ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԵԱ՞Լ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

22.06.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԵԱ՞Լ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն, նաեւ ներկայացնելով ինչ-որ տեսագրություն, պաշտոնապես անդրադարձավ հայ-նախիջեւանյան սահմանի թեմային՝ հայտարարելով, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել մինչ այս չեզոք գոտի համարվող սահմանային մի շարք հատվածներ, այդ թվում՝ Գյուննութ անբնակ գյուղը: Հիշեցնենք, ազերիների այցը այս գյուղի գերեզմանատեղիներ օրերս մեծ աղմուկ էր բարձրացրել, ու ՀՀ ՊՆ-ն մեկնաբանեց, որ այդ այցը հայկական կողմն է, որպես մարդասիրություն, թույլատրել: Բացի Գյուննութից, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե հայկական Արենի գյուղի ուղղությամբ առաջխաղացման արդյունքում իրենց համար վերահսկելի հեռավորության վրա է նաեւ Երեւան-Մեղրի (Գորիս-Լաչին-Ստեփանակերտ) մայրուղին:

Մարտական կորուստ ադրբեջանական բանակում

 

ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Այս անգամ եւս ՀՀ ՊՆ-ն բավարարվեց սարկազմով, Ադրբեջանի ՊՆ-ին «շնորհավորելով», ինչպես որ մինչ այս հեքիաթի ժանրից էր համարել ազերիների կողմից հայ-նախիջեւանյան սահմանում 11 000 հա չեզոք տարածք վերահսկողության տակ առնելու հայտարարությունները: Միգուցե այդ 11 000 հա-ն իրոք հեքիաթ է: Բայց որ ազերիները վերահսկողության տակ առել են որոշակի մինչ այս չեզոք տարածքներ, կասկածի տեղիք չի տալիս: Եվ ոչ միայն Ադրբեջանի ՊՆ-ի հիշատակված ակնհայտ քարոզչական երանգներ պարունակող տեսանյութից ելնելով: Այդ տարածքների վերահսկողության կասկածներն առաջ է բերում հենց ՀՀ ՊՆ-ն` խնդրի հետ կապված իր անորոշ պարզաբանումներով: Օրերս փորձել էինք հստակ գնահատականներ ստանալ՝ եթե ոչ 11 000 հա, ապա որքա՞ն չեզոք տարածք է անցել ազերիների վերահսկողությանը: Դրա հաշվին՝ դեպի Արցախ եւ Իրանի սահման տանող հայաստանյան կարեւորագույն մայրուղիներից մեկն Արենիի հատվածում հայտնվե՞լ է ազերիների ականանետային (ինչը լեռնային պայմաններում ամենավտանգավորներից է) հարվածի թիրախում: Մայրուղու հետ կապված պատասխանը հետեւյալն էր. «Վայոց ձորի մարզի Արենի համայնքից եւ Երեւան-Մեղրի մայրուղուց ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերը տեղակայված են մի քանի հարյուր մետրից մինչեւ մի քանի կիլոմետր հեռավորության վրա»: Իսկ դա նշանակում է, որ, այո՛, մայրուղին կարող է կրակի տակ հայտնվել: Իսկ տարածքների հետ կապված պատասխանում անորոշություն էր. «Ինչ վերաբերում է ադրբեջանական հենակետերի տեղաշարժի վերաբերյալ Ձեր հարցին, դրա պատասխանը պարունակում է օպերատիվ-հետախուզական որոշակի տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման»: Բայց ինչո՞ւ ենթակա չեն, նման հրապարակմամբ թշնամո՞ւն կօգնենք: Բայց մի՞թե իրենք մեզանից էլ լավ չգիտեն, թե որտեղ են իրենց հենակետերն այս պահին: Նաեւ, հաշվի առնելով այն, որ ՊՆ-ն այդպես էլ չի հայտարարում, թե՝ մեկ մետր չեզոք հող անգամ ազերիների վերահսկողության տակ չի անցել, ապա դա ակնարկ է, որ որոշակի տարածքներ, այնուամենայնիվ, անցել են: Չնայած, ամենամտահոգիչը շատն ու քիչը չէ, այլ՝ մայրուղու հետ կապված հիշատակված հանգամանքը: Եվ ահա, հազիվ էր Ադրբեջանի ՊՆ-ն հիշատակված պաշտոնական հայտարարություն արել, որ հերթական ռազմատենչ ելույթն ունեցավ նաեւ նախարար Զաքիր Հասանովը, թե. «Այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է օկուպացված տարածքների ազատագրմանը, այդ թվում՝ հոգեբանորեն»: Ավելին, ըստ Հասանովի, նման խնդիր իրենց առաջ դրել է հենց Իլհամ Ալիեւը՝ ապահովել բանակի մարտունակությունն իրական ռազմական գործողությունների համար: Իրականում ադրբեջանական բանակը պատրա՞ստ է պատերազմի. նման հարցի իրական պատասխանը կարող է տալ միայն հետեւյալը. եթե մտար պատերազմի մեջ եւ քո առջեւ դրված խնդիրները լուծեցիր, ապա՝ պատրաստ ես, եթե չլուծեցիր, պատրաստ չես: Սակայն այս տրամաբանությունն արցախյան պատերազմի ժամանակ չգործեց. Ադրբեջանը, ելնելով հայկական ուժերի նկատմամբ մշտական բազմապատիկ առավելությունից, քանիցս պատկերացրեց, որ պատրաստ է հերթական «վերջնական հարձակմանը», սակայն ամեն անգամ էլ հաղթողն ինքը չէր լինում: Սակայն «դեռ ջուրը չտեսած՝ բոբկանալու» ադրբեջանական այդ սովորությունը մեր օրերում այլ վտանգ է պարունակում: Հայտնի է, որ այս պահին էլ ադրբեջանական բանակն ակտիվ վերազինման փուլում է, այդ թվում՝ բավականին ծանրակշիռ զինատեսակներով: Դրանից զատ, երբ նաեւ փոքրիկ հաջողություններ է ունենում ¥ինչպես, օրինակ, նախիջեւանյան սահմանի պարագայում¤, ապա Բաքվում կարող է այն համոզիչ տրամադրությունն առաջանալ, թե չէ, այս անգամ իրոք պատրաստ են: Այսինքն, եթե այդ վստահությունը, այսպես ասենք, որոշակի «կարմիր գծից» այն կողմ անցնի, ապա խիստ մեծ կդառնա հավանականությունը, որ նույն պահին էլ Ադրբեջանը կանցնի հարձակման: Օրինակ, նման տպավորություն Բաքվում ունեցան 2016թ.-ին: Եվ այստեղ չենք կարող չհիշատակել մեր թերթին տված հարցազրույցում օրերս Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտնած այն միտքը, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվ կուտակումները «շփման գծի գրեթե ողջ երկայնքով», ընդ որում, սահման բերելով «ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում»: Ամենամտահոգիչը. «2016թ. ապրիլից նման բան չէր նկատվել»: Այսինքն, եթե նկատվում է 2016թ.-ի տրամաբանությունը, ապա դա հենց այն ինդիկատորն է, որը հուշում է, որ Ադրբեջանը եթե անգամ հիշատակված «կարմիր գծից» դեռ չի անցել, ապա՝ դրան շատ մոտ է:

ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

 

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպիսով, որքանո՞վ է ռեալ, որ Բաքուն կարող է, այնուամենայնիվ, հանգել պատերազմը վերսկսելու մտքին: Եթե անգամ վստահ ես, թե՝ հաղթելու շանս ունես, մեկ է, պատերազմ սկսելու-չսկսելու համար կան մի շարք էական գործոններ: Առաջինը՝ աշխարհաքաղաքական իրողությունները, այն է՝ պատերազմին ինչպե՞ս կվերաբերվեն գլոբալ ուժերը: Երկու հիմնական ուժերի՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին օրերին ինչ-որ հաշտվողական երանգներ են սկսել ստանալ: Մասնավորապես, նախօրեին ՌԴ-ի հետ հաշտվելու անհրաժեշտության մասին հերթական հայտարարությամբ հանդես եկավ Թրամփը: Ընդ որում` նկատենք. եթե նրա կառավարման անցած մեկուկես տարում ակնհայտ էր, որ ՌԴ-ի ուղղությամբ ազատ գործելու հնարավորություն Թրամփը պարզապես չուներ, քանի որ անմիջապես էլ դա ներամերիկյան հարթակում կհռչակվեր «Պուտինի մարդը» հանդիսանալու վերջնական «ապացույց», ապա ներկայումս իրավիճակն էապես փոխվել է: Նախ՝ անցած շաբաթներին այդ մեղադրանքները վերջնականապես սկսեցին օրակարգից դուրս մղվել: Երկրորդը, շնորհիվ կոշտ քաղաքականության եւ ներքին տնտեսական հաջողությունների, Թրամփի վարկանիշը սկսել է երբեմնի բացասական ռեկորդների փոխարեն, հիմա էլ դրական ռեկորդներ սահմանել: Դրանից զատ, նորագույն եւ անխոցելի զինատեսակների մասին ՌԴ նախագահի հայտնի հայտարարությունից հետո այդ մասին ԱՄՆ-ում այնքան խոսվեց, շարքային ամերիկացիներին այնքան վախեցրին, որ ՌԴ-ի հետ հաշտվելն արդեն սկսում է հանրային պահանջ դառնալ: Եվ եթե նման հաշտության համար ընդամենը ամիսներ առաջ Թրամփը չէր խուսափի դավաճանի պիտակից, հիմա արդեն դա կարող է նոր թռիչք հաղորդել նրա վարկանիշին: Իսկ վարկանիշ ասվածն այն գործոնն է, որը հաճախ ամենաառաջին տեղում է ամերիկյան քաղաքական գործիչների մոտ՝ որոշումներ կայացնելիս: Այսինքն, արդեն գործնականում է զգացվում, որ Պուտին-Թրամփ առաջին գագաթաժողովը մոտ է, ավելի կոնկրետ, որ շատ մեծ է հավանականությունը, որ այն կկայանա այս հուլիսին: Իհարկե ասել, որ այդ մի հանդիպմամբ բոլոր հիմնական հարցերի լուծումները կտրվեն, միամտություն կլիներ: Սակայն բարեհաջող ընթացքի դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ կսկսվի երկկողմ փոխհարաբերությունների, շահերի, դրանից ելնելով նաեւ՝ ազդեցությունների գոտիների հստակեցման ստվերային գործընթաց: Իսկ դա շատ կարեւոր է այն տեսանկյունից, որ միայն նման պայմանավորվածությունների արդյունքում կարող է կայունություն հաստատվել ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական բախումների կիզակետ դարձած տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Եվրոպայի խորհրդը հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների վերաբերյալ զեկույց

 

ԲԱՔՈՒՆ ՇՏԱՊԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Այսպիսով, թեեւ ներկայումս հարավկովկասյան տարածաշրջանում ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական բախումները մի որոշակի սրացում ունեն, սակայն փորձագետները դա համարում են կապված մի կողմից՝ Իրանի խնդրի, մյուս կողմից՝ դեպի Աֆղանստան ամերիկյան ռազմական մատակարարումների հետ: Իսկ բուն Հարավային Կովկասի մասով նույն մասնագետները դեռ հետեւում են այն մոտեցմանը, որ Թրամփն այստեղ այդպես էլ ուղղակի շահեր չի տեսնում: Իսկ դա նշանակում է, որ Իրանի եւ Աֆղանստանի հետ կապված ռուս-ամերիկյան անգամ նախնական պայմանավորվածությունների պարագայում հարավկովկասյան աշխարհաքաղաքական մթնոլորտը եւս կտեղափոխվի հանդարտեցման փուլ, այն է՝ նոր պատերազմ սկսելը կդառնա աշխարհաքաղաքական տեսանկյունից դատապարտելի քայլ: Իրավիճակի այդ հուն տեղափոխման պարագայում մեծ է դառնում նաեւ արցախյան խնդրի հետ կապված` պարտադրված լուծման հեռանկարը, որը կարող է արտառոց զարգացումների պարագայում ստանալ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար հավասարաչափ ցավոտ ելք, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքների» տեսքով՝ տարածքների վերադարձ Արցախի կարգավիճակի դիմաց: Այսպիսով, որքան աճում է նման ֆինիշի հավանականությունը, այնքան էլ կարող է մեծանալ պատերազմի վտանգը: Այն է, եթե Բաքուն մինչեւ վերջ տրամադրված է իր օգտին ամբողջական լուծում ստանալու մտքին, ապա պետք է փորձի հաջողության հասնել, քանի դեռ չկան ռուս-ամերիկյան գոնե նախնական պայմանավորվածություններ: Առավել եւս, երբ պատերազմական հաջողության գործոն է ընկալում նաեւ ներհայաստանյան անորոշ իրավիճակը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА