ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպիսին կլինի Նիկոլի վարչապետությունը

02.05.2018 21:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչպիսին կլինի Նիկոլի վարչապետությունը

Եվ այսպես, ՀՀԿ-ն կարծես թե դրեց ներկայիս հայաստանյան ծանր իրավիճակի վերջակետը՝ հայտարարելով.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ»:

Ինչպիսին էլ լինի ձեր ընտրած ճանապարհը, միշտ մաքուր պահեք ձեր հոգին և միտքը. Տարոն Մարգարյան

Իհարկե, այս վերջին օրերին իրավիճակն այնքան է 180 աստիճանով շրջվել, որ եւս մեկ նման շրջադարձը չբացառենք: Սա տեսականորեն, իսկ գործնականում՝ մեծ է հավանականությունը, որ այդ թեկնածուն կլինի Փաշինյանը եւ նա ՀՀԿ-ի «նվիրած» ձայներով կդառնա ՀՀ վարչապետ: Սակայն ասել, որ սրանով խնդիրները լուծվում են, սխալ կլիներ: Նկատի ունենք այս իրավիճակը, որը ձեւավորվում է Նիկոլի վարչապետության դեպքում: Մինչ գալիք ԱԺ արտահերթ ընտրությունները (իսկ թե դա երբ կլինի, դեռ հարց է) Փաշինյանը մշտական լրջագույն խնդիրներ է ունենալու ԱԺ-ում: Նա ունի «սեփական» ընդամենը 9 քվե, որը ոչ մի հարց չի լուծում: Իսկ «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն խոստացել են աջակցել միայն վարչապետական ընտրությունների ժամանակ: Հետագա համագործակցության համար, իհարկե, կա «Ելք»-«Ծառուկյան» դաշինք-ՀՅԴ կոալիցիայի տարբերակը: Բայց այս դեպքում Փաշինյանը պետք է կառավարության զգալի մասը զիջի տվյալ ուժերին՝ այդ պաշտոնների հանդեպ չունենալով իրական վերահսկողության լծակներ, սակայն՝ իր վրա պահելով ողջ պատասխանատվությունը: Ընդ որում, դա հսկայական պատասխանատվություն է. Փաշինյանին աջակցող մասսաներն արագ եւ խորը փոփոխությունների սպասելիքներ ունեն, եւ եթե դա չարդարացավ, ապագա վարրչապետը բախվելու է մինչ այս Հայաստանում չտեսնված ատելության: Իսկ այդ դեպքում, դժվար չէ ենթադրել, որ նրա կոալիցիոն գործընկերները հերթական անգամ արագորեն «ժողովրդի կողմն» են անցնելու՝ ողջ բեռը թողնելով վարչապետի ուսերին: Եվ նույնիսկ այդ ռիսկին գնալով, մեկ է, ԱԺ-ի հետ կապված խնդիրները չեն լուծվում:

Ի վերջո չմոռանանք, որ ԱԺ-ում մեծամասնությունը մնում է ՀՀԿ-ն: Ինչպես ցույց տվեց վարչապետի նախորդ ընտրությունները, ասենք՝ նաեւ նոր ընտրություններում հաշված ձայներ տալու որոշումը, ՀՀԿ-ն միասնական է, եւ մեծ է հավանականությունը, որ միասնական էլ կմնա: Հանձնելով կառավարությունը, ՀՀԿ-ն մեխանիկորեն դառնում է գործադիրին ընդդիմութուն, ընդ որում, չի հապաղի ամեն մի վրիպակի համար անարգանքի սյունին գամել այս կերպ իշխանության եկած վարչապետին: Այն դեպքում, երբ որեւէ հարցում թեկուզեւ փոքրիկ հաջողությունների հասնել՝ առանց ԱԺ մեծամասնության աջակցության Փաշինյանին որեւէ կերպ չի հաջողվի:

Վերջապես, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Փաշինյանը մեկ լրջագույն կորուստ է ունենում՝ կորցնում է փողոցը, այսինքն՝ ՀՀԿ-ի վրա ներազդելու իր միակ լծակը. զավեշտ կլիներ, եթե վարչապետ Փաշինյանը նորից սկսեր փողոցներ փակել՝ ԱԺ ՀՀԿ մեծամասնությունից պահանջելով այս կամ այն օրենքի ընդունումը:

«Մի՞թե Նիկոլի շրջապատում մեկը չկա, որ հուշի՝ սրանք ով են»

Ճիշտ է, նման իրավիճակից խուսափելու համար Փաշինյանը դառնալով վարչապետ, կարող է արագորեն գնալ արտահերթ ընտրությունների՝ փորձելով պետական լծակների եւ մասսաների վրա ներկայիս ազդեցության հաշվին վերցնել խորհրդարանի մեծամասնությունը: Սակայն կառավարական լծակներ ստանալու համար նախ կառավարություն ստեղծել է պետք, ապա՝ մինչեւ ստորին օղակները վերահսկողության տակ առնել: Ընդ որում, եթե գնա կոալիցիայի, այդ լծակների մի զգալի մասը կիսելու է: Պետք է նաեւ օրենսդրական մի շարք փոփոխություններ իրականացնել՝ չունենալով ԱԺ-ում մեծամասնություն: Այդ ամենի համար ժամանակ է պետք, ամիսներ, եթե ոչ՝ տարի: Մինչդեռ վարչապետ դառնալուն պես՝ անմիջապես ժամանակը սկսելու է նրա դեմ աշխատել. ամեն մի օրը որոշակի չափով նվազեցնելու է նրա հանդեպ հանրային վստահությունը: Առավել եւս, որ այս օրերին հասցրել է տալ մի շարք խոստումներ, որոնք հարվածում են մինչեւ իսկ նրա հավանական կոալիցիոն գործընկերներին. նմանց մեջ կան մոնոպոլիստներ եւ օլիգարխներ, որոնց դեմ անհաշտ պայքար է խոստացել Փաշինյանը: Կան նաեւ այնպիսիք, որոնց ժամանակին մեղադրել է՝ Մարտի 1-ի հետ կապված, եւ խոստացել է, որ վարչապետ դառնալով, առաջին հերթին հենց Մարտի 1-ն է բացահայտելու: Իհարկե, իշխանություն դարձող ընդդիմադիրը բոլոր խոստումները հո չի· կատարելու: Սակայն այդ ամենը Նիկոլին լուրջ փաստի առաջ կարող են կանգնեցնել ԱԺ արտահերթ ընտրություններում:

Վերջապես, կա նաեւ ԱԺ մեծամասնության հետ համագործակցելու, մինչեւ իսկ՝ կառավարությունը կիսելու տարբերակը, որը Նիկոլին զգալիորեն կազատի ԱԺ-ի հետ կապված խնդրին: Բայց նա այս օրերին այնքան է կրկնել «Մերժիր ՀՀԿ»-ին կարգախոսը, որ նման համագործակցությունը միանգամից ծանր հարված կդառնա նրա վարկանիշին: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА