o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԳԻ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ` ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

29.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԻ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ` ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ադրբեջանն անցկացրեց իր շքեղ ռազմական շքերթը, ուր կային նաեւ թուրքական սպառազինություններ: Սակայն մեր երկրում դա, կարծես թե, գրեթե ոչ ոք չնկատեց: Իսկ ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցների ու փորձագետների զգուշացումները, որ Նախիջեւանի տարածքում ադրբեջանական դիրքերը տեղաշարժվել են զգալիորեն ավելի մոտիկ ու սպառնալիք ստեղծել Երեւան-Գորիս ռազմական մայրուղու համար, արժանանում են որոշակի շրջանակների եւ քարոզչամիջոցների հիսթերիային: Չէ՞ որ Նիկոլն ասել է` իրենց տարածքն է, եւ ինչ ուզում են կարող են անել:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՀԱԿԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հատուկ գիտելիքներ եւ փորձագիտական հմտություններ ունենալ պետք չէ հասկանալու համար, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Սակայն ի պատասխան դրա, ինչո՞վ են զբաղված մեր երկրում: Լավագույն դեպքում` մանր ու ճղճիմ աթոռակռիվներով, բայց ամենեւին էլ` ոչ ազգային միասնությանը տանող եւ ազգի մոբիլիզացիան ապահովող քայլերով: Ավելին, բավականին հստակ հակահայրենասիրական ուղեգիծ է նկատվում: Հիշեցնենք, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը իր գործունեությունը մեկնարկեց  դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագիրը հետ ուղարկելուց: Իսկ հիմա էլ պատրաստվում է փակել պատանի երկրապահների առավել քան 70 ակումբները: Փոխարենը` որոշ վատահամբավ ՀԿ-ներ բազմապատկել են փորձերը դպրոցներ խցկելու, այսպես կոչված, սեռական դաստիարակությունը, եւ երբ դիտարկում ես նրանց նյութերը, դա ոչ թե տարրական գիտելիքներ են սեռական հիգիենայի վերաբերյալ, այլ ըստ էության, սեռական սանձարձակության քարոզչություն: Այսինքն` որոշ մարդիկ որոշել են, որ մեր երեխաներին ռազմահայրենասիրական դաստիարակություն պետք չէ, իսկ փոխարենը պետք է պղծություն: Ավելորդ չէ հիշեցնել եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի գործունեության մեկնարկը` տգեղ եւ սրտխառնոց առաջացնող հարձակումներով «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ: Նաեւ «ճիշտ ժամանակին» էր «Երկրապահին» ցնցումների ենթարկելը: Ու թեեւ Մանվել Գրիգորյանից առավել օդիոզ գեներալներ եւ առավել խոշոր շնաձկներ կան, «մասկի-շոուներով» սկսեցին  նրանից, թերեւս հենց այն պատճառով, որ նա գլխավորում է ԵԿՄ-ն: Ու հիմա, քանի որ նույն ԵԿՄ-ում ճգնաժամ է առաջացել, պատերազմի սպառնալիքին ընդառաջ այդ կարեւոր մոբիլիզացիոն ռեսուրսը, կարելի է ասել, մատնվել է լրիվ անորոշության ու դժվար թե կարողանա ապահովել կամավորների արագ մեկնումը, ինչպես դա արել էր 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: Ճիշտ է, ԵԿՄ-ն լուծարելու հարցը, կարծես թե, օրակարգից դուրս է եկել, սակայն  հիմա էլ այն դիտարկվում է որպես ռեսուրս, որի համար կատաղի պայքար է գնում ապագա ընտրություններին ընդառաջ: Պայքար` տարածքներում ռեսուրս չունեցող ՔՊ կուսակցության եւ տարատեսակ գրանտակեր ՀԿ-ների միջեւ: Ուշագրավ է նաեւ, որ ցնցումների են ենթարկում նաեւ բանակը: Քիչ է, որ ԱԱԾ-ն իր «մասկի-շոուներով» որոշակի զորամասեր է մտել, հիմա էլ պետական վերահսկողական ծառայության երիտասարդ ղեկավար Դավիթ Սանասարյանը մտադիր է իր ստուգումներն սկսել ՊՆ-ից եւ գլուխ է գովում, որ ՊՆ-ն ու բանակը «տեղը-տեղին մաքրած» կվերադարձնի նախարարին: Մինչդեռ, այդպիսի տեմպերով ինչ-որ բան ենթարկել մասսայական ստուգումների, նշանակում է բանակի վրա ազդել նախապատերազմական իրավիճակում: Վերցնել, հիմա թափ տալ` դա ողջամիտ չէ, այդ գործողություններն ավելի հանգիստ ժամանակ կարելի է իրականացնել, ավելորդ տեղը նվեր չմատուցելու հակառակորդին: Դե, իսկ ԱԱԾ-ի կողմից «մասկի-շոուներով» ու ամեն ինչով զբաղվելը, բացի անվտանգությունից, արդեն տեսանելի եղավ բոլորին` որ ԱԺ կայքը ադրբեջանական հակերները կարողացել էին կոտրել: Այսինքն` մեր հանացանցում թշնամին իրեն կարող է թույլ տալ ինչ ասես,  իսկ ռեալն էլ, դժվար թե, վիրտուալից առանձնապես տարբերվի, եթե անվտանգության համար պատասխանատուները զբաղված են ժողովրդին զանգվածային տեսարաններով ապահովելով եւ մոռանալով իրենց բուն գործը:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Տարատեսակ կրքերը հիմա էլ հասել են Ծիծեռնակաբերդ, ուր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը եկել էին տնօրեն Հայկ Դեմոյանի աշխատասենյակ մտնելու: Դեմոյանն էլ տակ չմնաց, հրապարակավ խայտառակ բաներ գրեց Հարությունյանի վերաբերյալ, այդ թվում եւ բավականին նրբին ոլորտին վերաբերող ակնարկներով, իշխանական քարոզիչններն էլ սկսեցին  քարկոծել Դեմոյանին: Թե ով էր ճիշտ, եւ ով սխալ այս կռվում` տվյալ հարցին առայժմ չենք անդրադառնա, այստեղ առավել հատկանշական է բուն կռվի փաստը: Իսկ այս կռվով կեղտոտվեց այնպիսի կարեւոր սիմվոլը, ինչպես Ծիծեռնակաբերդն է, եւ կարելի է պատկերացնել, թե դա ինչքան ուրախություն պատճառեց մեր կենսաբանական թշնամուն: Ի դեպ, ներքին գզվռտոցներ են նկատվում եւ իշխանական թիմի ներսում: Ծառուկյան դաշինքը «Ելքին» է փորձում կծել, «Ելքն» էլ` Ծառուկյան դաշինքին: Զորօրինակ, երբ «Հրապարակ» օրաթերթի դեմ նիկոլականների «կիբերզորքերը» ծավալեցին կատաղի գործողություններ, անհանգստության մատնելով լրագրողական ամբողջ հանրույթին, մեկ էլ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը որոշեց հրապարակել հենց իրենց թերթի կայքի վրա բազում հայհոյանքներով ու սպառնալիքներով գրառումների ակնթարթային լուսանկարները, ուր ամենատարածված մեղադրանքն այն էր, թե նիկոլականները ամբողջովին ծախված են ՀՀԿ-ին: Այդտեղից էլ պարզ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, հենց իշխանական թիմի ներսից են այդ գործողությունն անում... Իսկ դա վկայում է աթոռակռվի, միասնության բացակայության, ներքին ճղճիմ ինտրիգների մասին: Դե, եթե երկու նախարար կարող են Ֆեյսբուքում բոլորի աչքի առաջ իրար կծոտել, էլ կարելի՞ է սպասել կուռ գործողություններ` իշխանական թիմից պատերազմի վտանգին ընդառաջ: Ու կկարողանան արդյոք այդպիսի իշխանությունները համախմբել բոլորին պատերազմի դեպքում... Դեռ բախտները բերել է, որ խոշորագույն ընդդիմադիր ուժը, ի դեմս ՀՀԿ-ի, իրեն դրսեւորում է որպես պատասխանատու ընդդիմություն եւ չի անում քայլեր, որոնք պետք է նպաստեն իշխանության ձախողմանը: Բայց, հո ընդդիմությունը չի կարող դառնալ ինֆանտիլ երիտասարդներով եւ քոքված քաղաքական ինտրիգաներով լցված այդ իշխանության դայակը: Դե, իսկ իշխանությանը, կարծես թե, հիմնականում հետաքրքրում է Ընտրական օրենսգրքի վերաձեւումը: ՔՊ-ն իր ձեւով է դա տեսնում, ԲՀԿ-ն` իր, ու ԵԽԽՎ-ում էլ արդեն փորձում են Վենետիկի հանձնաժողովին համոզել, որ ճիշտ չէ մեկ տարի հետո անել արտահերթ ընտրությունները: Լավ, եթե թշնամին սկսեց լայնածավալ գործողություններ, էլ ի՞նչ տարբերություն, թե իշխանության ներսի խմբավորումներից որի ճաշակին հարմարեցվեց այդ տարաբախտ օրենսգիրքը, ում «կիբերզինվորները» հակառակ կողմին մի քանի հազարով ավելի շատ հայհոյանք տվեցին, կամ մի քանի տասնյակով ավելի շատ վնասակար օպերացիա կատարեցին: Արդեն կարեւոր չի լինի, թե ով ստացավ այս կամ այն մեծ կամ պուճուրիկ աթոռը, կարեւոր չի լինելու, թե ում քավոր-սանիկական կապերն ավելի լավ աշխատեցին: Իսկ գործի փոխարեն շոուներով զբաղված ԱԱԾ-ի նորանոր հրապարակային բեմադրությունները հաստատ այն չեն, ինչը պետք է համախմբի հանրությանը` պատերազմական սպառնալիքին ընդառաջ: Այդ սեւ դիմակներով թատրոնները, դժվար թե, մազաչափ իսկ նպաստեն երկրի պաշտպանունակության ամրապնդմանը: Նիկոլն իշխանության եկավ «դուխով» կարգախոսով, բայց հիմա անհանդուրժողականության, համատարած ստուկաչության մթնոլորտը, ընդհակառակը, ի վիճակի է «դուխաթափ» անել նույն հանրությանը` արտաքին շատ լուրջ մարտահրավերներին ընդառաջ: Կռվում փլավ չեն բաժանում, բայց առավել եւս` մատնագրեր, «դանոսներ» չեն բաժանում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА