ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՈՑ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ

27.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՑ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Իր վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անցավ այլեւս բացահայտ սպառնալիքների, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ երկիրն ընդհանրապես վարչապետ չի ունենա: Գումարած դրան, պարզվում է, որ մտադիր է ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ Վանաձորում նոր ցույցերով «թարմանալ»: Դե, երեւի թե, երեւանյան ցուցարարները սկսել են քչություն անել, բայց այդ մասին` մի փոքր ավելի ուշ:

ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

 

ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ

Թեեւ Փաշինյանն ինքն իրեն իշխանություն է հռչակել, եւ նիկոլականների ուրախ բացականչությունների ներքո արդեն հրապարակում կառավարություն են կազմում, սակայն կա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգ: Եվ ըստ այդ ընթացակարգի` մայիսի 1-ին պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունը Ազգային ժողովում: Եվ պարզ է, որ առանց ՀՀԿ խմբակցության ոչ ոք չի կարող ընտրվել վարչապետ, քանի հոգի էլ առաջադրված լինեն, եւ ՀՀԿ-ն բավարար քվեներ ունի, որպեսզի իր թեկնածուին ընտրի: Ամենայն հավանականությամբ, դա կլինի Կարեն Կարապետյանը, բայց անգամ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում փոխզիջումային թեկնածուի պարագայում, նույնպես առանց խորհրդարանական մեծամասնության, գործը գլուխ չի կարող գալ: Թեեւ դժվար թե փոխզիջումային ինչ-որ բան լինի, հաշվի առնելով Նիկոլի կատաղի նեոբոլշեւիզմը, որը այլակարծություն չհանդուրժելու տեսակետից արդեն հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի մոտեցումները: Ինչեւէ, այս օրերին եղան նաեւ շփումներ ՀՀ ղեկավարության եւ ՌԴ ղեկավարության միջեւ: Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցավ նախագահ Արմեն Սարգսյանը: Այնուհետ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը: Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարեւորությունը: Ի դեպ, ԱՄՆ դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ նույնպես ընդգծվել էր, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա գործող Սահմանադրության շրջանակներում: Այսինքն` Նիկոլի փորձերը տանել մայդանի, արտաքին աջակցություն չեն ստանա:

 

«ԹԱՎՇՅԱ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԽԱԺԱՄՈՒԺ

Այն, որ բազմամարդ ցույցերից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, ունի թերեւս մեկ հիմնական դրդապատճառ` խուսափել արյունոտ քաոսի ռիսկերից: Իսկ արյունոտ քաոսի հետ զգալի հույսեր էին կապում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին որոշ խաղացողներ: Ոչ կարեւոր պակաս էր այն, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ձգտում էր ապրիլի 24-ի  երթը եթե ոչ վերածել հեղափոխական երթի, իր բոլոր ծանր հետեւանքներով հանդերձ, ապա լավագույն դեպքում` քաղաքականացնել ամենատգեղ ձեւով: Սակայն Նիկոլին չհաջողվեց պահել այնպիսի զանգված, որն իրեն թույլ կտա վերցնել իշխանությունը եւ կարգվել վարչապետ: Բանն այն է, որ հեղափոխության, ավելի ճիշտ չհեղափոխության թավշյա փուլին ցույցերն այդքան բազմամարդ էին, քանզի մարդիկ ոգեւորվում էին այն թեզով, որ նույն մարդը չպետք է երեք անգամ անընդմեջ կանգնի պետության ղեկին: Սակայն նրանցից միայն փոքրամասնությունը ցանկություն ուներ Նիկոլին տեսնել պետության գլուխ, ու արդեն ՀՀԿ-ից ձերբազատվելու կարգախոսը առանձնապես ընկալում չէր ստանում: Թավշյա փուլում Սերժ Սարգսյանի հրաժարականին նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ մի կողմից` ԱՄՆ-ից գալիս էին պաշտոնական ազդակներ ցույցերի եւ երթերի իրավունքի մասին, իսկ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն ձեռնպահ մնաց աջակցությունից: Թերեւս, Մոսկվայում պարզապես հարմար առիթն օգտագործեցին, որպեսզի այդ` բացարձակ չեզոքության միջոցով դրսեւորեն պաշտոնական մակարդակով չարտահայտվող ոչ այնքան բարյացակամ մոտեցումը «եւ-եւ» քաղաքականությանը: Սակայն  վերադառնանք հաջորդ փուլին: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, փորձել է նաեւ դիվանագետների հետ շփումներով ստանալ աջակցություն գերտերություններից` ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից: Բայց ամերիկացիները նրան հասկացրին, որ իրեն տեսնում են թիվ մեկ ընդդիմադիրի, բայց ոչ պետության ղեկավարի, ու առավել եւս` Գերագույն գլխավոր հրամանատարի դերում: Իսկ ռուսները հասկացրին, որ Նիկոլն իրենց առհասարակ չի հետաքրքրում, եւ իրենց հետաքրքրում է միայն, որ Հայաստանում առանց ցնցումների ավարտվի իշխանության ձեւավորումը, եւ պարզ լինի, թե կոնկրետ որ անձը լիազորված է լինելու առաջիկա տարիներին ներկայացնել Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա առաջին օրերի ոգեշնչված, հիմնականում երիտասարդ դեմքերի փոխարեն ավելի ու ավելի շատ փողոցում երեւում էր անկարգությունների հակված տարատեսակ խաժամուժը: Կառավարելի մարդաքանակ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ապահովել նաեւ լայնորեն կիրառվող փաստացի քաղաքական մանկապղծության` դպրոցականներին լայնորեն շարժման մեջ ներգրավելու միջոցով: Անգամ փորձ էր արվել ճանապարհ փակելու համար երեխաներից կենդանի վահան կազմել...

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

 

«ՓՈՂՈՑԱՅԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏ

Իշխանությունը ուզուրպացնելու իր անհագ ձգտման մեջ Նիկոլ Փաշինյանը հույս էր դրել առնետավազքի վրա: Սակայն ՀՀԿ թիմը կուռ ամրություն ցույց տվեց, առնետավազքի ցուցանիշն այդտեղից կրիտիկական ցածր եղավ: Պարզվեց, որ անգամ առանց պաշտոնական իշխանական լծակների, եւ անգամ կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարվելու մտադրության պայմաններում ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի հեղինակությունը շատ բարձր է: ԲՀԿ-ի հետ էլ առանձնապես բան չստացվեց: Ու եթե Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ բոլոր շփումները Նիկոլն ընդունելի էր համարում, բացառապես լրագրողների ներկայությամբ, ապա Ծառուկյանի հետ հանդիպումները երես առ երես էին: Եվ Նիկոլին չէր հուզում այն, որ, ասենք, 2011-ին հրապարակել էր «Լեոնիդ Իլյիչը եւ Գագիկ Նիկալայիչը» հոդվածը, ուր դաժանաբար ծաղրում էր Գագիկ Ծառուկյանին` ամենատարբեր երկրներից ստացած մեդալների համար եւ նրան համեմատում Բրեժնեւի հետ: Էլ չենք խոսում Նիկոլի վիրավորական «Ոչ դոդացմանը» կարգախոսի մասին: Բայց քաղաքականությունը ցինիկ պրագմատիզմ է, եւ հենց որ դաշնակները սկսեցին խանդավառորեն նետվել Նիկոլի գիրկը, ԲՀԿ-ն միանգամից իր համար շանս տեսավ իշխող կոալիցիայում հետագայում փոխարինել կոալիցիան լքած ՀՅԴ-ին: Այսինքն` պատգամավորական լրացուցիչ ռեսուրս Նիկոլը գրեթե չստացավ: Ստացավ հիմնականում ձախողակ, խառախուռա, «մարած օբլիգացիա» կուսակցություններ, մեկ էլ տարբեր ոչ այնքան խելամիտ մարդկանց, այդ թվում նաեւ այնպիսի քաղաքական գործիչների, ովքեր ժամանակին քննադատում էին Նիկոլին արեւմտամետ դիրքորոշման համար, իսկ այդ պահին շտապեցին գունափոխվել: Նա ստացավ նաեւ` թաղային բանդաները, որոնք օրեր առաջ դաժանաբար ծեծում էին երիտասարդ ցուցարարներին: Սակայն, դառնալով արդեն «փողոցային վարչապետ», իսկ ավելի ճիշտ` խաժամուժի վարչապետ, Նիկոլը ստացավ մի մեծ գլխացավանք: Խաժամուժը նրա կողմից կառավարելի չէ, ինչն էլ ավելի ընդգծվեց, երբ ոստիկանությունը որոշեց մի քիչ հանգստանալ փողոցային հերթապահություններից: Բացի այդ, զզվելի պահվածք ունեցող, առանց պետհամարանիշների մեքենաներով անգամ մեկուկես տարեկան երեխա վրաերթի ենթարկող խաժամուժը վանում է հրապարակից բարեկիրթ ցուցարարների, բացառությամբ թերեւս միայն գրանտակերներին, ում սակայն դժվար թե կարելի է բարեկիրթ անվանել, քանզի նրանց հայրենիքը դոլարն է: Այդ պատճառով է Նիկոլ Փաշինյանը իրեն այդքան ջղաձիգ պահում, իսկ նրա թիմակիցները դարձել են այնքան անհանդուրժող, որ անպատվում են շարժմանը ցանկացած չմիացողի: Ու նրան թերեւս մնում է պետական շենքերի վրա ուժային գրոհով փորձել վաբանկ գնալ, սակայն գրանտակերներն ու խաժամուժները այդպիսի գործերի համար այնքան էլ լավ «զինվոր» չեն, ու դրանց դեմ պետական ուժի կիրառումը դժվար թե առաջացնի քաղաքացիների բուռն վրդովմունք: Իսկ ակնհայտ խաժամուժի վերաբերյալ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե մանավանդ ուժային գրոհի պարագայում ինչպիսի փորձանքներ կարող են բերել «վարչապետ ախպոր» գլխին:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դե ինչ, դուք շատ էիք, դուք պարտվեցի՞ք... Համենայնդեպս, ԱԺ ընտրություններին ընտրողների մեծամասնության վստահությունը ստացած ազգային պահպանողական ուժերը կարողացան բավականին լավ «քաղաքական այկիդո» կիրառել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА