ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ՉՕԳՆԵ՞Ց», ԹԵ՞ ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ

20.07.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ՉՕԳՆԵ՞Ց»,  ԹԵ՞ ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ

Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանը հուսախաբված վերադարձավ Բրյուսելից: Փող չէին տվել: Սրտնեղած Փաշինյանը դժգոհությունը մինչեւ իսկ հրապարակային հարթակ տեղափոխեց, թե շատ ավելի լուրջ վերաբերմունք էր ակնկալում. «ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք...»:

Լիբանանի նախագահն աշնանը կժամանի Հայաստան

 

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ՕԳՆԵՑ»... 10 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ

10 միլիոն եվրո: Մինչդեռ մինչ Բրյուսել մեկնելը՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ոսկե սարեր էր խոստանում. «Վստահ եմ, որ երբ վարչապետն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն... Մենք պատրաստ ենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի»: Իսկ փաշինյանական վարչակազմի համար այս պահին ամենակարեւորը, կենսական նշանակություն ունեցողը հենց ֆինանսական աջակցությունն է: Պատճառն էլ առավել քան պարզ է. հեղափոխությունից առաջ Փաշինյանն էլ իր հերթին էր ՀՀ բնակչությանը ոսկե սարեր խոստանում, թե կգանք իշխանության եւ դրախտային պայմաններում կապրեք: Եկան, միայն թե ոչ միայն խոստացած ոսկե սարերի, այլ անգամ մինչհեղափոխական ժամանակների սոցիալ-տնտեսական մակարդակն ապահովելու հարցում լուրջ խնդիրներ կան: Ներդրումային վիճակն այն մակարդակում է, որ պատկան չինովնիկներն անգամ ինչ-որ թվեր ներկայացնելուց խուսափելու համար են ամեն ինչ անում: Դրսից հայկական ներդրումների հոսքեր էին երազում, սակայն, օրինակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցած հունիսի վերջերից օրեր շարունակ Կանադայում եւ Լոս Անջելեսում իրեն էր կոտորում, սակայն առավելագույնը, որին կարողացավ հասնել, մոտ 30 միլիոն դոլարի ներդրումային խոստումն էր, որից մի 10 միլիոնը կդառնա՞ ռեալ ներդրում, մեծ հարց է: Այս օրերին էլ առաջին փոխվարչապետն է մի ահռելի պատվիրակությամբ ԱՄՆ-ում, բայց էլի ներդրումների հեղեղ այդպես էլ չենք տեսնում: Փողի աղբյուր էին համարում նաեւ զբոսաշրջիկներին, թե ուր որ է՝ աշխարհն իրեն կոտորելով, կնետի այն վայրերը, որտեղ կարողանում են «թավշյա հեղափոխություն» անել: Միայն թե, եթե փակ ճանապարհներ չկան, տուրիստները գան, որ ի՞նչ տեսնեն, թե Երեւանի որ աղբակույտ դարձած փողոցն էին նիկոլականներն այն օրերին փակե՞լ: Ուստիեւ, անգամ կարկառուն հեղափոխականներն են խոստովանում, որ մինչեւ իսկ ռուսական զբոսաշրջիկներն են Վերին Լարսը կիլոմետրերով խցանելու ունակ շարաններով գնում Վրաստան, իսկ Հայաստան գալացող չկա: Փողի մյուս աղբյուրն էլ համարում էին կոռուպցիայի դեմ պայքար ասվածը: Մի քանի կոռուպցիոների բռնեցին, սակայն նրանցից ոչ թե տարիների թալանածը, այլ միայն խղճուկ կոպեկներ հնարավոր եղավ քամել: Ասենք, դա նաեւ հակառակ էֆեկտը տվեց. մյուս բոլոր փողատերերն այն աստիճան են մտահոգված իրենց կուտակածը պահելու հարցում, որ ոչ թե նոր ներդրումներից են խուսափում, այլ աշխատում են փողերը հնարավորինս ԱԱԾ-ից հեռու պահել, իսկ գործող բիզնեսներում այնքան փող թողնել, որը կբավականացնի միայն նվազագույն շրջապտույտն ապահովելու համար: Կարճ ասած, եղած ռեսուրսներով ու ՊԵԿ-ում տիրող կադրային խայտառակ, ավելի կոնկրետ՝ Նիկոլի ասած .զրո կոռուպցիա» վիճակով եթե անգամ այս տարվա բյուջեն ապահովվի, էլի հրաշքի պես մի բան կլինի: Բա այդ դեպքում մարդկանց կյանքում ռեալ ի՞նչ է փոխվելու, որ նրանք էլ շարունակեն վստահել Նիկոլին: Հասկանալի է, դեռ կա այն արդարացումը, թե ժամանակ է պետք, միանգամից բան չի փոխվի: Սակայն այդ ժամանակն էլ արագորեն կրճատվում է, եւ մոտ է ցայտնոտային իրավիճակը: Եվ այդ դեպքում ի՞նչ կլինի Փաշինյանի` առանց այդ էլ արագորեն հալվող վարկանիշի հետ: Միակ հույսը Արեւմուտքն էր. մեծ փողեր հենց այնտեղից էին խոստանում, եւ հենց Եվրոպայից երբեմնի ճոխ խոստումների իրականացման բացակայությունն է, որ Փաշինյանի նյարդերին ստիպեցին տեղի տալ: Եվ դա քիչ էր, որ նախօրեին նաեւ ԱՄՆ դեսպան Միլսը բացահայտորեն ակնարկեց, որ մոտ ժամանակներս նաեւ իրենց վրա հույս չդնեն: Դեսպանի խոսքով՝ ամերիկյան հնարավոր ներդրողները դեռ միայն հետեւում են. «Նրանք սպասում են տեսնելու, թե արդյոք նոր կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված կոնկրետ քայլեր իրականացնելուն, արդյոք կոռուպցիոն գործերով քննություններն իրականացվելու են օրենքի եւ իրավունքի պահանջներին համապատասխան»: Եվ միանգամից մեկ թիրախավորված հարված. «Նրանք նաեւ հետեւում են «Լիդիան» ընկերության հետ կապված հարցերին... Արդյոք «Լիդիանը» արդարացի վերաբերմունքի կարժանանա՞ այդ գործընթացի ընթացքում»: Այսինքն՝ արդարացին միայն այն կհամարվի, որ Ամուլսարի դեմ պայքարողները ձայնները կտրեն եւ թողնեն, որ «Լիդիանը», ինչպես որ իրեն հարմար է, հայաստանյան ոսկին տանի՞: Եվ սրանից հետո պատահակա՞ն է, որ Փաշինյանը Ամուլսարի դեմ պայքարողներին «սաբոտաժնիկներ» էր համարում, թեեւ նաեւ հարց է, թե Ամուլսարի այդ պատմությամբ դեսպանն ավելի շուտ նախագահ Սարգսյանին չէ՞ր «աչքով անում»: Սակայն սա ներդրումների հարցում էպիզոդ է: Իսկ գլխավորն այն է, որ հերթական անգամ եւս հաստատվում է` «Արեւմուտքը մեզ կօգնի» տխրահռչակ եզրույթը չի գործում: Եվ ինչո՞ւ փող տան, եթե գործող իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է առաջվանից էլ լավ լինեն: Իսկ այս ամենից հետո պատահակա՞ն էր, որ Եվրոպայից վերադարձած Փաշինյանը Փանիկի վերջին հայտնի դեպքը բնութադրեց, որպես սադրանք. այսինքն, այդ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությո՞ւնն է հայ-ռուսական հարաբերությունների դեմ սադրիչ քայլ կատարել: Ավելի խորը գնանք. պատահակա՞ն առաջ եկավ ռազմաբազային հետ կապված այս աղմուկը, դրա ձեւավորման ընթացքում Փաշինյանի ամենագաղափարական զինակիցներից մեկի՝ արտահերթ ընտրությունների պատասխանատու Դանիել Իրոնիսյանի հակառուսական ակտիվությունը: Վերջապես, ռուսական ռազմաբազայի շուրջ նման խաղերը նորից ի հայտ չի՞ բերելու այն Հայաստանից հանելու արեւմտյան հին պատվերի հարցը...

Յուրի Խաչատուրովը Մոսկվայում քննության ընթացքի մասին տեղեկություններ չի հայտնել. դա Հայաստանի ներքին գործն է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Չնայած, անգամ դա հազիվ թե արեւմտյան օգնության խնդրին լուծում տա, քանի որ մեկ պարզ փաստ կա՝ Արեւմուտքն ինքն իրենից բացի, որեւէ մեկին չի օգնում: Հարցրեք թեկուզեւ ուկրաինացիներին ու նրանք մանրամասն կողբան այդ թեմայով:

ՆՈՐ «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ընդգծենք, այդ ամենի տակից պետք է դուրս գալ ոչ միայն տնտեսական առումով (թեեւ դա էլ պակաս քաղաքական գործոն չէ), այլ որ շատ ավելի լուրջ է՝ աշխարհաքաղաքական: Այս առումով բավականին ուշագրավ էր նախօրեին շրջանառության մեջ հայտնված այն պնդումը, թե. «Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին»: Խնդիրը, հիշեցնենք, այն է, որ Հայաստանի առաջին դեմքը պետք է մասնակցեր նախագահների հանդիպումներին, իսկ երկրորդ դեմքը, որը նախկինում վարչապետն էր, իսկ նոր Սահմանադրությունից հետո՝ առաջին փոխվարչապետը, պետք է մասնակցեր վարչապետական հանդիպումներին: Ըստ այդմ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը արդեն իսկ մեկ անգամ Դուշանբեում մասնակցել է նույնանման նիստին: Եվ հիմա, եթե նշված տեղեկատվության համաձայն, իրոք Փաշինյանին են սպասում վարչապետների հանդիպմանը, ապա, ինչպես մամուլում է արդեն մեկնաբանվել, դա նշանակում է, որ կա՛մ Միրզոյանին պարզապես տեսնել չեն ցանկանում, կա՛մ հատուկ են Փաշինյանին կանչել, քանի որ նրա հետ լուրջ խոսակցություն կա: Երրորդ տարբերակը, թե Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ է Միրզոյանին այս անգամ փոխարինել, քիչ հավանական է: Նախ՝ քննարկվող հարցերն այն առաջնահերթությունը չունեն, որ նման փոխարինման կարիքը լիներ: Իհարկե, կարող է նաեւ Փաշինյանը ցանկանում է օգտվել առիթից եւ ՌԴ վարչապետի հետ առանձին ինչ-ինչ հարցեր քննարկել, ասենք՝ բրյուսելյան ձախողումից հետո մի քիչ փող խնդրել: Սակայն սա էլ է քիչ հավանական. բրյուսելյան այցին, գաղտնիք չէ, ռուսներն այնպիսի չթաքցված լուրջ դժկամությամբ վերաբերվեցին: Ամեն դեպքում, նորանոր աղբյուրներ են նույնը պնդում, այդ թվում՝ «Lenta.RU»-ն, որը հայտնի է, թե ում վերահսկողության տակ է: Մինչեւ իսկ հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, ով այնքան է աջակցել Հայաստանին, որ դարձել է Բաքվի աչքի գրողը, հիմա արդեն լուրջ նախազգուշացումներ է հղում պաշտոնական Երեւանին: Այնպես որ, որ հիմա հաստատ փող խնդրելու ժամանակը չէ: Եթե պատճառը Միրզոյանին տեսնել չցանկանալն է, ապա այդ փաստն արդեն իսկ ծանրագույն մեսիջ կլիներ Հայաստանի համար: Ասենք, նույնքան ծանր մեսիջ կլինի, եթե հենց Փաշինյանին են հրավիրել: Դա ակնարկ կլինի, որ բրյուսելյան այցից, ավելի կոնկրետ՝ վերջին ժամանակներում հայաստանյան հեղափոխական իշխանությունների, գնալով միայն կոնկրետացող արեւմտամետ զեղումների հարցով Մոսկվան վերջապես լուրջ խոսակցության կարիք է տեսնում: Եվ եթե այս տարբերակն է, ապա իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է դարձնում այն, որ այդ խոսակցությունը տեղի կունենա ոչ թե պաշտոնապես հավասարություն ունեցող պաշտոնյաների միջեւ՝ պետությունների առաջին դեմքերի ¥որի պարագայում միշտ էլ կարելի է լուծումներ գտնել¤, այլ՝ Հայաստանի առաջին դեմքին ընդամենը կփոխանցեն ՌԴ առաջին դեմքի խոսքը: Եթե այդպես է, դա կնշանակի, որ Հայաստանն արդեն դարձել է Կրեմլի օրակարգային կարեւոր հարցերից մեկը: Ամեն դեպքում չմոռանանք, որ այն պահին, երբ ռուսական ռազմաբազային «սադրիչի» կարգի խոսքեր են հղվում, Ադրբեջանը շարունակում է պահպանել իր զորական գերկուտակվածությունը Հայաստանի սահմաններին: Պատերազմի դեպքում կհասցնե՞ն «բրիտանական նավերը» տեղ հացնել, թե՞ «կամ-կամ»-ի առաջ հայտնված մեր հեղափոխական չինովնիկությունը փրկության հույսերը «սադրիչների» հետ է կապելու: Չնայած, մեր որոշ արեւմտամետներ միգուցե հույս ունեն, որ վտանգի պահին իրենց գլխի ճարը կտեսնեն՝ արեւմուտքներում մի անկյուն ճարելով...

Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը` անսպասելի պատճառով

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԽՈՍՏԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ

Հայաստանում հեղափոխությունից հետո օտարերկրյա ի՞նչ կոնկրետ ներդրումներ են իրականացվել: Իհարկե, հասկանալի է, կարճ ժամկետները դեռ էական ներդրումներ չէին կարող ապահովել: Սակայն որոշակի դինամիկա արդեն իսկ պետք է լիներ, որը հնարավորություն կտար հեռանկարների մասին պատկերացում կազմել: Ուրեմն, կա՞ն կոնկրետ ներդրումներ, վերջին օրերին փորձում էինք պարզել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից: Սակայն այնտեղից նախ ասացին, որ տվյալ պատասխանատուն արձակուրդում է, իսկ հետո խորհուրդ տվեցին ավելի ուշ այդ հարցերին անդրադառնանք, մինչեւ որ պաշտոնյան արձակուրդից վերադառա: Վերջում նաեւ նկատեցին, որ միեւնույնն է` իրենք դեռ ոչինչ ասել չեն կարող ներդրումների մասով, մինչեւ որ ԱՎԾ-ն վիճակագրական տվյալները չհրապարակի: Այնուամենայնիվ, երբ համառորեն հարցը կրկնեցինք, նման պատասխան եղավ. «Հետաքրքրությունները տարբեր բնագավառերի մասով օր օրի ավելանում են, բայց ներդրումների մասին հստակ կտեղեկանանք, երբ ԱՎԾ-ն հրապարակի այս ամիսների վիճակագրական տվյալները»:

Ուրեմն` ի՞նչ է ստացվում, նշված նախարարության միայն մեկ մասնագե՞տ կարող է ներդրումների չափ ասել, այն էլ՝ վիճակագրության հրապարակումից հետո: Զավեշտ է, ուստի ավելի տրամաբանական տարբերակը դիտարկենք. եթե լինեին այնպիսի ներդրումներ, որոնք թույլ տային հպարտանալ, ապա հաստատ պատկան նախարարն ու նրանից վեր կանգնածները վիճակագրությանը չէին սպասի: Ու ավելի տրամաբանական է թվում, որ առանձնապես ասելու բան պարզապես չկա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА