ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ազգն էլ ցույց տալու բան չունի՞, որ մարիխուանայի խաթր պետք է գան մեր երկիր» (Տեսանյութ)

27.04.2019 00:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մեր ազգն էլ ցույց տալու բան չունի՞, որ մարիխուանայի խաթր պետք է գան մեր երկիր» (Տեսանյութ)

Ազատության հրապարակում կայացավ Ռեֆորմիստների կուսակցության կազմակերպած «Ո՛չ մարիխուանային» ակցիան: Մեզ հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց, որ իրենց մտահոգել է մեկ շաբաթ առաջ Ազատության հրապարակում կազմակերպված ակցիան՝ նվիրված մարիխուանայի միջազգային օրվան: Իսկ իրենք դեմ են, որ նման քարոզ լինի եւ կոչ են արել, որ ովքեր դեմ են, միանան իրենց, որովհետեւ մեր հասարակությունում պետք է թմրամոլության քարոզչություն չլինի:

«Հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», ինչն ամենավտանգավորն է» (Տեսանյութ)

- Պարոն Բաբայան, մտավախություն չունե՞ք, որ հակընդդեմ ակցիան էլ կարող է դիտարկվել՝ որպես քարոզչություն:

- Ո՛չ: Եթե մենք գնում ենք այդ ճանապարհով ու ասում, թե դեմ լինելը քարոզչություն է, ուրեմն՝ ամենաբացասական երեւույթները կարող են ներմուծվել հասարակության մեջ, եւ մարդիկ վախենան ձայն հանել՝ մտածելով, որ քարոզչություն կդիտարկվի: Հակառակը՝ պետք է խոսել այդ մասին, եւ այն մարդիկ, ովքեր չգիտեն, իմանան, որ մարիխուանան թմրանյութ է, որի օգտագործումը, պահպանումը պատժվում է քրեական օրենսգրքով: Մեր ժողովուրդը երբեք պետք է թույլ չտա, որ այդ օտարածին երեւույթները ներմուծվեն Հայաստան: Ամեն մարդ ազատ է իր կամքի դրսեւորումներով, ինչ ուզի կարող է անել, բայց օրենքի շրջանակներում: Եվ մենք էլ ենք ազատ, մենք էլ մեր կարծիքն ենք հայտնում, որ մեր հասարակությունը պետք է ո՛չ ասի ընդհանրապես թմրանյութերի քարոզչությանը:

- Իսկ առհասարակ մարիխուանայի օգտագործմանն ինչպե՞ս եք վերաբերում:

- Մարդ կուզենա արբեցող կդառնա, կուզենա՝ թմրամոլ կդառնա, իր խնդիրն է: Մենք խոսում ենք քարոզչության մասին եւ գտնում, որ սխալ է նման երեւույթները քարոզելը:

- Ի դեպ, գրեթե մեկ շաբաթ առաջ մարիխուանայի միջազգային օրը Ազատության հրապարակում նշող ակցիայի կազմակերպիչները պարզվեց ՝պատահական մարդիկ չեն: Նրանցից մեկն, օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրն էր: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ընդհանրապես, տարբերություն չկա՝ այդ քարոզ անողը ում եղբայրն է կամ ով է, խնդիրը երեւույթների մեջ է, ոչ թե անձերի: Ամեն մարդ իր կարծիքն ունի, մենք էլ մեր կարծիքն ունենք: Կարծում եմ՝ այն երեխաները, որոնք խաղում են Ազատության հրապարակում, իրավունք չունեն նույնիսկ լսել այդ քարոզչությունը: Նրանք պետք է իմանան, որ սա վատ բան է, եւ մեր հասարակությունը պետք է հեռու լինի նման քարոզչությունց:

- Այդուհանդերձ, հայաստանյան նոր իշխանության ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարբեր ժամանակներում դրական են արտահայտվել մարիխուանայի օգտագործմանն ու օրինականացմանը: Կարելի՞ է համարել, որ այս հարցը պետական մակարդակով առաջ են տանում:

- Սա նրանց անձնական կարծիքն է: Իշխանությունները նման հարց դեռեւս առաջ չեն քաշել: Մեր այսօրվա քայլը հենց նրա համար է, որ կարողանանք կանխել, որ վաղը իշխանությունները նման քայլի չգնան: Մեր հասարակությունը պետք է տեղից շարժվի: Խնդիրն այն է, որ մեր երկրում 70 կուսակցություն գոյություն ունի, ամբողջ ազգն այսօր քաղաքականացված է, բայց ոչ մի կուսակցություն ձայն չի հանում այս հարցի շուրջ: Մենք պետք է ձայն հանենք եւ քաղաքական ուժերը պետք է գնահատականներ տան, որպեսզի այն մարդիկ, ովքեր փորձում են լոբինգ անել, որ այս ամենն իրականանա, հասկանան, որ պետք չէ: Մենք չենք եկել այստեղ քաղաքական հայտարարություններ անելու, այլ եկել ենք ասելու, որ մեր կուսակցությունն առաջինն է հայտարարել, որ դեմ է այս երեւույթին, եւ այս գիծը տանելու ենք մինչեւ վերջ: Եթե վաղը մարիխուանայի օրինականացման հարցը կմտնի ԱԺ օրակարգ, այն ժամանակ կկազմակերպվենք եւ վստահ եղեք, որ շատ մարդ դեմ է լինելու այդ ամենին եւ միանալու է մեզ, քանի որ հանրության 90 տոկոսը դեմ է թմրամոլությանը Հայաստանում:

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

- Բայց անգամ տեսակետներ հնչեցին, թե մարիխուանայի օրինականացումը կարող է նպատաստել զբոսաշրջության զարգացմանը… Ինչպե՞ս եք վերաբերում նման հայտարարություններին:

- Չեմ վերաբերում նման հայտարարություններին: Դրա մասին խոսելն ուղղակի անգրագիտություն է կամ առանց հասկանալու որեւէ կարծիք հայտնել է: Զբոսաշրջությունը զարգացնելու համար շատ ճանապարհներ եւ հնարավորություններ կան մեր երկրում, ի՞նչ է նշանակում, մեր երկրում կարող ենք բացասական երեւույթներ թույլ տալ, որ տուրիստնե՞ր գան: Մենք պետք է ի ցույց դնենք մեր ազգային արժեքները, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր դրական կողմերը, որը աշխարհը գիտի, այլ ոչ թե մարիխուանան: Ի՞նչ է, մեր ազգն էլ ցույց տալու բան չունի՞, որ մարիխուանայի խաթր պետք է գան մեր երկիր: Մենք հիասքանչ ժողովուրդ եւ մշակույթ ունենք, այդ ամենը պետք է թողնենք, ընկնենք նման երեւույթների հետեւի՞ց: Սա սուտ է, կեղծիք է, եւ ես անլուրջ եմ վերաբերում այդ հայտարարություններին:

- Եղան նաեւ կարծիքներ, թե այսօր մարիխուանայի շրջանառությունը ինչ-որ օլիգարխների ձեռքում է: Եվ եթե այն օրինականացվի, ապա այդ գումարները կգնա պետության բյուջե...

- Նույնքան էլ անլուրջ եմ վերաբերում այսպիսի հայտարարություններին: Եթե մարդիկ այդպիսի դեպք գիտեն, որ օլիգարխների ձեռքում է, ուրեմն՝ թող դիմեն իրավապահներին, եւ այդ օլիգարխներին հենց այսօր թող ձեռբակալեն: Իսկ եթե նման բան չկա, ուրեմն՝ ֆեյսբուքում անիմաստ բաներ թող չգրեն՝ մարդկանց շփոթեցնելու համար: Թմրանյութերը մնում են թմրանյութ, թմրամոլություն էլ՝ թմրամոլություն: Մեր երկիրը պետք է հեռու լինի թմրամոլությունից, այսօրվա մեր հիմնական մեսիջը սա է: Եվ խնդրում եմ` չխաբնվեք, որ այսօր հարյուրավոր մարդիկ այստեղ չկան, որովհետեւ մեկ մարդն անգամ կարող է պամության ընթացքը եւ հասարակական կարծիքը փոխել, ու մենք այսօր այդ քայլն անում ենք: Ավելի կարեւոր է, թե քանի հոգի վաղը կարձագանքի մեզ: Իսկ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, որովհետեւ սա մեր գենոֆոնդը ոչնչացնելու, մեր մշակույթը կոտրելու, մեր ընտանիքը եւ ազգային ավանդույթները ջարդելու փորձ է, եւ մենք թույլ չենք տալու դա անել:

- ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ակտիվ պայքարում էր ծխելու դեմ՝ իր «անծուխ Հայաստան» կարգախոսով: Իսկ մարիխուանայի մասին լռում են: Ինչո՞ւ:

- Սրանք այն հարցերն են, որ բոլորիս է հուզում: Պետք է հասկանալի դարձնենք բոլորիս համար, թե ինչն ինչի համար է արվում: Անծուխ հայաստան կլինի, թե ծուխով Հայաստան, գլխավորը հիմա թրմանյութերի խնդիրն է: Ծխելը, խմելը եւ այլն, բացասական երեւույթներ են, բայց այն վտանգը իրենց մեջ չեն պարունակում, որը պարունակում է մարիխուանան: Կարող եք գիտնականներից, բժիշկներից հետաքրքրվել: Հետեւաբար, մենք չենք կարող սա թույլ տալ: Բոլոր հարցերով Փաշինյանը «լայվեր» է մտնում եւ խոսում է, թող այս հարցով էլ խոսի: Թող իր դիրքորոշումը հայտնի մարիխուանայի վերաբերյալ: Ես այստեղ՝ Ազատության հրապարակում կանգնած, հարց եմ ուղղում վարչապետին եւ սպասում ու ակնկալում եմ իր պատասխանը՝ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի մարիխուանայի օրինականացման հարցում: Եթե կողմնակից է, թող հայտարարի, որ կողմ է, եթե դեմ է, թող ասի՝ դեմ եմ:

«Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում, ինչպես միշտ, Լ. Տեր- Պետրոսյանն է»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ                                                                                            

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.                     

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА