o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլեկտրոնային դրամապանակ ահելների և ջահելների համար. հրաժեշտ հերթերին

21.08.2019 03:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային դրամապանակ ահելների և ջահելների համար. հրաժեշտ հերթերին

Հարգելի ընթերցող, հոգնել եք, չէ՞, հերթերից` կոմունալ վճարումների, վարկերի մարումների, հարկերի և տուրքերի ու այլ պարտադիր վճարումների համար: Իհարկե, փոստի և կապի բաժանմունք կամ բանկ գնալու փոխարեն կարող եք վճարել տերմինալով, բայց… Տերմինալի մոտ գնալն էլ ժամանակ է պահանջում, համ էլ տերմինալը կարող է խափանվել հենց Ձեր վճարման պահին` կուլ տալով Ձեր փողը կամ չտալով անդորրագիր, համ էլ տերմինալը չի վերադարձնում մանրը:

Շնորհավորում եմ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու համար. Վարդան Բոստանջյան

Այդ բոլոր անհարմարություններից լավ ելք է էլեկտրոնային դրամականակը, որով այդ բոլոր վճարումները կարող եք կատարել Ձեր տան համակարգչից, կամ բջջային հեռախոսից` ցանկացած տեղից: Լավ չե՞ք պատկերացնում` ինչպես ունենալ այդ բարիքն ու օգտվել դրանից` փույթ չէ, ստորև շատ մատչելի, «մատների վրա» կներկայացնենք:

 

Հայաստանի էլեկտրոնային դրամապանակները

 

Հայկական բոլոր էլեկտրոնային դրամապանակներով հնարավոր է կատարել հետևյալ վճարումները, ընդ որում, դա գործում է նաև Արցախում.

• Կոմունալ վճարումները (էլեկտրաէներգիա, գազ, ջուր),

• Կապ և հեռահաղորդակցություն (ֆիքսված և բջջային հեռախոսներ, ինտերնետի մատակարարում, կաբելային հեռուստատեսություն),

• Վարկերի մարում,

• Բանկային հաշիվներին և քարտերին դրամական փոխանցումներ,

• Ավտոմեքենայի հետ կապված վճարումների մի մասը,

• Աղբահանություն, գույքահարկ, հողի հարկ (միայն Երևանում, իսկ ՄոբիԴրամով` նաև Ստեփանակերտում),

• Սոցիալական ցանցերի վճարովի ծառայությունները,

• Վճարովի առցանց խաղեր,

• Բուքմեյքերական վճարումներ:

Բոլոր դրամապանակների բջջային տարբերակները հնարավորություն են տալիս բազմաթիվ խանութներում, ռեստորաններում, սրճարաններում վճարել` սքանավորելով հատուկ վճարային QR կոդը: Ցավոք, այդ QR կոդերը դեռ միասնական ստանդարտի բերված չեն, սակայն ժամանակի ընթացքում դա անխուսափելիորեն լինելու է:

Դրանով վճարումների ցանկը չի սահմանափակվում, էլեկտրոնային դրամապանակներն այդ ցանկը նորանոր հնարավորություններով են համալրում: Մանրամասները կարելի է գտնել այդ դրամապանակների կայքէջերում և ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Եթե հարցեր են առաջանում, ապա առանց քաշվելու դրանք տվեք առցանց կամ կայքերում նշած հեռախոսահամարներով:

Նշենք նաև, որ բոլոր դրամապանակներից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կարելի է արտահանել վճարումների անդորրագրեր և ծախսերի կամ մուտքերի քաղվածքներ: Դրանք համակարգչում կամ որևէ էլեկտրոնային կրիչի վրա դասակարգված պահելն անհամեմատ ավելի հարմար է, քան թղթիկների կույտեր կուտակելը:

Իսկ այժմ` հայկական էլեկտրոնային դրամապանակների բնութագրերն ու առանձնահատկությունները.

ԻԴՐԱՄ` https://web.idram.am/new/am: ՀՀ հնագույն, ամենատարածված և գովազդված էլեկտրոնային դրամապանակն է: Վճարումները կարելի է կատարել ինչպես կայքից, այնպես էլ բջջային հավելվածով: Բացի վճարումների/փոխանցումների «ստանդարտ» ցանկից, կարելի է լիցքավորել ռուսական և վրացական բջջային հեռախոսահամարներ: Նաև ինքը` դրամապանակը կարելի լիցքավորել ռուսական Яндекс.Деньги և Qiwi էլեկտրոնային դրամապանակներից` ռուբլին դրամի ավտոմատ փոխարկելով. դա շատ հարմար է, եթե փող եք վաստակում ռուսական առցանց հարթակներում: ԻԴրամը կիրառում է քեշբեքի (վճարված գումարի մի մասի վերադարձի) պրակտիկա` ինչպես մշտապես, այնպես էլ ակցիաների միջոցով:

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

ՄՈԲԻԴՐԱՄ` https://mobidram.mts.am: ՎիվաՍել բջջային օպերատորի էլեկտրոնային դրամապանակն է: Վճարումները կարելի է կատարել ինչպես կայքից, այնպես էլ բջջային հավելվածով: Բացի վճարումների/փոխանցումների «ստանդարտ» ցանկից, նաև ունի լրացուցիչ հնարավորություններ: Այսպես, կարելի է առանց միջնորդավճարի մինչև 25 հազար դրամ ակնթարթորեն փոխանցել ArCa համակարգին միացած գրեթե ցանկացած բանկի բանկային քարտին: ՄոբիԴրամով կարելի է առցանց վճարել բոլոր պետական և համայնքային վճարումները, որոնք ընդգրկված են պետական վճարումների https://www.e-payments.am կայքում, և այդ կայքից էլեկտրոնային փոստով ստանալ 20 նիշանոց համար պարունակող անդորրագրեր, որոնք պարտադիր կարգով բոլոր պետական/համայնքային մարմինները ճանաչում են վճարման ապացույց: ՄոբիԴրամով կարելի է առցանց վճարել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանին: Գումարած դրան, ՎիվաՍելի բաժանորդների համար մինչև հիմա պահպանված է կոճակային հեռախոսով վճարումներ կատարելու հնարավորությունը:

ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ էլեկտրոնային դրամապանակներ: Յուքոմ և Բիլայն բջջային օպերատորները ունեն սեփական էլեկտրոնային դրամապանակները. համապատասխանաբար` U!Pay` https://www.ucom.am/hy/personal/u-pay/serv և BeeMoney` https://www.beeline.am/hy/beeline-applications/2: Այդ դրամապանակները կայքային տարբերակներ չունեն, առկա են բացառապես բջջային հավելվածների տեսքով: U!Pay-ը գործում է Իդրամի համակարգով, BeeMoney-ը` EasyPay համակարգով: Ղ-Տելեկոմը սեփական էլեկտրոնային դրամապանակ չունի:

ՏԵՐՄԻՆԱԼԸ` ՁԵՐ ԳՐՊԱՆՈՒՄ: EasyPay և TellCell վճարային տերմինալների բոլոր հնարավորությունները կարելի է ունենալ սեփական բջջային հեռախոսում (սմարթֆոնում): Դրա համար բավական է ներբեռնել այդ համակարգերում գործող էլեկտրոնային դրամապանակները` համապատասխանաբար EasyWallet և TellCell Wallet: Հավելյալ մանրամասներ կարելի է գտնել համապատասխանաբար https://www.easypay.am/#/home և http://www.telcell.am/hy կայքերում: Բացի վճարումների/փոխանցումների «ստանդարտ» ցանկից, այդ դրամապանակներից յուրաքանչյուրն ունի նաև սեփական յուրահատկությունները: EasyWallet-ը հնարավորություն է տալիս առանց միջնորդավճարի լիցքավորել մի շարք վրացական, ռուսական և միջազգային էլեկտրոնային դրամապանակները, իսկ TellCell Wallet-ի միջոցով կարելի վճարել մի շարք տաքսի ծառայությունների համար:

Իսկ ի՞նչ էր անում Սարհատ Պետրոսյանը կոռուպցիայի «դեմն առնելու» համար. «Իրատես»

 

Էլեկտրոնային դրամապանակի գրանցումը, լիցքավորումը, նույնականացումը

 

ԳՐԱՆՑՈՒՄ. Դա առաջին քայլն է Էլեկտրոնային դրամապանակ ունենալու համար: Մուտք գործեք համապատասխան կայք կամ սմարթֆոնի վրա ներբեռնեք բջջային հավելվածը և կատարեք քայլերն ըստ այդտեղի ուղեցույցի: Գրանցվելը նույնքան հեշտ է, որքան էլեկտրոնային փոստի նոր հասցե բացելը:

Բնականաբար, կայքը/հավելվածը գրանցման համար Ձեզանից կպահանջի բջջային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե: ԿԱՐԵՎՈՐ Է. էլեկտրոնային փոստը պետք է լինի շատ հուսալի, քանզի այն կապվում է ձեր փողի հետ: Նախընտրելի են անվտանգության հարցում «պարանոյին» էլփոստերը` gmail-ը կամ Մայքրոսոֆթի մեյլը, որոնք ամեն անգամ ծանուցում են, եթե մուտք է գործվել արտասովոր վայրից: Ծայրահեղ դեպքում պիտանի է Յանդեքսի էլփոստը: Ոչ մի դեպքում մի օգտագորտեք այնպիսի «աղբային» մեյլերն, ինչպիսիք են mail.ru, yahoo.com և այլ վատահամբավները` դրանք հեշտությամբ կոտրվում են: Ցանկալի չէ և կորպորատիվ` պողոս@իմհիմնարկ.am տիպի մեյլերը` հայտնի չէ, թե ինչքանով է հուսալի Ձեր հիմնարկի էլփոստի ծառայությունը: Եթե չունեք հուսալի մեյլ, ապա անհապաղ ստեղծեք այն: Ձեր մեյլի գաղտնաբառը պետք է լինի շատ հուսալի` պարունակի լատինական մեծ և փոքր տառեր, թվեր և հատուկ սիմվոլներ (վերևի և տակի գծիկ, աստղանիշ և այլն), և եթե այդպիսին չէ` փոխեք այն: Ոչ մի դեպքում գաղտնաբառը չպետք է պարունակի Ձեր անձնական տվյալը (անուն, ծննդյան օր և այլ), կամ բառարանում առկա բառ` դրանք բոլորը գաղտնաբառ վերծանողի թիվ 1 կողմնորոշիչն են: Նաև անպայման Ձեր մեյլին կապակցեք Ձեր բջջային հեռախոսահամարը` հարկ եղած դեպքում գաղտնաբառն արագ վերականգնելու համար: Գաղտնաբառի վերականգնման համար մի կիրառեք ստուգողական հարց-պատասխան զույգը (ասենք` մոր օրիորդական ազգանուն, կամ տան կենդանու անուն), դրանք հեշտությամբ վերծանվում են:

Սակայն վերադառնանք էլեկտրոնային դրամապանակի գրանցմանը: Ընթացքում Ձեզանից կպահանջվի ստեղծել դրամապանակի գաղտնաբառ և PIN կոդ (4-6 նիշանոց թիվ, որը մուտքագրվում է ամեն մի ֆինանսական գործողության ժամանակ): Գաղտնաբառին ներկայացվող պահանջների մասին արդեն ասել ենք, չկրկնենք: PIN կոդի թվերը նույնպես պետք է լինեն այնպիսին, որ ոչ ոք չկռահի (օրինակ` մեծագույն անփութություն է ունենալ 123456 կամ Ձեր ծննդյան ամսաթվերի տեսքով PIN կոդ): Ի դեպ, բջջային հավելվածը կարող է Ձեզ առաջարկել PIN կոդի փոխարեն օգտագործել ճանաչումը մատնահետքով, դեմքով կամ աչքի ծիածանաթաղանթով: Շատ հարմար է, բայց անձամբ ես գերադասում եմ ձեռնպահ մնալ դրանից:

ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ. Էլեկտրոնային դրամապանակը վճարումներ կատարելու համար կարելի է լիցքավորել տարբեր եղանակներով` վճարային տերմինալից, այցելելով դրամապանակի համակարգի մասնաճյուղեր (հասցեները կարելի է գտնել համապատասխան կայքում), Ձեր բանկում, և վերջապես` Ձեր բանկային քարտը կցելով Ձեր դրամապանակին: Այս վերջինը թերևս ամենահարմարն է:

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ. Ձեր անձի հետ չնույնականացված էլեկտրոնային դրամապանակի հնարավորությունները շատ սահմանափակ են, ուստի հարկ է անցնել նույնականացում: Նույնականանալ կարելի է.

• Այցելելով Ձեր էլեկտրոնային դրամապանակի համակարգի մասնաճյուղ անձնագրով և սոցքարտով կամ ID քարտով,

Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

• ՄոբիԴրամի դեպքում` առցանց Ձեր ID քարտով, քարտը կարդացող սարքի օգնությամբ,

• ԻԴրամի բջջային հավելվածով` առցանց, ուղարկելով Ձեր անձնագրի կամ ID քարտի լուսանկարը և Ձեր սելֆին` փաստաթուղթը ձեռքին,

• Կցելով դրամապանակին Ձեր բանկային քարտը: Այս վերջին տարբերակը թերևս ամենահարմարն է, քանզի դա անհրաժեշտ է նաև դրամապանակի հարմարավետ լիցքավորման համար:

 

Բանկային քարտի կցումը էլեկտրոնային դրամապանակին. Ձեր բանկը` ձեր գրպանում

Բանկային քարտը կցելու համար մուտք գործեք Ձեր դրամապանակը և անցեք «Կցել քարտը» բաժին (այն կարող է կոչվել նաև «Քարտեր» կամ «Կցված քարտեր»): Այնտեղ հետևեք դրամապանակի ուղեցույցին: Լրացրեք պարտադիր դաշտերը.

• Բանկի անունը` ինչպես քարտում է (որոշ դեպքերում այդ դաշտը չկա),

• Քարտի 16 նիշանոց համարը,

• Քարտի վավերականության ժամկետը,

• Անուն ազգանունը` ինչպես քարտում,

• Քարտի դարձերեսի եռանիշ (քարտերի որոշ տեսակների դեպքում քառանիշ) թիվը` այսպես կոչված CVV/CVC կոդը:

Ուշադիր ստուգեք` արդյոք ճիշտ եք լրացրել, և սեղմեք «Կցել» կոճակը: Դրամապանակը կպահանջի Ձեզանից մուտքագրել PIN կոդը, այնուհետ կբացվի պատուհան, որով Ձեր բանկից կարող եք հայցել մեկանգամյա գաղտնաբառը: Այն կգա SMS-ով Ձեր բջջային հեռախոսին, մուտքագրեք այն և սեղմեք «Կատարել»: Ձեր քարտը կհայտնվի «Կցված քարտեր» ցանկում: Շնորհավորում ենք, արդեն և՛ նույնականացված եք, և՛ կարող եք ցանկացած վճարում/փոխանցում կատարել: Ընդ որում, վճարման ժամանակ դրամապանակը Ձեզ կառաջարկի ընտրել վճարամիջոցը` դրամապանակի հաշվեկշիռը կամ կցված քարտերից որևէ մեկը:

Սակայն կցման փորձի դեպքում կարող է տհաճ անակնկալ  լինել` էկրանին հայտնված «Գործարքը մերժվել է Ձեր բանկի կողմից» հաղորդագրության տեսքով: Եթե Ձեր քարտի վրա առկա է բավարար գումար կցման ընթացքում դրամապանակի հաշվին ավտոմատ մուտքագրվող գանձման համար (տարբեր դրամապանակների համար կազմում է 100-500 դրամ), ապա պատճառը Ձեր բանկն է:

Բայց մի շտապեք այցելել Ձեր բանկը: Ավելի ողջամիտ է նախ թեստավորել Ձեր քարտը ArCa.am կայքում:

ARKA.AM` ՔԱՐՏԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔ. Բացեք  ArCa.am կայք կամ ներբեռնեք ArCa բջջային հավելվածը: Գրանցվեք այդտեղ (չենք մոռանում հուսալի գաղտնաբառ ստեղծելու հրամայականը), և անցեք Ձեր քարտի կցման գործընթացին: Կցման սխալը կարտացոլվի կարմիր անգլերեն հաղորդագրության տեսքով: Զանգահարեք կայքում/հավելվածում առկա հեռախոսահամարով, օպերատորը սիրալիր կխնդրի Ձեզ հայտնել քարտի 16 նիշանոց համարը, և վայրկյաններ անց Ձեզ կհայտնի, թե ինչն է սխալ: Ամենից հաճախ չկցվելու պատճառն այն է, որ էլեկտրոնանային գործառնությունների հիմնական գործիքը` 3D անվտանգությունը, ակտիվացված չէ: Այդ դեպքում պետք է դիմել բանկ` 3D անվտանգությունն ակտիվացնելու համար: Բավականին հազվադեպ կարող է լինել CVV/CVC կոդի սխալը, եթե վստահաբար այդ երեք թվերը ճիշտ եք մուտքագրել, ապա փորձեք դրանք մուտքագրել թարս հերթականությամբ, պիտի որ դա աշխատի:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

Եթե քարտը բարեհաջող կցվեց, ապա ArCa կայքը/հավելվածը անգամ կարող եք օգտագործել որպես էլեկտրոնային դրամապանակ` այդտեղից վճարելով կոմունալները, այլ վճարները, իսկ հավելվածով կարող եք անգամ գնումներ կատարել QR կոդով այն վաճառակետերից, ուր ակտիվացված է PayX QR կոդի հնարավորությունը (նորույթ է, Հայաստան մուտք է գործել 2018-ի դեկտեմբերին): Սակայն ArCa-ն այնքան էլ հարմար չէ որպես դրամապանակ, դա Ձեր բանկային քարտերի կառավարման գործիքն է: Եվ եթե Ձեր էլեկտրոնային դրամապանակին կցելու եք Ձեր ընթացիկ քարտերը, բայց չեք կցելու կուտակային քարտերը, ապա ArCa-ին թերևս արժե կցել բոլոր քարտերը: ArCa-ի միջոցով կարող եք ակնթարթորեն ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ քարտը, եթե այն գողացել են կամ կորցրել եք (նույնը հարկ է անել և էլեկտրոնային դրամապանակով սմարթֆոնի կորստի/գողության դեպքում), կամ նկատել եք, որ ուրիշ մեկը տիրացել է քարտի տվյալներին և «տնօրինում» է Ձեր փողը: Այսինքն` անգամ այդպիսի տհաճ պատահարի դեպքում ակնթարթորեն արգելափակում եք Ձեր քարտը, և Ձեր բանկին դիմելու համար ընտրում եք հարմար օր և ժամ` խուճապահար բանկ վազելու փոխարեն: Բացի այդ, ArCa-ով հարմար է ստուգել Ձեր քարտերի հաշվեկշիռը և ֆինանսների շարժը, իսկ բջջային հավելվածը հարմար է մոտակայքում բանկոմատներ փնտրելու համար:

3D ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ. Եվ այպես, եթե 3D անվտանգության ակտիվացման համար գնացել եք բանկ, ապա հստակ ասեք, որ Ձեզ պետք է 3D անվտանգության ակտիվացում (ասեք նաև անգլերեն անունը` 3D Secure, միգուցե ավելի ընկալելի է, քան հայերեն եզրույթը): Ձեզ կտան դիմումի ձև, ուր լրացնելու եք նաև Ձեր բջջային հեռախոսահամարը, որով պետք է SMS-ով մեկանգամյա գաղտնաբառերը գան: Կարող է պատահել, որ բանկում Ձեզ չեն հասկացել (երբեմն պատահում է) կամ Ձեր ուզածի փոխարեն առաջարկում են սոսկ դիմում գրել SMS-ով զուտ ֆինանսական ծանուցումներ ստանալու համար: Այդ դեպքում ժամանակ և նյարդեր մի ծախսեք` ջանալով բացատրել Ձեր ուզածը, այլ միանգամից դիմեք բանկի բջջային հավելվածի համար: Այդ հավելվածի ակտիվացումը ինքնաբերաբար ապահովում է բաղձալի 3D անվտանգության ակտիվացումը:

Ներբեռնեք Ձեր սմարտֆոնի վրա Ձեր բանկի բջջային հավելվածը: Առավելագույնը երկու բանկային օրվա ընթացքում կստանաք SMS-ը` մեկանգամյա գաղտնաբառով: Որպես մուտքանուն Ձեր հավելվածում ծառայում է Ձեր բջջային հեռախոսահամարը` կա՛մ միջազգային ստանդարտով, կա՛մ տեղական (դա կարող եք ճշտել` զանգահարելով բանկ), բայց բոլոր դեպքերում առանց զրոյի և միջազգայինի դեպքում` առանց «+»-ի: Շատ հազվադեպ կարող պատահել, որ մուտքանունը համընկնում է Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին: Ուրեմն` մուտքագրում եք մուտքանունն ու մեկանգամյա գաղտնաբառը, և բարեղաջող մուտք գործելուց հետո սկսում եք գաղտնաբառը փոխելու գործընթացը` հետևելով կա՛մ հավելվածի ներսի ուղեցույցին, կա՛մ այդ նույն ուղեցույցին, որը կա բանկից բերած թղթերի մեջ: Վերջ, Ձեր քարտի 3D անվտանգության ակտիվացումը տեղի է ունեցել, և քարտը կարող եք կցել դրամապանակին, ArCa-ին: Կարող եք նաև կայքերում  լրացնելով քարտի տվյալները` կատարել վճարումներ այդ կայքից, բայց դա ոչ միշտ է անվտանգ: Նախ` չգիտեք կայքի իրական հուսալիությունը, և հետո` խարդախները սիրում են համացանց գցել կրկնակ կեղծ կայքեր և դրանց միջոցով գողանալ բանկային քարտերի տվյալները:

Ի դեպ, Ձեր բանկի բջջային հավելվածը նույնպես թույլ է տալիս կատարել վճարումներ/փոխանցումներ, որոշ բանկերի հավելվածներն ունեն անգամ PayX QR կոդով վճարելու հնարավորություն: Բայց կարծում ենք` էլեկտրոնային դրամապանակն ավելի հարմար է:

 

Ֆինանսական անվտանգությունը

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

 

Էլեկտրոնային փողը պահանջում է նույնքան պատասխանատու և լրջմիտ վերաբերմունք, որքան և կանխիկ փողը: Եթե Ձեր սմարթֆոնում կա էլեկտրոնային դրամապանակ, ապա այդ հեռախոսը նույնպես չի կարելի թողնել առանց հսկողության այնպես, ինչպես դա չի կարելի ֆիզիկական, «կենդանի» դրամապանակի պարագայում:

Իսկ այժ` բուն առցանց ֆինանսական գործառնությունների անվտանգության մասին: Չենք հոգնի կրկնել` ունեցե՛ք հուսալի գաղտնաբառ և PIN կոդ: Ու բարի եղեք դրանք ՀԻՇԵԼ, թղթի կտորի վրա գրած պահելը, մեղմ ասած, լավագույն լուծումը չէ, առավել ևս` այդ թուղթը գրպանում պահելը:

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ. Այն համակարգիչը, որից կատարվում են ֆինանսական գործառնություններ, պետք է ունենա նորմալ, ժամանակին թարմացվող անտիվիրուս, նաև առնվազն ամիսը մեկ լրիվ սքանավորվի անտիվիրուսում: Այլապես կարող են հայտնվել վիրուսներ, որոնք ունակ են գողանալ ցանկացած տեղեկություններ, այդ թվում` գաղտնաբառեր և PIN կոդեր: Այդ համակարգչից և՛ Դուք, և՛ ուրիշները չպետք է մտնեն պոռնոկայքեր և համացանցային այլ աղբավայրեր:

Առավել նախընտրելի է տան, այլ ոչ թե աշխատավայրի համակարգիչը: Նախ` տան համակարգիչը ոչ ոք չի օգտագործում, ժողովրդի խոսքով ասած` «դուշմանի մալի պես»: Եվ երկրորդը` օֆիսում երբեք ստույգ չգիտեք` արդյո՞ք Ձեզ համար անցանկալի անձը մուտք չի գործում Ձեր համակարգիչ: Բացի այդ, հարցական է` ինչքանո՞վ է ապահով օֆիսի համակարգիչներն իրար կապող տեղական ցանցը: Գումարած դրան` չեք կարող վստահ լինել, որ հիմնարկի ղեկավարության կարգադրությամբ առանց անձնակազմի իմացության բոլոր համակարգիչներում տեղադրված չեն լրտեսող ծրագրեր: Եթե, այնուամենայնիվ, կարիք կա օգտվելու հենց Ձեր օֆիսային համակարգչից, տեղադրեք և մինչ Ձեր էլեկտրոնային քսակը մուտք գործելը միացրեք VPN. մասնավորապես լրիվ բավարար է անվճար Kaspersky Secure Connection ծրագիրը:

Կարևոր է հիշել. բացարձակ անթույլատրելի է օգտվել ուրիշի, առավելևս` ինտերնետ-ակումբների և այլ վայրերի ՀԱՆՐԱՅԻՆ համակարգիչներից ֆինանսական գործառնությունների համար:

Ֆինանսական գործառնությունների համար չարժե օգտագործել այն «ամենօրյա» բրաուզերը (զննարկիչը), որով Դուք «զբոսնում» եք համացանցոց մեկ: Անհրաժեշտ է առանձին բրոուզեր: Դա կարող է լինել Mozilla Firefox, Iron, Iridium զննարկիչ, լավ հուսալի են և Avast անտիվիրուսի բաղկացուցիչ մաս կազմող Avast SafeZone կամ առանձին ներբեռնվող Avast Secure Browser զննարկիչներ:  Բայց ոչ մի դեպքում մի՛ օգտագործեք TOR բրոուզեր, բանկի համակարգը դա կընկալի որպես Ձեր քարտին տիրացած չարագործի հանցափորձ և կարգելափակի Ձեր քարտը: Ֆինանսական գործառնությունների համար օգտագործեք բրաուզերի incognito պատուհանը, որը փակելուց հետո բրաուզերում էլ ոչ մի տեղեկատվություն չի պահպանվում: Նաև միշտ ուշադիր եղեք բրաուզերի հասցեի տողին` արդյո՞ք իրական էջն է, թե՞ 1-2 տառով նրանից տարբերվող կեղծիքը:

Ձեր ֆինանսական էջը մի՛ որոնեք որոնողական մեքենայով (կարող են հանդիպել և խարդախների ստեղծած ծուղակ կրկնօրինակները), այլ մուտքագրեք ձեռքով, կարող եք նաև պահպանել էջանիշի տեսքով: Վճարումները/փոխանցումները կատարելուց հետո անպայման դուրս եկեք Ձեր դրամապանակից (Logout):

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Իսկ եթե վստահ չեք Ձեր համակարգչային հմտություններին, ապա ավելի լավ է ֆինանսական գործառնությունները կատարեք բջջային հավելվածով, այնտեղ ամեն ինչ ավելի հեշտ է:

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ. Անշուշտ, բջջային հավելվածում ևս վճարումները/փոխանցումները կատարելուց հետո անպայման դուրս եկեք Ձեր դրամապանակից (Logout), Ձեր փողի անվտանգությունը մի՛ թողեք զուտ PIN կոդի հույսին:

Վճարելիս երբեք մի՛ միացեք հանրային WiFi-ին, դրա հուսալիությունը շատ կասկածելի է, դա տվյալների գողության բուն է: Տան WiFi-ն էլ ոչ միշտ է հուսալի, հատկապես եթե ինքնաշեն բաղադրիչներ ունի: Ավելի լավ է փողի հետ աշխատել բջջային 4G/3G ինտերնետով, դա շատ տրաֆիկ չի խլի և արդարացված է անգամ ռոումինգում: Այնուամենայնիվ, եթե Ձեզ ծայրահեղ պետք է վճարում կատարել հանրային WiFi-ին միանալով` Ձեր սմարթֆոնում ունեցեք VPN հավելված (թեկուզև ներբեռնելով այստեղից` https://freevpn.org, կան բազմապիսի և այլ հավելվածներ), և միացրեք այն: Բայց երբեք մի միացրեք բջջային TOR-ով:

ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԵՐ. Կան նաև անվտանգության զուտ ֆինանսական կանոններ, որոնք հարկ է անշեղորեն պահպանել.

• Բանկային քարտի կամ էլեկտրոնային դրամապանակով սմարթֆոնի կորստի/գողության դեպքում անհապաղ արգելափակեք բանկային քարտը` կա՛մ զանգահարելով բանկի հատուկ շուրջօրյա հեռախոսով, կա՛մ ինքնուրույն` ArCa Ձեր հաշիվ մուտք գործելով,

• Զգուշացե՛ք Ձեր դրամապանակի գայթակղիչ «Համալրել վարկով» կոճակից: Թեև ակնթարթորեն կարող եք դրամապանակը լիցքավորել 5-99 հազար դրամով, սակայն ակնթարթային առցանց վարկի սպասարկման վրա կմուծեք տարեկան մինչև 450%: Այդ կոճակը ծայրահեղ դեպքերի համար է` այնպիսի դեպքերի, երբ դրա այլընտրանքը տան ոսկեղենը գրավատուն տանելն է: Բոլոր դեպքերում` սեղմելուց առաջ մտեք վարկ տրամադրող վարկային կազմակերպության կայք և մանրամասն ուսումնասիրեք բոլոր պայմանները: Հիշեք նաև պարզ կանոն` տարեկան 0% տոկոսադրույքով վարկը կարևոր է մարել առավելագույնը 5 օրում, իսկ տարեկան որոշակի տոկոսադրույքով վարկը` առավելագույնը 25 օրում:

Վարկեր մարելիս հաշվի առեք հետևյալը: Կախված բանկից` Ձեր էլեկտրոնային դրամապանակից կատարված մուծումը վարկատուի հաշվին կնստի միգուցե 5 րոպեում, միգուցե 1-2 բանկային օրում: Հետևաբար` վարկի հերթական մարումը պետք է կատարել սահմանված ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար. «Փաստինֆո»

Հարկեր, տուրքեր, այլ պետական կամ համայնքային պարտադիր վճարներ կատարելիս հաշվի առեք հետևյալը: Գանձապետական համակարգով Ձեր վճարումը տեղ է հասնում մինչև 5 աշխատանքային օրում: Հետևաբար` վճարումը պետք է կատարել սահմանված ժամկետից առնվազն 6 աշխատանքային օր առաջ:

 

Տեղեկատվական անվտանգությունը, կամ ձոն կանխիկ փողին

 

Թեև տարբեր գովազդներում կարելի է լսել «կանխիկով վճարելը հետամնացություն է» դարձվածքը, սակայն էլեկտրոնային դրամապանակում սիրում եմ «կանխիկացում» կոճակը, իսկ բանկային քարտով իմ սիրելի գործառնությունը բանկոմատով կանխիկացնելն է: Նաև հաճելի է գրպանում զգալ թղթադրամներ տրցակը: Որովհետև կանխիկ փողը դա ֆինանսական ազատություն և ինքնիշխանություն է, կանխիկ դրամով կատարած գնումը ոչ մի սատանա չի վերահսկում:

Մի փոքր հանրահայտ գաղտնիք բացեմ` բանկային համակարգով Ձեր անունով անցկացված ցանկացած գործարքի մասին մանրամասն տեղեկատվությունը ոչ մի տեղ չի կորչում, և այն շատ բան է ասում Ձեր մասին, այդ տեղեկատվությունը բավականին արժեքավոր է: Սակայն կանխիկ վճարումներն անհատականացնելու հնարքներ ևս կան: Օրինակ, եթե խանութում օգտվում եք բոնուսային, կուտակային, զեղչային, քեշբեքի և այլ քարտերով, ապա վճարում եք «կենդանի» փողով, սակայն գնումներն արձանագրվում ու իվերջո «Համակարգին» հասնում են հենց Ձեր անունով: Նաև կառավարություններն են օրենսդրական և ենթաօրենսդրական նենգ քայլեր կիրառում` կանխիկով վճարումներն անհատականացնելու նպատակով: Օրինակ` ՀՀ կառավարությունն ունի նախաձեռնություն` խանութում կատարվող ամեն գնում անհատականացնել ID քարտով, բոլոր քաղաքացիների եկամուտներն անխտիր հարկելու պատրվակով: Նման ոտնձգությունների դեմ ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է ըմբոստանալ օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Քանի որ անձի և ընտանիքի ֆինանսական ինքնիշխանությունը ազատության և արժանապատվության հենասյուներից մեկն է:

ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ ամեն ինչի համար պետք է վճարել կանխիկ: Կան վճարումներ, որոնք անհատականացված են` անկախ վճարման ձևից: Դրանք են.

• Կոմունալ վճարումները, կապի և հեռահաղորդակցության ծառայությունները,

• Անխտիր բոլոր պետական և համայնքային վճարումները,

• Վարկերի մարումը,

• Բոլոր պարտադիր ավտովճարումները,

• Ապահովագրական վճարումները,

• Կրթավճարները,

• Սոցիալական ցանցերի վճարովի ծառայությունները,

• Վճարովի առցանց խաղերն ու բուքմեյքերական վճարումները (դրանցից հեռու մնացեք, եթե իհարկե դրանով փող չեք վաստակում),

Պատշաճ չէ այս ձևաչափն օգտագործել՝ պատմությունը խեղաթյուրելու համար. Փաշինյանն՝ Ալիևին

• Նաև հանգիստ կարելի է վճարել համակարգիչների և դրանց հետ կապված ամեն ինչի համար, բջջային հեռախոսների, ցանկացած կենցաղային տեխնիկայի համար` դա գրեթե ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի տալիս Ձեր մասին:

Այսինք` կան շատ ու շատ դեպքեր, երբ կարելի է ասել` կորչե՛ն հերթերը, կեցցե՛ էլեկտրոնային դրամապանակը:

Իսկ հիմա տեսնենք, թե որ դեպքերում ՉԱՐԺԵ վճարել էլեկտրոնային դրամապանակով.

• Վճարել դեղատներում` Ձեր առողջական վիճակի մասին տեղեկատվությունը Ձեզ շատ խոցելի է դարձնում, նույն պատճառով անկանխիկ մի վճարեք Ձեր ատամնաբուժին կամ կոսմեթոլոգին,

• Վճարել ժամավճարով համար տրամադրող հյուրանոցներում/մոթելներում` դրանով հասանելի է դառնում Ձեր` «լևի գնալու» փաստը, ինչը կարող է նաև ճակատագրական լինել,

• Վճարել այնպիսի «ինտիմ» ապրանքների համար, ինչպիսիք են ներքնազգեստը և հիգիենայի պարագաները, ոսկերչական իրերը, ծաղկեփնջերը, հուշանվերները,

• Վճարել ռեստորաններում, սրճարաններում, փաբերում, այդտեղ ներկա լինելու փաստը չարժե հասանելի դարձնել: Բայց կա կարևոր բացառություն` մեծ խնջույքներ, որոնց լուսանկարները, միևնույն է, դրվելու են սոցիալական ցանցերում,

• Վճարել գրանցում/թույլտվություն չպահանջող ինքնապաշտպանական միջոցների համար` արցունքաբեր գազի բալոններ, էլեկտրաշոկերներ, մահակներ, դանակներ,  ինչպես նաև` որսորդական և բանակային խանութներից կատարվող գնումների համար, բացառությամբ պետական գրանցում պահանջող ապրանքների,

• Վճարել կինոյի, թատրոնի, օպերայի, համերգների, թանգարանների տոմսերի համար, ինչպես նաև հագուստի և կոշիկի, սպասքի համար` չարժե հասանելի դարձնել տեղեկատվությունը Ձեր ճաշակի վերաբերյալ,

• Վճարել սննդամթերքի համար` չարժե տեղորոշել Ձեր նախընտրելի մշտական խանութները,

• Տաքսիի համար առցանց վճարելը պարզապես թիթիզություն է և «գերժամանակակից» լինելու ինքնագովազդ` չարժե հասանալի դարձնել սեփական մշտական երթուղիները:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՏԱՀՈՍՔԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ. Եթե էլեկտրոնային վճարումը կատարում եք համակարգչով, ապա կարող եք թաքցնել նաև Ձեր IP հասցեն, այսինքն` աշխարհագրական դիրքը: Կերևա միայն օպերացիոն համակարգը և էկրանի չափսերը:

Փոքր-ինչ այլ է բջջային հավելվածների պարագայում: Սկզբունքորեն ֆինանսական հավելվածին, բացի տեսախցիկից և ինտերնետից, այլ թույտվություն պետք չէ: Բայց արի ու տես, որ բոլորն անխտիր հայցում են աշխարհագրական դիրքը: Գումարած դրան, հավելվածների մեծ մասը հայցում են կոնտակտների, մուլտիմեդիա ֆայլերի, մի մասը` անգամ զանգերի մատյանի թույլտվությունը:

Սակայն հնարավոր է մասամբ կանխել այդ տվյալների արտահոսքը.

Սորոսի գրասենյակը գրանտ կտա բացահայտման համար. Նարեկ Մալյան

• Խստորեն հետևեք ֆինանսական անվտանգության այն կանոնին, համաձայն որի վճարումները կատարելուց հետո դուրս եք գալիս (Logout անում) հավելվածից: Դրա շնորհիվ չեք շրջի Ձեր գրպանում մշտապես դրած միացրած ռադիոփարոսով, և Ձեր աշխարհագրական դիրքը կտեղորոշվի միայն վճարումներ կատարելու ժամանակ: Բացի այդ, կխնայեք նաև հեռախոսի մարտկոցի ռեսուրսը,

• Ֆինանսական հավելված մուտք գործելուց առաջ ջնջեք Ձեր զանգերի մատյանը, դա ընդամենը երկու վայրկյան կխլի ձեզանից,

• Ցանկալի է PIN կոդի փոխարեն չկիրառել մատնահետքով, դեմքի, ծիածանաթաղանթի պատկերով վճարումը հաստատելը: Չկա երաշխիք, որ կենսաչափական այդ տվյալները չեն արտահոսի Գուգլին, Էփփլին կամ սմարթֆոների կենսագործունեությունն ապահովող այլ կորպորացիաներին: Բավարարվեք նրանով, որ ՀՀ ոստիկանությունն արդեն ունի Ձեր կենսաչափական տվյալները (եթե ստացել եք ID քարտ կամ կենսաչափական անձնագիր),

• Եվ վերջապես` կան նաև փոքր-ինչ «պարանոյիկ» լուծումներ: Կարող եք ֆինանսական հավելվածները ներբեռնել առանձին սմարթֆոնի վրա, որով չեք կատարում և չեք ընդունում զանգեր, չեք պահում կոնտակտների գիրք, լուսանկարներ և տեսագրություններ չեք անում, չեք օգտվում մեսինջերներից, չեք մտնում կայքեր և սոցիալական ցանցեր: Հնարավոր է նաև «պապական» տարբերակ` կոնտակտները ոչ թե սմարթֆոնում են, այլ գրված են նոթատետրակում, կամ լցված են հին կոճակային հեռախոսի մեջ: Սակայն այդ տարբերակները պարզապես հարմարավետ չեն:

Եվ ընդհանրապես` խուսափեք ծայրահեղ մոտեցումներից, և հաճույքով, օգուտով ու խելամտորեն վայելեք տեխնոլոգիական առաջընթացի բարիքները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА