ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈԽԵՐԻՄ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ» ԵՎ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

06.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՈԽԵՐԻՄ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ» ԵՎ ՆՈՐ  ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հունիսի 7-ին օրենքի ուժով խորհրդարանը ընդունելու կամ մերժելու է ՀՀ կառավարության ծրագիրը: Ամենայն հավանականությամբ, էլի ճիշտ այնպես, ինչպես տեղի էր ունեցել մայիսի 8-ին` վարչապետի ընտրության ժամանակ,  ՀՀԿ-ն կտրամադրի Նիկոլ Փաշինյանին պակասող մի քանի քվեն: Չնայած հնարավոր են եւ այլ զարգացումներ: Բանն այն է, որ օբյեկտիվորեն առկա է շահերի բախում Փաշինյանի թիմի եւ ԲՀԿ-ի միջեւ: Չմոռանանք նաեւ մայիսի 8-ի քվեարկության վերջին դրվագը` Գագիկ Ծառուկյանը ըստ էության, մեղքը գցելով էլեկտրոնային համակարգի վրա, վերջին պահին սեփական բանավոր հայտարարությամբ գրանցեց իր կողմ քվեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

ՀԻՄԱ ԷԼ ՎԱՐՉԱՊԵ՞ՏՆ Է ԱՍՈՒՄ` «ՆԱՌԱ, ԴՈՒ ՍՈՒՍ»

 

ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամենեւին էլ նորություն չէ, որ Գագիկ Ծառուկյանն իր անձնական քաղաքական ուժով հավակնում է արտահերթ ընտրություններում վերցնել բացարձակ մեծամասնությունը, ինչի մասին նրա կուսակիցները քանիցս հայտարարել են ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ այլ ամբիոններից: Բայց, բնականաբար, ընտրողների քվեների բացարձակ մեծամասնությանը հավակնում է եւ Նիկոլ Փաշինյանը` այն իրողության զորությամբ, որ ինքն է իրականացրել թավշյա հեղափոխությունը: Այսինքն` անգամ, եթե այդ երկու թիմերը իրենց պատռեն փոխադարձաբար համերաշխ լինելու համար, իրենց շահերը բախվում են: Եվ այդ բախումը պարզ երեւում է հրապարակային, այդ թվում եւ կադրային նշանակումների դաշտում: Եթե նախարարների նշանակման ժամանակ ԲՀԿ-ին բաժին հասավ մեկ փոխվարչապետական տեղ եւ չորս բավականին կարեւոր եւ ռեսուրսներով օժտված նախարարություններ, ապա մարզպետների նշանակման ժամանակ Կոտայքի մարզպետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի կուսակիցը: Իսկ Կոտայքը շատ զգայուն կետ է Գագիկ Ծառուկյանի համար: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը բազմակի ավելի շատ լծակներ ունենալով հանդերձ, ավանդաբար այդ մարզպետական պաշտոնը տրամադրում էին այն մարդուն, ով ընդունելի է, կամ անգամ ուղղակիորեն առաջ է քաշված Գագիկ Ծառուկյանի կողմից: Իսկ Նիկոլ Փաշինյանի այդ քայլը ինչ-որ տեղ նմանվում է հրապարակային մարտահրավերի, եւ անգամ պարունակում է ԲՀԿ առաջնորդին հրապարակավ նվաստացնելու տարրեր: Անշուշտ, Ծառուկյան դաշինքը գայթակղություն ունի, եւ առավել եւս դրա բոլոր հնարավորությունները կան, կառավարության ծրագրի քննարկման եւ ընդունման ժամանակ դրանից քարը քարին չթողել, քանզի Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը ոչ այլ ինչ է, քան բարի ցանկությունների, կամ «կենացների» հավաքածու: Եվ, ի դեպ, ՀՀԿ ներկայացուցիչները հասցրել են մատնանշել, որ կենացն այնպիսի բան չէ, որը ենթակա է քննադատության: Բայց միաժամանակ մատնանշել են, որ դրույթների մի մասը ուղղակի «հեղինակային իրավունքի» խախտումով թռցրած է ՀՀԿ-ի ծրագրից: Իհարկե, Ծառուկյան դաշինքը դժվար թե տրվի Փաշինյանի ներկայացրած ծրագիրը սկանդալով տապալելու գայթակղությանը: Առավել եւս, որ եթե հայտնի դառնա այդպիսի մտադրության մասին, ապա Փաշինյանը ստիպված կլինի ՀՀԿ-ից խնդրել ոչ թե մեկ տասնյակ քվեներ, այլ` աջակցություն այդ խմբակցության ամբողջական քվեներով: Իսկ դա «ՀՀԿ-ական հանցավոր ռեժիմի դեմ» հեղափոխություն արած ուժի համար, անշուշտ, ամենաանցանկալի տարբերակն է: Ի դեպ, պատահական չեն այն լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Մոսկվայում: Գերտերությունների մայրաքաղաքներում զորակցություն փնտրելու հիվանդությունը նորություն չէ մեր քաղաքական դաշտի համար, անգամ քանիցս արձանագրվել են դեպքեր, երբ այս կամ այն քաղաքական ուժը հրապարակավ բլեֆ էր անում` փորձելով հանրությանը համոզել, թե ունեն Կրեմլի կամ անձամբ Վլադիմիր Պուտինի աջակցությունը: Բայց դա, այսպես ասած, լրացուցիչ գործոն է: 

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ»

 

ՀՀԿ-Ն ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՌԵԱԼ ՈՒԺԸ

Եթե, օրինակ, նախորդ վարչակարգերի ժամանակ ֆորսմաժորային իրավիճակներում ԱԺ մեծամասնությունը զանգվածաբար առնետավազք էր կատարում, ապա այժմ այդպիսի գործոն չկա, թեեւ դա շատ ցանկալի էր համարում եւ ինքը` Նիկոլ Փաշինյանը, եւ իր հոգեւոր ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ծերուկի հեղափոխական սցենարների մեծ մասը կառուցված է հենց առնետավազքի գործոնի վրա: Բայց, եթե, օրինակ, Վազգեն Սարգսյանին հաջողվեց մեկ գիշերում ՀՀՇ պատգամավորների մեծ մասին «երկրապահացնել», ապա ՀՀԿ խմբակցությունից դեպի թավշակրոն դաշտը պոկվում են շատ դանդաղ: Անգամ իր չեղած «խղճով եւ համոզմունքներով» դեռ մայիսի 1-ին Նիկոլի կողմն անցած Ֆելիքս Ցոլակյանը` ԱԱԾ գեներալի պարագայում անհասկանալի տվայտանքներով հանդերձ, 100 տոկոսով նիկոլական համարվել չի կարող: Առավել եւս, այդպիսին չեն եւ ՀՀԿ խմբակցությունը լքած գործարարները եւ երեւի թե 100 տոկոսով «իրենցով արած» կարող են համարել միայն Շիրակ Թորոսյանին, որը գնալու տեղ չունի: Ու անգամ եթե ՀՀԿ խմբակցության բոլոր գործարարաները «ազատ նավարկության» դուրս գան, էլի ՀՀԿ-ն մնում է ԱԺ խոշորագույն խմբակցությունը: Ի դեպ, տեղերում շարքերը լքողներն էլ առավել քան քիչ են` պաշտոնական տվյալներով ընդամենը մի քանի հարյուր: Այդտեղ անգամ մի քանի հազարը պատկերն էապես չի փոխի: Եվ դա ունի բավականին պարզ ու պրագմատիկ բացատրություն` ՀՀԿ տեղական կառույցների հենարանները ՏԻՄ մարմիններն են: Ու պատահական չէ, որ հեղափոխականները փորձում են հարվածել ՀՀԿ-ական համայնքապետերին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պարագայում այդ գրոհները` փողոցի ճնշման միջոցով, ձախողվեցին: Դրանից հետո փորձ արվեց քրեական հետապնդման միջոցով ազատվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից, ում «մասկի շոուի» միջոցով ձերբակալեցին: Սակայն ՀՀԿ պատգամավորները իրենց միջնորդությամբ տեր կանգնեցին իրենց թիմակից քաղաքապետին, համ էլ դատարանը որոշեց, որ կալանավորելու հիմքեր չկան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չի միջամտելու դատական իշխանության աշխատանքին, նա ասում էր ընդամենը ճշմարտության մի մասը: Չի միջամտելու ոչ թե այն պատճառով, որ չի ուզում իբր թե ինչ-ինչ սկզբունքներից ելնելով, այլ որ չի կարող: Համակարգը պարզապես բանի տեղ չի դնում նրա պատվերները, նա ի վիճակի չէ դատական պատվեր իջեցնել: Եվ դա պարզ երեւաց Մասիսի քաղաքապետի պարագայում, ու հիսթերիկան դատավորի անձի շուրջ, համացանցում լեփ-լեցուն լցված կոչերը, լուտանքները եւ վիրավորանքները այդ իրողությունը չեն փոխում:  Այսինքն` ՏԻՄ մարմիններում եւ խորհրդարանում սեփական դիրքերը պահպանելով, ՀՀԿ-ն պահպանվում է, որպես միասնական, հզոր եւ ռեսուրսներով օժտված թիմ: Գումարած դրան, օլիգարխիկ տարրերի արտահոսքը ծառայում է կուսակցության գաղափարայնացմանը, կամ ինչպես ասում է Վահրամ Բաղդասարյանը «ինքնամաքրմանը»: Ու միանգամայն բնական է, որ ՀՀԿ-ն  իր օրակարգում արտահերթ ընտրությունների խնդիր չի տեսնում, իսկ ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա մատնանշում է, որ դրա համար ե՛ւ քաղաքական ուժերի կոնսենսուսն է պետք, եւ այլն...

ԹԱՎՇԱԿՐՈՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Եվ, խոշոր հաշվով, Ընտրական օրենսգրքի ցանկալի փոփոխության առանց ՀՀԿ-ի չեն կարող հասնել ո՛չ «Ելքը», ո՛չ էլ ԲՀԿ-ն: Իսկ դրանցից ում նախապատվություն կտա ԱԺ խոշորագույն  խմբակցությունն ունեցող նախկին իշխանական ուժը, եւ արդյոք որեւէ մեկին կտա` դա հարցական է: Չէ՞ որ սեփական ռեսուրսները պահելը եւ ժամանակ շահելը ՀՀԿ-ի օգտին է աշխատում` վարկաբեկման եւ հիասթափության անխուսափելի ալիքի հարվածների տակ են ե՛ւ Նիկոլ Փաշինյանի թիմը, ե՛ւ Գագիկ Ծառուկյանի թիմը: Այդ պատճառով է, որ խաղի մասնակիցները դրսերում աջակցություն  են որոնում. Ծառուկյանը` մոսկվաներում, իսկ Փաշինյանը` սեփական թիմը արեւմտյան արտադրության խոտանով լցնելով: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա վերջինիս կապերը ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Բրյուսելում ոչ մի տեղ էլ չեն անհետացել: Այնպես որ, «Ելքն» ու ԲՀԿ-ն իրար հանդեպ, այլ ոչ թե ՀՀԿ-ի հանդեպ են ձգտում առավելություն ձեռք բերել, այդ թվում եւ ձեռքը գցելով օտարերկրյա «դաբրոների» փրփուրներին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին... ապա ժամանակն աշխատում է այդ կուսակցության օգտին: Եվ նման է, որ ճիշտ են այն փորձագետները, ովքեր կանխատեսում են ընդամենը մեկ տարի անց ՀՀԿ-ի վերադարձը իշխանության: Ու թերեւս հենց այդ գործոնի պատճառով է, որ վերջերս արտաքին խաղացողները չափազանց շատ են թմբկահարում այն կոնսպիրոլոգիական տեսությունը, իբր այս ամբողջ հեղափոխությունը Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող «խոսացված խաղ» էր: Այդ դրսի խաղացողներին է հետաքրքիր վարկաբեկել երկու կողմերին էլ, եւ փորձել ասպարեզ բերել իրենց կողմից ամբողջովին կառավարվող երրորդ ուժը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ԿԵՂԾ ԱՁ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ՉԿԱ՞Ն

«Երեւան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու փաստով ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտման պատմությունը կարծես թե մի փոքր հանդարտվել է: Մինչդեռ, չմոռանանք, որ խոսքը ծանրակշիռ մեղադրանքների մասին է. ըստ ԱԱԾ հաղորդագրության, նախնական հաշվարկի համաձայն, ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի փոխարեն: Այսինքն, ըստ մեղադրանքի, տեղի է ունեցել հսկայական չափերով հարկերի չվճարումներ, որին, սպասելի էր, որ հաջորդեր աղմկոտ ձերբակալություններ: Սակայն այդ մասին որեւէ տեղեկատվություն, զարմանալի է, բայց՝ չկա: Ու քանի որ ԱԱԾ-ն չի շտապում նման հայտարարությամբ հանդես գալ, փորձեցինք ինքներս հետաքրքրվել ԱԱԾ լրատվական բաժնից: Սակայն մեզ միայն ասացին, որ քննություն է ընթանում, իսկ մանրամասներին, մասնավորապես՝ կա՞ն ձերբակալվածներ, թե` ոչ, հետագայում կանդրադառնան: Տարօրինակ է՝ ԱԱԾ-ն, ըստ էության, արդեն իսկ ներկայացրել է գործի հիմնական փաստերը, սակայն դժվարանում է ամենապարզի՝ գոնե մեկ ձերբակալված լինել-չլինելու մասին: Դե, ուրեմն, սպասենք ԱԱԾ-ի անդրադարձին, բայց այս պահի դրությամբ ենթադրելով, որ գործով դեռ ձերբակալվածներ չկան: Կրկնենք, դա առնվազն տարօրինակ է:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА