ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԲՌՆՈՑԻ-ՊԱԽԿՎՈՑԻ» ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԴՐՍՈՒՄ

11.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԲՌՆՈՑԻ-ՊԱԽԿՎՈՑԻ» ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԴՐՍՈՒՄ

Իջեք, հասել եք` վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական` արարողակարգային եւ քաղաքական իմիջի ձեւավորման հարցերով: Հիշո՞ւմ եք Լենինի խոսքը, որ ամեն խոհարարուհի պետք է պետություն կառավարի: Դե հիմա Նիկոլը կենսագործում է` ամեն վարսավիրի պետություն կառավարելու հնարավորություն տալով, եթե, իհարկե, այդ վարսավիրը նաեւ քաղաքականապես ճիշտ կրոնական հայացքներ ունի:

ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

 

ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ»

Համարենք, որ էժան ենք պրծել, քանզի Հայաստանում մարդիկ ձիերով չեն շրջում, թե չէ ո՞վ գիտե, միգուցե, մեր ժողվարչապետին Կալիգուլա կայսեր «հավես» տար, ու ինչպես Հին Հռոմում, մենք էլ 21-րդ դարում պատգամավոր դարձած ձի ունենայինք: Իսկ այսպես` ունենք պետական պաշտոնի նշանակված վարսահարդար: Անշուշտ, ավելի ազնիվ կլիներ հենց վարսահարդարի հաստիք ստեղծեն եւ պետության գաղափարը ծաղրուծանակի չենթարկեն` վարսահարդարին խորհրդականի կարգավիճակ տալով, բայց վերջերս մի տեսակ բավականին մանր հարցերում ժողովրդի սիրեցյալ առաջնորդը սկսել է խաբել: Զորօրինակ, տեղյակ մարդիկ հայտնաբերել են, որ պարոն Նիկոլի մի քանի ուղիղ եթերները իրականում ուղիղ եթեր չէին, այլ ուղիղ եթերի անվան տակ մատուցված տեսագրություններ: Անշուշտ, ոչ մի սարսափելի բան չէր լինի, եթե դրանք հենց որպես տեսագրություններ մատուցվեին: Ինչպես նաեւ ոչ մի սարսափելի բան չէր լինի, եթե տիկին Աննան հանրությանը չմատուցեր «փոքրիկ» անճշտությունը` Փարիզում երեխայի համար գնված մարզակոշիկի վերաբերյալ...

Բայց այդ մանր խաբեբայությունները, անիմաստ լինելով հանդերձ, ժողվարչապետի հոգեվիճակի արտացոլումն են: Այն է, որ վարչապետը ներքին տագնապ ունի: Ներքին տագնապ` ե՛ւ ներսում ունեցած վարկանիշի, ե՛ւ դրսից ունեցած աջակցության վերաբերյալ: Զի դրանք հենց սեփական ձեռքով է հաջողացնում փչացնել, հաճախ` դատարկ տեղը: Ու այդ պատճառով արդեն ոչ թե «հանցավոր ռեժիմը» ներկայացնող ՀՀԿ-ն, այլ միանգամայն «հակառեժիմային» Զարուհի Փոստանջյանը մատնանշում է, որ ընտրական գործընթացի կազմակերպման առումով հետընթաց է արձանագրվել, քանի որ քվեարկության օրը տեսախցիկներ տեղադրված չեն լինելու: «Մինչդեռ նախորդ ընտրություններին`  հենց տեսախցիկին հետեւելով էինք արձանագրել չհրկիզվող պահարանի առեւանգումը:  Սա նահանջ է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Կամ Շանթ Հարությունյանի հետ կապված հանգամանքները, ով պահանջում է «ազատ ռեժիմի» ու նման այլ հնարքների միջոցով չլուծել իր ազատության հարցը, այլ կա՛մ արդարացնել, կա՛մ մինչեւ ժամկետի վերջ պահել բանտում: Եվ արդյունքում ունեցանք աբսուրդ` քրեակատարողական հիմնարկում կալանավորի ասուլիս: Եվ այդ ասուլիսին նա կարեւոր ճշմարտություն զարկեց ժողվարչապետի ճակատին. «Նախորդ իշխանությունը այսօր ավելի ուժեղ ա ու սկզբունքային, քան հեղափոխական լիդերը: Նիկոլը ամեն ինչի գինը գիտի, բայց արժեքներից չի հասկանում: Օրինակ` իմ պարագայում, որ ես ունեմ սկզբունք, դա չեն համարում արժեք»: Իսկ Սերգեյ Լավրովի ասածներին անհաջող կատակով արձագանքելուն, Շանթ Հարությունյանը տվեց ուղղակի սպանիչ գնահատական. «Ինձ որ տասը տարի առաջ գժանոցից բերեցին, բժշկուհու հետ խոսալուց ասեցի` այ Նարինե ջան, հիմա դու գիտես` ես գի՞ժ եմ, թե՞ դեբիլ, ինքն էլ ասեց, չէ, այ Շանթ ջան, դու գիտես դեբիլը ով ա, ասեց, որ մեկին հարցնում են` անունդ ի՞նչ ա, ասում ա` ես 15 տարեկան եմ ու մեկ էլ` շոգ ա: Էն օրը լսում եմ Լավրովը բան ա ասում, Նիկոլն ասում ա` շոգ ա, թե 15 տարեկան, չեմ հիշում»: Այսինքն` փաստորեն ուղիղ խոսքով նրան դեբիլ որակեց:

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈԽՈՐՏԱՆՔԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախընտրական բազում երեւույթներ, որոնք ՀՀԿ-ի իշխանության օրոք կորակվեին ահավոր ընտրախախտում, այժմ շատ հանգիստ իրականացվում են: Այդ թվում եւ վարչական ռեսուրսի այնպիսի բիրտ կիրառումը, ինչպիսին է վարչապետի կողմից տեղական ընտրություններին թեկնածուներից մեկի օգտին ուղղակիորեն, այդ թվում` եւ հանրահավաքներով հանդես գալը: Ի դեպ, ծաղրածու թեկնածուի այն խոսքը, որ իրենց դեմ խաղ չկա, «կոտրվեց» խեղճ «Ժառանգության» գլխին: Այդ կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին ու Վահագն Հովհաննիսյանին ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել Արաբկիրի ոստիկանություն, այն բանի համար, որ ԱԺ-ից ոչ հեռու փորձել են մայթերին իրականացնել «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը: Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ «հանցավոր ՀՀԿ-ի», կամ անգամ «արյունարբու Քոչարյանի» օրոք որեւէ ակտիվիստի հետ այդպես վարվեին, ասֆալտի վրա քաղաքական բովանդակությամբ ինչ-որ բան նկարելու համար: Ընդ որում, ձեռնաշղթան քիչ էր, ոստիկանական «ահ տալու» այլ հնարքներն էլ ավելացան` ահազանգելուց հետո հեռախոս խլելը, փաստաբանին ներս չթողնելը եւ այլն: Ինչպես կասեր առաջին փոխվարչապետը` «դե հազիվ, էլի», ուժներդ խեղճ «Ժառանգության» վրա պատի: Ու ինչ որ չենք տեսնում թավշակրոնների հասցեին ահավոր մեղադրանքներ` այն բանի առնչությամբ, որ Հանրապետության հրապարակում մարդ է ինքնահրկիզվել... Իսկ հիշում եք, չէ՞, նման դեպքում ինչ օյիններ էին բերում ՀՀԿ-ի գլխին: Բայց, երեւի թե, դեռեւս էյֆորիայից դուրս չեկած ամբոխի համար այդ ամեն ինչը ընդունելի է եւ ներելի է, եւ արդարացում կգտնի ինչին ասես: Բայց այդ ամենի թագուպսակը թերեւս Նիկոլ Փաշինյանի` Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպումն էր, որի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները դեմ են արտահայտվում: Նա նշել էր, որ եթե պետք է, մի հատ էլ հեղափոխություն կանեն, եւ «սեւ ու սպիտակ ուժերի» մասին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը հենց դրան էր վերաբերում: Դե, եկ ու մի համաձայնիր Շանթ Հարությունյանի հնչեցրած գնահատականին, սակայն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամալո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ավելի դաժան վարվեց` ասելով. «Նախ` Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի: ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում` ինչպես քվեարկել: Իսկ եթե պետք լինի, մի հատ էլ դեմ կքվեարկեմ իր քաղաքական ծրագրերին: Իսկ գույների մասով նշեմ, որ ե՛ւ կյանքում, ե՛ւ քաղաքականության մեջ, ըստ իս, ավելի վտանգավոր գույներ կան, օրինակ` երկնագույնը… Չնայած կարող է այստե՞ղ էլ է իրողություն փոխվել: Հուսով եմ` այս հարցում Փաշինյանն ինձ հետ համակարծիք է»:

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ ի հաստատումն Շարմազանովի այն խոսքին, որ ԱԺ-ն ինքն է որոշում, ՀՀԿ խմբակցությունն առաջադրել է վերաքննիչ (նախկին վերահսկիչ) պալատի նախագահի թեկնածու:

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ` ՄԻԱՅՆ ՆՈՐ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ

Մոսկովյան այցը գունեղ ներկայացնելու առնչությամբ նույն Շարմազանովը արձագանքել էր. «Վայ քոռանամ ես քո համար»: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձանագրել էր, որ կհավատար Նիկոլ Փաշինյանի լավատեսական հավաստիացումներին, եթե դրանք այդքան հաճախակի չկրկնվեին: Իսկ որ «ժողվարչապետը» չափազանց հաճախ է կրկնում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ամեն ինչ հիանալի հունով է ընթանում, իրոք որ, տպավորություն է ստեղծում, որ լավագույն դեպքում տակը բան չկա: Այսպես, փաստ է, որ մազութային սուլթանատի առաջնորդը Պուտինի հետ հանդիպումից բերեց կոնկրետ ստորագրած փաստաթղթեր, իսկ ՀՀ վարչապետի դեպքում անգամ Պուտին-Փաշինյան եզրափակիչ ասուլիս չեղավ: Իսկ Փաշինյանի` ոգեւորված ձեւով պատմելը, որ ինչպես է Պուտինի հետ քննարկել Հայաստանում գազի գնի գոյացման ամբողջ շղթան ու ներկայացնում, որ վերջնական գինը թանկ է, մնում է միայն զարմանքից քար կտրել: Ախր, ՀՀ սահմանից ներս սակագնի հարցը Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի հարցն է, եւ Փաշինյանը այդ հարցի շուրջ զրուցում է Պուտինի հետ: Դե ասենք, որ այլ ավելի մանր զուտ ներքին խնդիրներ չի դարձրել ՌԴ նախագահի հետ զրույցի առարկա, զորօրինակ, կներեք, միզած շքամուտքերը: Իսկ մեկ ուրիշ հարց, որի վերաբերյալ Փաշինյանը հաճույքով տեղեկացնում է ռուսական ԶԼՄ-ներին, այն է, որ ռուս մասնագետներ են մուտք գործել ՀՀ-ում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, կարծում ենք, անչափ կուրախացնի ամերիկացիներին, ումից Փաշինյանը ներդրումների ակնկալիքներ ունի: Բայց պարզ է, որ ավելի շուտ իր ծոծրակը կտեսնի, քան կանաչ թղթադրամներով ներդրումների հոսք: Հա, ի դեպ, ինչ վերաբերում է ներդրողներին, ապա մտավախություն կա, որ «հանցագործ ռեժիմի» բերած ներդրողներին էլ կխրտնեցնի: Ռուբեն Վարդանյանի հետ նրա բանավեճը, համենայնդեպս, կատարյալ պրոֆանացիայի տպավորություն թողեց: Իսկ դրանից հետո, երբ մեր ՊԵԿ-ի ղեկավարը ենթադրեց, որ Վարդանյանը լավ չի պատկերացնում հարկային օրենսգրքի նրբությունները, ամեն մի ողջամիտ մարդ արդեն, թերեւս, մի լավ հարբելու ցանկությամբ լցվեց...

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ահա այդպիսի բաներ: Երկրի ներսում եւ երկրից դուրս` «բռնոցի-պախկվոցի» քաղաքական խաղն է, որից լավ արդյունք սպասել չի լինի: Ու առավել եւս` արդար ընտրություններ: Եվ, ի դեպ, հենց նախընտրական այս շրջանում Գագիկ Ծառուկյանը պատմեց, թե ինչքան հաճախ իր ձեռնարկությունները ստուգել են «դիմակներով ու ավտոմատներով»: Դե, բացի «մասկի-շոուից» թավշակրոն տղերքը ուրիշ բանի ընդունա՞կ են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА