o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ՎԵՑԿԵՏԱՆՈՑ ՄԵԽԱՆԻԶՄԸ

16.10.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ՎԵՑԿԵՏԱՆՈՑ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հազիվ երեք շաբաթ է անցել, բայց ահա Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցն են իրականացնում: Իսկ դա մեկ բան է նշանակում, որ արցախյան բանակցային գործընթացն ակտիվ տեմպերի մեջ է:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՐԵՑԻՆ

Ասենք, Նյու Յորքի հանդիպման եւ համանախագահների այս այցի ընթացքում Արցախի հետ կապված այնքան կարեւոր բայց նաեւ քիչ բարձրաձայնված դետալներ են արձանագրվել, որ արդեն գործընթացն ակտիվ անվանելն էլ է թույլ, փաստացի ունենք գերարագ ընթացք: Այսպես, Նյու Յորքից հազիվ մեկ շաբաթ անց ՌԴ նախագահ Պուտինի հայաստանյան այցն էր, եւ միամտություն կլինի կարծել, որ Փաշինյանի հետ ունեցած զրույցում արցախյան հարցին ամենալուրջ արձագանքը չի եղել: Առավել եւս, որ դրան հաջորդեց Լավրովի հայտնի հայտարարությունը, որով, ըստ էության, Փաշինյանին մեղադրում էր բանակցություններն «արգելակելու» մեջ: Դրան էլ հաջորդեց Աշխաբադում Ալիեւ-Փաշինյան ոչ պաշտոնական հանդիպումը, եւ հաշված օրեր անց համանախագահները տարածաշրջանում են: Նաեւ հիշեցնենք. այն, որ համանախագահների այս այցը չէր ուշանալու, պարզ էր դեռ Նյու Յորքի հանդիպման առթիվ նրանց տարածած պաշտոնական հաղորդագրությունից: Հիշեցնենք, դրանով համանախագահները նախ ֆիքսեցին, որ «բռնության նվազեցմանն ուղղված կողմերի ջանքերը» դրական արդյունքներ են տվել, այսինքն՝ սահմանային իրավիճակը բավարար հանդարտ է: Իսկ դա ազդակ է, որ սահմանային լարվածության մակարդակը նպաստում է հակամարտության բուն կարգավորման բանակցությունները ակտիվացնելուն: Ապա նաեւ համանախագահները եւս մեկ անգամ շեշտեցին, թե ինչ հիմքով կարգավորման մասին է խոսքը՝ հիշեցնելով իրենց մարտի 9-ի հայտարարության մասին: Դա հայտնի 3 սկզբունքների եւ 6 կետերի վրա հիմնված մեխանիզմն է: Վերջապես, հավելյալ անգամ սպառնալից տոնով նախազգուշացնելով՝ «Նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ կանխորոշում է բանակցությունների ելքը», համանախագահները նաեւ հայտարարեցին, որ «մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան»: Թե ինչի համար, դժվար չէ կռահել. ներկայացված այդ բոլոր հիմքերով բանակցային գործընթացն առաջ տանելու: Ընդ որում, դա «սրբագրեց» նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, տեղեկացնելով, որ համանախագահների այդ տարածաշրջանային այցին կհաջորդի «մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը»: Այս ողջ իրավիճակի հետ կապված, անշուշտ, մեկ հիմնական տրամաբանական բացատրություն կարող է լինել: Նյու Յորքի հանդիպումից հետո այս միջանկյալ ժամանակը պետք էր պետությունների ղեկավարների ¥այդ թվում՝ Պուտինի¤ մակարդակով ինչ-ինչ հարցեր ճշգրտել-հստակեցնելու համար, եւ դրան հաջորդած համանախագահների այցն այդ ճշգրտումներով հանդերձ, բանակցային գործընթացը վերադարձնում է պաշտոնական հուն: Համենայնդեպս, նաեւ այդ մտքին կարելի է հանգել՝ համանախագահների հետ Փաշինյանի երեկվա հանդիպման առնչությամբ տարածված պաշտոնական հաղորդագրությունից: Նկատենք, այդ հաղորդագրությունն առավել քան աղքատիկ է, ասված է միայն սա. «Վարչապետը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջեւ վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարեւորությունը: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը եւ դրան ուղղված քայլերին»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

Սակայն այսքանի տակ էլ շատ բան կարելի է կարդալ: Նախ հիշեցնենք, ժամանակին ամեն պատեհ-անպատեհ առիթով Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել»: Ու այդ ուղղությամբ տանում էր ծավալուն քարոզչական գործընթաց, այդ թվում՝ իր իսկ կնոջ ներգրավմամբ. հիշեցնենք տիկին Աննայի «փամփուշտներից զարդեր ձուլելու» «ցնցող» գաղափարը: Բայց ահա վերջին ժամանակներս Փաշինյանի մոտ նկատվեց կտրուկ շրջադարձ, արդեն առաջնայինը այս թեզերն էին՝ «Արցախը Հայաստանն է», «թող Ալիեւն էլ հրապարակավ հայտարարի, թե հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար» եւ այլն: Ընդ որում, այս մոտեցումները նրա մոտ նկատվում էին նաեւ Նյու Յորքի հանդիպումից հետո՝ ՄԱԿ-ում նրա ելույթում: Բայց ահա համանախագահ երկրների կողմից, ի դեմս Լավրովի, եղավ վերջնագրի նմանվող հարված, գնաց, Աշխաբադում «կրթված» Ալիեւի հետ մի երկու ժամ խոսեց, ու հիմա արդեն «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը» նորից դարձավ «անհրաժեշտություն»:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

 

«ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»-ԻՑ ԱՆՑՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ»

Ի դեպ, շատ հետաքրքիր է, թե այս երեք շաբաթում այդ ի՞նչ եղավ, որ «Արցախը Հայաստանն է»-ից Փաշինյանն անցում կատարեց «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը»: Իհարկե, խոսքը պաշտոնական բացատրությունների մասին է, հաշվի առնելով, որ Նյու Յորքից հետո պաշտոնապես ոչինչ չի ասվել բանակցային գործընթացի զարգացումների, անգամ՝ դրանց լինել-չլինելու մասին: Եվ ահա համանախագահներից հետո ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումից հետո ներկայացված տեղեկատվության մեջ կարելի է որոշ բացված փակագծեր գտնել: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց. «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած քննարկումներին եւ այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին...»: Նախ հասկանանք այսքանը: Այսպիսով, մեր ԱԳՆ-ն եւս փաստում է, որ Նյու Յորքի հանդիպումից հետո «արձանագրվել են զարգացումներ», եւ հենց դրանք էլ, ըստ էության, բերել են իրավիճակի այնպիսի փոփոխության, որը «Արցախը Հայաստանն է»-ն վերածվեց «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտության»: Կամ հաջորդ փաստը. պատահակա՞ն էր, որ համանախագահներից շատ չանցած, Փաշինյանը հանդիպեց նաեւ Երեւան շտապած Բակո Սահակյանի հետ ¥թեեւ վերջին Ստեփանակերտում պետք է ընդուներ համանախագահներին¤: Ավելին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանն այս միտքն է հնչեցրել. «Այսօրվա քննարկումն էլ կարեւոր է վերջին՝ շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները եւ տպավորությունները Ձեզ հետ կիսվելու առումով»: Սահակյանն էլ արձագանքեց. «Տեղի են ունեցել մի շարք նշանավոր իրադարձություններ եւ այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ»: Կարճ ասած, միայն այսքանը ցույց է տալիս, որ ինչ-որ գերակտիվ գործընթաց կա, որի մասին հանրությանը ոչինչ չի ասվել: Իհարկե, սա առանց այս հուշումների էլ հասկանալի է, թե ինչ է կատարվում, ինչին քանիցս անդրադառնալու առիթ ունեցել ենք: Պարզապես այս ամենի վրա կենտրոնացան՝ միայն ֆիքսելու համար, որ եղել են նման լրջագույն բանակցային զարգացումներ, իսկ ահա մեր պաշտոնական ատյանները բառ անգամ այդ մասին չեն հայտնել: Ինչ է դա հուշում, որ չնայած Փաշինյանի այն հայտնի խոստումներին, բանակցային գործընթացը վեր են ածել յոթ փակի տակ պահվող գաղտնիքի: Չնայած, իմաստն էլ դժվար չէ. «Արցախը Հայաստանն է»-ից անցումը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտության» նշանակում է Փաշինյանի կողմից դիրքերի էական զիջում: Իսկ եթե դիրքերն այդքան վատ են, այդ ո՞ր մի չինովնիկը դա կբարձրաձայնի: Համենայնդեպս, ԱԳՆ-ի հաղորդագրության երկրորդ հատվածը նաեւ այդ թույլ դիրքերի մասին է ակնարկ պարունակում: «...ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, եւ այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը»: Մինչ այս նույն Մնացականյանը բանակցային գործընթացի մասին խոսելիս համոզում էր, թե որեւէ լուրջ բան չկա, սեղանին ոչ մի փաստաթուղթ էլ դրված չէ: Կարճ ասած, հանդիպում են, ինչ-որ բաներ քննարկում, մենք մերն ենք ասում, Բաքուն՝ իրենը, փորձում ենք ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, եւ վերջ: Բայց ահա այս անգամ նույն ՀՀ ԱԳՆ-ն օգտագործում է «ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» տերմինը, ու դեռ մի բան էլ հորդորում՝ դրանք «համաչափությամբ» բաշխել: Եվ հետաքրքիր է, այդ ի՞նչ պարտավորություններ են մեր իշխանությունները «խաղաղ գործընթացի» հետ կապված ստանձնել: Չնայած, այս ամենի բացատրությունը կարող է տալ այն հարցի պատասխանը, թե, ի վերջո, մասնավորապես` Փաշինյանն այդ ի՞նչ հիմքի վրա է ուզում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել»: Մնացականյանը խոսում է Նյու Յորքի քննարկումներից, մինչդեռ այնտեղ համանախագահները հիշեցնում էին Փարիզի, Մոսկվայի եւ Վաշինգտոնի հանդիպումների մասին՝ անթաքույց ընդգծելով, որ դրանց հիմքում դրված է իրենց մարտի 9-ի հայտարարությամբ ի ցույց դրված 3 սկզբունքների եւ 6 կետերի վրա հիմնված մեխանիզմը: Այլ կարգավորման մեխանիզմ եւ նշույլ օրակարգում պարզապես չկա, եւ եթե իրոք Փաշինյանը գնում է «խաղաղության նախապատրաստման» ուղղությամբ, ապա ուզես-չուզես այն մտքին ես հասնում, որ հիմքը հենց այդ մեխանիզմն է: Եթե այդպես է, կնշանակի, որ Նյու Յորքից հետո տեղի ունեցած, Մնացականյանի ասած, «արձանագրված զարգացումներ», իսկ իրականում, մինչեւ իսկ անձնավորված տեսքով Փաշինյանին ուղղված ճնշումների արդյունքում նա ՄԽ-ի հենց այդ վեցկետանոց ծրագրով է «պարտավորվել» «խաղաղության նախապատրաստվել»: Միանգամայն հնարավոր, ավելին՝ սպասելի տարբերակ է: Բայց այդ դեպքում տեսնես ինչպե՞ս է առաջ տանելու նման հիմքի վրա «խաղաղության նախապատրաստումը», եթե ՄԽ-ի այդ մեխանիզմը ներհայաստանյան հարթակում լուրջ հակազդեցության է բախվել եւ դեռ կբախվի: Մինչդեռ ժամանակը եւս Փաշինյանի օգտին չէ: Գործընթացը գերակտիվ փուլում է, պետք է որ համանախագահների այս այցին արագորեն հաջորդի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, ու, թերեւս, երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպում կազմակերպելու ծրագրով:

Ե՞րբ կգա Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու օպերացիայի ժամանակը (Տեսանյութ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА