ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը կկարողանա՞ պատասխանատու եվ ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալ»

08.05.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Փաշինյանը կկարողանա՞ պատասխանատու եվ ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալ»

Հայաստանն այսօր ունեցավ նոր վարչապետ` ի դեմս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի: Հիշեցնենք, որ նա էր ՀՀ վարչապետի միակ թեկնածուն, իսկ ԱԺ քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ խմբակցությունը, խոստացել էր խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցել` դառնալու վարչապետ: Այս փոփոխությունների, ինչպես նաեւ իրավիճակի հնարավոր զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

«ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ»

– Պարոն Միխեեւ, Ձեր գնահատմամբ` Հայաստանում տեղի ունեցած այս փոփոխություններն, ի՞նչ հետեւանքներ կամ արդյունքներ կունենան:

– Չեմ կարող ասել, թե այս ամենն ինչի կբերի, միայն գիտեմ, որ եթե Հայաստանում իշխանության գան մարդիկ, որոնք չեն վարելու ինքնուրույն քաղաքականություն, այլ կողմնորոշվելու են ամերիկացիների կամ եվրոպացիների ասածներով, այդ դեպքում երկրին շատ ծանր ժամանակներ են սպասվում: Ինչո՞ւ, որովհետեւ ամերիկացիներն ու եվրոպացիները չեն պատրաստվում Հայաստանի խնդիրները լուծել, այլ կարող են միայն օգտագործել այն իրենց շահերի համար: Իսկ երբ ամերիկացիներն ու եվրոպացիները սկսում են օգտագործել երկիրն իրենց շահերի համար, որպես կանոն, այդ երկիրը կքում է կա՛մ քաղաքացիական պատերազմի, կա՛մ տնտեսական ճգնաժամի տակ: Համենայնդեպս, միանշանակ, այդպես է եղել վերջին 15-20 տարիների ընթացքում:

– Այսինքն` վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած դեպքերը կապում եք արտաքին ուժերի հե՞տ:

– Իսկ ո՞վ չգիտի այդ մասին, սա դեռ ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է: Ամերիկացիները, եվրոպացիները, հատկապես արեւմտյան հասարակական կազմակերպություններն արդեն 30 տարի է, ինչ հետեւողական աշխատանք են տանում Հայաստանում ԶԼՄ-ների, փորձագիտական շրջանակի եւ առաձին քաղաքական գործիչների հետ: Եվ մյուս կողմից էլ` գրեթե բոլոր քաղաքական էլիտաներն այսպես, թե այնպես կապված են Արեւմուտքի հետ, որովհետեւ իրենց փողերը գտնվում են ամերիկյան ու եվրոպական բանկերում: Կարծում եմ` սա այն ճնշման լծակն է, որը երկրում ստեղծված այս իրավիճակում օգտագործվում է: Եվ իհարկե կան նաեւ ներքին խնդիրներ: 

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՀԱՐՎԱԾԻ ՀԵՆՑ ԻՐԵՆ»

– Այս օրերին հաճախ փորձում էին զուգահեռներ տանել Հայաստանում տեղի ունեցածի եւ ուկրաինական մայդանի միջեւ: Հետաքրքիր է` Ձեր կարծիքն այս մասին:

– Իրավիճակն իհարկե նույնը չէ, բայց կիրառված տեխնոլոգիաները նույնն են, ինչպես Ուկրաինայում էր, Վրաստանում, Ղրղզստանում: Սրանք նույնատիպ տոխնոլոգիաներ են` մարդկանց տանել հրապարակ, ասել, որ ժողովուրդը պահանջում է, հայտարարել ժողովրդի թեկնածուի անունը, ձեռքի հետ էլ պայքարել կոռուպցիայի, հանցագործությունների եւ այլնի դեմ: Մեծ հաշվով, այստեղ նորություն չկա, այս ամենը մենք մի անգամ չէ, որ տեսել ենք հետխորհրդային տարածքում եւ այլ պետություններում: Այլ հարց է, որ դրա համար, ցավոք, միշտ կա իրական հիմք, որովհետեւ ե՛ւ մեծ մասշտաբով կոռուպցիա կա Հայաստանում, ե՛ւ հանցագործություններ, ե՛ւ այլն: Այս ամենը բավարար է, որպեսզի այդ տեխնոլոգիաները հեշտությամբ կիրառվեն, ինչը տեսել ենք շատ անգամ:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

– Ի դեպ, ինչպես նշեցիք, ,ժողովրդի թեկնածուն»` այս դեպքում Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակցությունը, բոլորովին վերջերս խորհրդարանում հանդես եկավ օրենքի նախագծով` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ: Եթե ընտրվելով վարչապետ` Ն. Փաշինյանը նորից ձեռնամուխ լինի այս գործին եւ, իսկապես, Հայաստանը դուրս գա միությունից, այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի տնտեսության վրա:

– Հիմա Փաշինյանը կարծես թե ասում է, որ իրականում Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանելու, ամեն ինչ լավ է լինելու: Բայց նաեւ պարզ է, որ այլ կերպ նա չէր էլ կարող խոսել: Մինչդեռ մենք հիշում ենք ժամանակին նրա եւ իր խմբակցության անդամների հնչեցրած տեսակետները: Դրա համար այստեղ հարցը հետեւյալն է` Փաշինյանը կկարողանա՞ իրականում պատասխանատու եւ ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալ, որը կառաջնորդվի ոչ թե անձնական նախընտրություներով, այլ Հայաստանի ռազմավարական հետաքրքրություններով: Եթե կարողանա, ուրեմն` մենք բոլոր հարցերը կլուծենք միասին, եթե` ոչ, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնի, սա առաջին հերթին կհարվածի հենց Հայաստանին: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի համար Հայաստանի ԵԱՏՄ մտնելը ոչ մի օգուտ չուներ: Ավելին` մեզ համար հավելյալ բեռ է, որը կրում ենք` հանուն ռազմավարական դաշնակցի, ինչպիսին մենք համարում ենք Հայաստանին: Սա առաջին հերթին հայկական տնտեսության համար է, չմոռանանք, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ Ռուսաստանում հիմա ավելի շատ են հայկական ապրանքներ հայտնվել, շատացել են նաեւ հայ միգրանտները, ՌԴ-ում հայկական բիզնեսները: Այս ամենը Հայաստանի համար է դրական, ոչ թե Ռուսաստանի: Իսկ Ռուսաստանի համար մեծ հաշվով օգուտ չկա դրանից: Եվ եթե Հայաստանն ուզում է ունենալ տնտեսական դժվարություններ, թող դուրս գա ԵԱՏՄ-ից` հանուն իր ,ժողովրդի թեկնածուի», ավելի ճիշտ` հանուն հրապարակում հավաքված մարդկանց հաղթանակի: Մնում է միայն հուսալ, որ պարոն Փաշինյանին ամեն դեպքում կհերիքի քաղաքական իմաստնությունն ու խելքը, որպեսզի պատասխանատու քաղաքականություն վարի, որովհետեւ նորից եմ կրկնում` Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար հղի է մեծ խնդիրներով, առաջին հերթին` կապված իրեն շրջապատող երկրների հետ:

«ԻՐԱՆՈՒՄ ԷԼ, ԴԺՎԱՐ ԹԵ, ՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՆ, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ՊՐՈԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒԺԵՐ»

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրա՞ստ է հասնել նրան, որ ոչ միայն ՀՀԿ-ական, այլ նաեւ՝ ԲՀԿ-ական գործարար պատգամավորները իրականում հրաժարվեն բիզնեսից

– Ձեր կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան Արցախյան հիմնախնդրի եւ առհասարակ` Հայաստանի անվտանգության վրա:

– Եթե Հայաստանի նոր ղեկավարը կարողանա դառնալ ինքնուրույն քաղաքական գործիչ, այդ դեպքում մենք ընդհանուր լեզու կգտնենք բոլոր հարցերում: Իսկ եթե Հայաստանի նոր ղեկավարությունը պիտի կատարի Եվրոպայի առաջադրանքները, ապա կարծում եմ` անվտանգության խնդիրը ոչ մեկը չի լուծի: Եկեք անկեղծ լինենք,  անվտանգության հարցը լուրջ կբարդանա, որովհետեւ Հայաստանն ունի երկու հարեւան, որոնց հետ պատերազմական հարաբերությունների մեջ է` Թուրքիան եւ Ադրբեջանը: Մյուս կողմից էլ` Իրանն է, որը նույնպես մուսուլմանական պետություն է, եւ թեպետ պատերազմական հարաբերությունների մեջ չէ Հայաստանի հետ, բայց դժվար թե շատ երջանիկ լինի այն փաստից, որ Հայաստանում ղեկավարման են գալիս պրոամերիկյան ուժեր: Ես չեմ ասում, թե հայաստանյան բոլոր ընդդիմադիրները պրոամերիկյան տրամադրություններ ունեն, բայց որ ամերիկացիները լրջորեն զբաղվում են նրանցով, հաստատ է: Ուստի` պատկերացրեք իրավիճակը` մի կողմից` Հայաստանի նոր ղեկավարությունը փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից` նրան շրջապատում են Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան: Այս դեպքում ո՞ւմ վրա է հույսը դնում Հայաստանը, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի՞, որ նրանք կգան ու կփրկեն, եթե մի բան պատահի: Կարծում եմ` սա ծիծաղելի է:

– Այս ամենը հաշվի առնելով` ինչո՞ւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը որեւէ քայլ չձեռնարկեց:

– Որովհետեւ հենց Ռուսաստանը քայլեր ձեռնարկեր, կասեին` ըհը, Ռուսաստանը խեղդեց ազատությունը: 2015 թվականին, երբ Հայաստանում սկսեցին սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, Մոսկվայում պարոն Սերժ Սարգսյանին շատ պարզ հասկացրին, որ Կրեմլում շատ լուրջ մտահոգված են այս հարցում: Շատերն են տեղյակ այս մասին: Բայց պարոն Սարգսյանը, միեւնույնն է, գնաց սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, չնայած նրան, որ այդ բարեփոխումների ռիսկերը բավականին մեծ էին: Հասկանալի է, որ բարեփոխումներն անհրաժեշտ էին, որպեսզի նա պահպաներ վարչապետի պաշտոնը, բայց որ ռիսկային էր, միանշանակ է: Այնպես որ, նման շրջադարձն ամենեւին էլ բարդ չէր կանխատեսելը: Հայաստանյան ղեկավարությունն այն ժամանակ չցանկացավ տեսնել ռիսկերը եւ գտավ, որ կկարողանա գլուխ հանել: Հիմա նրանք նահանջում են: Մինչդեռ կա՛մ պետք էր չսկսել այդ պատմությունը, կա՛մ պետք էր նահանջել այն ժամանակ: Իսկ հիմա ստացվում է, որ սկսել են ռիսկերով հղի մի պատմություն, որի կես ճանապարհից ուզում են հետքայլ անել: Երկու տարբերակն էլ շատ անհաջող էր, եւ այս իրավիճակում Ռուսաստանը, բնական է, որ չէր խառնվելու Հայաստանի ներքին գործերին: Հետեւաբար, Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի: Եթե հայերը չէին ուզում այն, այլ ուզում են ուրիշ բան, շատ լավ, բայց թող չմոռանան, որ ինչ էլ լինի պատասխանատվությունն ընկնում է միմիայն իրենց վրա եւ ուրիշ ոչ մեկի:

«Որպես ոչ ՀՀ քաղաքացի, իրավունք չունեմ խառնվելու». Ռուբեն Վարդանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА