ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է»

14.05.2018 00:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է»

«ՀՀ Կառավարության կազմը սարսափելի հիասթափեցնող է: Այսպիսի փորձարարական կառավարություն կարող էր իրեն թույլ տալ գուցե Մոնակոն կամ Լիխտենշտայնը, բայց ոչ մշտապես պատերազմական վիճակում գտնվող ու բարդագույն սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ ունեցող մեզ նման մի երկիր», - այս մասին գրում է պատմաբան եւ քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության գործող ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ եւ հարց ուղղում. «Ու՞ր են վառ անհատականությունները։ Ու՞ր են բարձրագույն որակավորում ունեցող, փորձառու եւ չկոռումպացված մասնագետները։ Ու՞ր են ազգային արժեքների պահպանման համար վերջին տարիներին պայքար մղած մտավորականները։ Մի՞թե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այդպիսի մարդկանց չեն ճանաչում։ Իսկ եթե չեն ճանաչում՝ շատ ավելի վատ իրենց համար։ Իսկ ինչու՞ պետք է հասարակությունը դարձյալ նախարարական աթոռներին տեսնի արդեն վաղուց փտած կուսակցությունների հոգնեցրած ու վարկաբեկված ներկայացուցիչներին»։

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

Ա. Այվազյանը շեշտում է, որ հայ ժողովուրդը սրա համար չէր ոտքի կանգնել եւ ընդգծում. «Այսպիսի կառավարությունը չի կարող վայելել ժողովրդի լայն շրջանների սերն ու վստահությունը։ Իհարկե, մեծ գործ է արվել՝ նեխած համակարգի վերին օղակը մերժվել է ու հեռացվել։ Սակայն սա գործի կեսն էլ չէ։ Պետք է շտապ նոր եւ ամուր հիմքեր գցել։ Օր առաջ, օր առաջ, օր առաջ կառավարությունը իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցների միջոցով պետք է սաստի ու նաեւ տարանջատվի կազմակերպված հանցագործ այն ուժերից, որոնք առավել խոշոր չափերով կատարել են պետական ու հանրային ունեցվածքի վիթխարի չափերի հասնող թալան, դրան հարակից բազմաթիվ խոշոր հանցագործություններ ու ցայսօր մնացել են անպատիժ։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Ոչի՛նչ»։

Եզրափակելով խոսքը՝ Ա. Այվազյանը զգուշացնում է. «Այսպես շարունակելու դեպքում կա՛մ ՀՀԿ-ն է փորձելու վերականգնել իր դիրքերը ու ռեւանշ վերցնել, կա՛մ սահմանին կանգնած թշնամին է օգտվելու ՀՀ թեթեւաքաշ կառավարության հեղհեղուկությունից ու պուպուշությունից, կա՛մ էլ դարձյալ ազգովի ենք իրավիճակը շտկելու»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА