ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.12.2018 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր երկրի գլխավոր հարկահան ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ ժամանակ առ ժամանակ մեզ զարմացնելու սովորություն ունի: Այսպես, խոսելով շոու բիզնեսի  ներկայացուցիչների եկամուտների ներկայացման, հարկելու ու վերջիններիս բողոքների մասին, նշեց, որ ինքը հանգիստ է վերաբերում շոու բիզնեսի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իրենք կարող են թաքցնել իրենց եկամուտները եւ հնարավոր չէ վերահսկել դա. «Իհարկե կարող են թաքցնել: Մենք ասում ենք` հայտարարագրեք ձեր եկամուտները: Եթե մարդիկ միանգամից մտածում են, որ չենք կարող վերահսկել, ապա ասեմ, որ, այո, չենք կարող, բայց չէ որ իրենք կարող են: Եթե ուզում են խաբեն, թող խաբեն: Եթե մեկ միլիոն եկամուտ է ստացել, այդքան էլ պետք է հայտարարագրի»: Պատկերացնո՞ւմ եք, մարդը հայտարարում է, թե հույսը դրել է շոու-բիզնեսի ազնվության վրա: Բայց, կարծում ենք, որ հարգարժան պարոնը ընդամենը ձեւ է անում, թե հավատում է մարդկանց ազնվությանը, բայց իրականում հույսը դրել է ազդարարների, կամ ավելի պարզ ասած` գործ տվողների, ստուկաչների վրա:

ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ առնվազն ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ի պահով իշխանությունն արդեն զարմանալիորեն ձգտում է սահմանազատվել ժողովրդից: Ինչպես հայտնի է Նոր Հայաստանում նոր մոդա առաջ եկավ` այն է, բացել բոլոր դռները բոլորի առջեւ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ի լուր բոլորի կարգադրեց, որպեսզի բացվեն թե՛ նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի, թե՛ Ազգային ժողովի դարպասները, որպեսզի մարդիկ ազատ մտնեն-դուրս գան, զբոսնեն, սելֆիներ անեն եւ այլն: Չնայած նրան, Բաղրամյան 26-ն արդեն փոխանցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բայց դեռ երեկ Նիկոլ Փաշինյանը այնտեղ էր հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին շնորհավորելու Ամանորը: Իսկ այսօր, ահա, որքան էլ տարօրինակ է Բաղրամյան 26-ի դարպասները փակ են, իսկ թե ինչու, հայտնի չէ: Մի՞թե շոուն (ընտրությունները, էյֆորիան) ավարտվեց, հետեւաբար փակվեցին դռները եւ դրվեցին երկաթյա վարագույրներ:

Իսկ հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ ահազանգում է, որ գործնականում հանցագործություն է կատարվում` Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները փակելու տեսքով: Նա հիշեցնում է այն, ինչը զարմանալիորեն մոռացվել է: «Օրինակ խորհրդային տարիներին հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առընթեր կառույց էր: Այն շատ բարձր կարգավիճակ ուներ, ու դա այն դեպքում, երբ մենք անկախ պետության կարգավիճակ չունեինք: Շատ տրամաբանական էր, որ Մոսկվայի թաթի տակից դուրս գալուց հետո նվազագույնը այդ թիվ մեկ կառույցի կարգավիճակը կբարձրանար»,- նշել է Սամվել Կարապետյանը` հիշելով Չերչիլի խոսքերը, որ երբ վերջինիս պատերազմի ժամանակ առաջարկում են նվազեցնել մշակույթին ուղղվող ծախսերը, նա պատասխանել է` այդ դեպքում` մենք ինչի՞ համար ենք կռվում: «Մենք վերջապես ունեցանք անկախ պետականություն, եւ հանկարծ մշակույթի նախարարությունը իջեցվում է գործակալության մակարդակի: Սա անտրամաբանական է: Սա ես, չգիտեմ, իսկապես վերագրենք տգիտությա՞ն, թե՞ միտում կա: Փաստն այն է, որ երկրի, ազգի ողնաշարը պահող կառույցին շատ ավելի ցածր կարգավիճակ ենք տալիս: Կամ ինչպե՞ս կարող է Սփյուռքի նման կարեւոր կառույցը դուրս գալ, երբ երկրի բնակչության 3/4-ը դրսում է: Գուցե լավ չէր աշխատում, բայց այդ դեպքում պետք է ձեւեր գտնել այն հզորացնելու համար: Սրանք լրջագույն խնդիրներ են, եւ հույս ունեմ, որ այդ կառույցները պետք է հզորանան` մենք իրավունք չունենք մեզ այդպես պահելու»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА