ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.05.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԱԺ փոխխոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ զարմանալի բնավորություն ունի` ժամանակ առ ժամանակ հրապարակավ հնչեցնել այնպիսի բաներ, որոնց առնչությամբ չգիտես` լաս, թե խնդաս: Հիմա էլ Փաշինյանի եւ Մեդվեդեւի միջեւ տեղի ունեցածի առնչությամբ նա Ֆեյսբուքում գրեց հետեւյալը. «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում է վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ: Դուխը այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երեւալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ եւ ինքդ քեզ վրա: Իսկ հետագան տեխնիկայի եւ ժամանակի հարց է»: Իհարկե, անկախ բովանդակությունից, եթե այդպիսի բան գրեր սովորական քաղաքացին, կամ նույնիսկ սովորական քաղաքական գործիչը` ուշադրություն չէինք էլ դարձնի: Սակայն այստեղ երկու զարմանալի հանգամանքներ կան: Առաջինը, որ Ալենը մշտապես մոռանում է, որ ինքը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, եւ դրսում իր ասածը հաճախ ընկալվում է որպես ՀՀ տեսակետ: Եվ երկրորդը` այդպիսի գրառման ի հայտ գալը վկայում է, որ ՔՊCC-ում աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախը, իսկ իշխող կուսակցության պարագայում դա սովորաբար վատ է ավարտվում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ  տխրահռչակ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ, մեղմ ասած, ախմախ խորհուրդ է տալիս Նիկոլին. «Ա՛յ Նիկոլ Փաշինյան ջան, էն որ առաջին անգամ հորթային հրճվանքով հարց տվեց, պետք է պատասխանեիր` «դեբիլի, բլյա», լրիվ տեղը կբերեր ու կլրջանար: Ու ընդհանրապես, ՌԴ վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ խոսելիս` բառերի արանքում օգտագործիր «բլյա», «բլին», «սուկա» եւ այլ հասկանալի բառեր: Թե չէ, ընկել ես Պուշկինյան ռուսերեն ես սովորում, հետն էլ Աճառյանի բացատրական բառարան բացում, ինչ է թե բացատրես»: Զարմանալի է, որ իրեն քաղաքագետ համարող եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտ ղեկավարող անձը իրեն թույլ է տալիս այդպիսի բան: Իհարկե, Ստյոպիկը հաճախ է հիմար բաներ ասում, բայց ախր թարսի պես էլ հեչ բացառված չէ, որ անհավասարակշիռ վիճակում գտնվող Նիկոլը կարող է եւ հանկարծ հետեւել այդպիսի խորհրդին...

ԶԱՐՄԱՆՔ

Հիմարություններ անելու առումով, իհարկե, յուրահատուկ ռեկորդակիր է Արարատի մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, կամ ինչպես ընդունված է ասել` կոկորդիլոս Գարիկը: Եվ ահա համացանցում առաջին պատահած կայքը մտնելով հայտնաբերում ենք տեքստ, թե ինչ զարմանալի բան է արել մարտ ամսին. «Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է` հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Եվ սա` այն դեպքում, երբ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս գրությանը պատասխանել նաեւ 24 ժամվա ընթացքում: Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում, գրավոր հիմնավորում է պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա մեկ րոպե ուշացումով շեֆին արձագանքելու մեջ»: Փակուղային վիճակում «շեֆին» օգնության են հասել մարզպետարանի մյուս աշխատակիցները` հասկացրել են, թե` ծառայողական քննություն նշանակիր, թող գնա` չափը ճանաչի, որ իմանա` օրենքի լեզվով հետդ խոսելն ինչ բան ա…»: Իհարկե, Գարիկից ամեն ինչ էլ սպասելի է, սակայն զարմանալի է` ինչպե՞ս են այդպիսի կերպարին գյուղապետ ընտրել «հեղափոխությունից առաջ»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА