներին մենք ավելի քիչ կայքեր ու սոցիալական ցանցեր էինք փակել, քան Ադրբեջանում, դրանում համաձայն եմ...»: Սակայն ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավարը զարմանալի լավատեսություն է դրսեւորում. «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում պետք է որ տեսանելի դառնան կառուցողական նոտաներ, տրամաբանությունը դա է հուշում: Ես դեռ հույս ունեմ»: Դե ինչ, առջեւում ընտրարշավ է, ու, բնականաբար, պարոն Քոչարյանը պարոն Ավագյանի այդ հույսերը հաստատ չի արդարացնի:

ԶԱՐՄԱՆՔ

Ու մինչ քոչարյանական քարոզչամեքենան շարունակաբար փչում է «տարածքներ հանձնելու» ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը խոսելով ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրվելիք ռազմաքաղաքական փոխօգնության համաձայնագրի մասին` նշեց. «Եթե բանը հասնի ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ապա այն պետք է ճանաչել Սահմանադրությամբ ամրագրված տարածքով, ինչը ենթադրում է նաեւ Շահումյանի շրջանը` հարակից ենթաշրջաններով, այսինքն` 12 հազար քմ տարածք»: Դե ինչ, հիշեցնենք, որ ԼՂՀ  Սահմանադրությամբ ամրագրված տարածքը ընդգրկում է այն բոլոր հողերը, որոնց շուրջ ոմանք կիկոսություն են անում, դեռ մի բան էլ ավելին: Դրանով իսկ պատգամավորը զարմանալի դաժանությամբ վայ-քարոզիչներին զրկեց վերջիններիս ամենասիրելի զբաղմունքից` մազոխիզմից: 

Զարմանալի ժամանակաշրջան ենք ապրում` երբեւէ «Մարդու իրավունքների» կեղծ կրոնը չդավանող Իրանը անդրադարձավ Մարդու իրավունքների վիճակին` մազութային սուլթանատում: Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ ԲԱՀՐԱՄ ՂԱՍԵՄԻՆ մասնավորապես նշեց. «Պետությունների ներքին խնդիրներն իրենց են առնչվում: Մենք տարածաշրջանի երկրներին նախազգուշացնում ենք, որ եթե իրենց երկրների օրենքների շրջանակներում գործող չափավոր մուսուլմանների հետ բիրտ ձեւով վերաբերվեն, ապա դրա արդյունքում կծնվեն եւ կզարգանան ահաբեկչական նոր խմբավորումներ»: Պատկերացնում եք չէ՞, մշտապես անխտիր բոլոր հարեւանների ներքին խնդիրների հանդեպ զուսպ Իրանը ինչպիսի այլանդակություններ է տեսել Ադրբեջանում, որ հորդորեց. «Կառավարություններին խորհուրդ ենք տալիս այն մուսուլմաններին, որոնք անձնագիր ունեն եւ շարժվում են օրենքի համաձայն, լավ վերաբերվել եւ թույլ չտալ, որպեսզի ահաբեկչական խմբերն օգտագործեն այդ մարդկանց»: Բա որ ասում էինք, որ Ադրբեջանը «Իսլամական պետության» ահաբեկչական կադրերի դարբնոց է... 

Իսկ Երեւանում տեղի է ունեցել մի զարմանալի դեպք, որը անեկդոտի է արժանի: Պատկերացնո՞ւմ եք ձկնագողություն Երեւանյան լճում: Եվ ահա Բնապահպանության նախարարությունն ահազանգ է ստանում թիավարությամբ զբաղվող մարզիկներից, որ լճում 400 մետրանոց ձկնորսական ցանց կա եւ. «Սեպտեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները որսագողության միջոցները դուրս են բերել լճից: Տեղում առգրավվել է 30 հատ կարաս տեսակի կենդանի ձուկ, որը բաց է թողնվել լիճ: Փաստի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կազմել է համապատասխան արձանագրություն եւ փոխանցել իրավապահ մարմիններին»: Բայց ամենաանեկդոտիկն այն է, որ ցանցի հեղինակը ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ է, որը ցանցը տեղադրել էր պլաստիկե շշերից եւ այլ աղտից լճի ավազանի` դեսպանատանը հարող տարածքը մաքրելու համար: Զարմանալի է, որ այն, ինչը հայտնի էր մայրաքաղաքային ամեն մի տաքսիստի, տակավին անհայտ էր որսագողության դեմ պայքարող մարմիններին:  Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА