ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՔՐՈՆԻԿՈՆ

17.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՉԿԱՅԱՆԱԼԻՔ  «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՔՐՈՆԻԿՈՆ

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց կաթվածահար անել երթեւեկությունը մայրաքաղաքում եւ անգամ հրապարակավ խոստացավ, որ եթե իշխանափոխություն չեղավ, ինքը դուրս կգա քաղաքականությունից: Բայց անշուշտ դրժելու է իր խոստումը, քանզի զինծառայությունից դասալքած ու դրանով հպարտացող գործչից, որը հաջողությամբ քանդել է բոլոր այն ընդդիմադիր դաշինքները, ուր ընդգրկված է եղել, ճշմարիտ խոսք ակնկալելը միամտություն է:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՋԻՆ ՇԱՐՓԻ «ՆԱՖԹԱԼԻՆՈՏ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՉԵ՞Ն ԱՇԽԱՏՈՒՄ

Մարզերում անցկացրած քայլարշավներով ու դրան ուղեկցող ծավալուն քարոզչությամբ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց  ընդամենը 2-3 հազար հոգի բերել ուրբաթ 13-ի «պատմական» հանրահավաք: Դրանցից թերեւս հազիվ մեկ քառորդը որպես ակտիվիստ ներգրավվեց տարատեսակ «հեղափոխական» գործողությունների մեջ: Այն էլ, չար լեզուներն ասում են, որ այդ ամենն անհատույց չէ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ չի էլ թաքցնում, որ արտերկրից միջոցներ է ստանում իր «Քայլ արա» շարժման համար: Ինչ վերաբերում է տեխնոլոգիային, ապա փոքր խմբերով ճանապարհները, կամուրջները եւ մետրոն արգելափակելը ու դրանով երթեւեկությունը կաթվածահար անելը դասական գունավոր տեխնոլոգիա է` ճիշտ ու ճիշտ այժմ հանգուցյալ Ջին Շարփի հռչակավոր ձեռնարկին ճշգրիտ համապատասխան: Բայց, այնուամենայնիվ, հեղաշրջման այդ կարեւոր փուլը միանգամայն անպատիժ անելուց հետո Նիկոլ Փաշինյանի շարժմանը այդպես էլ չմիացավ որեւէ լուրջ կուսակցություն: Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունների եւ այլ քաղաքական «խառախուռայի» միացումը լուրջ ձեռքբերում համարել չի կարելի, առավել եւս, որ «Ելքի» գործընկեր կուսակցություններն էլ չմիացան, եւ էլ չենք խոսում Ծառուկյան դաշինքի մասին: Նույնիսկ Զարուհի Փոստանջյանը բացեիբաց հայտարարում  է, որ չի վստահում Նիկոլին. «Պատահական չէ, որ մեկ տարի առաջ այս մարդիկ մտնում են խորհրդարան, հանդես են գալիս հայտարարություններով, լեգիտիմացնում են այդ ապօրինի խորհրդարանը, չեն բողոքարկում արդյունքները, դատարան չեն դիմում, այլ ասում են` այո, մենք իբրեւ թե մեր ստացած ձայների տերն ենք: Դրանից մի տարի անց նրանք գործուղվում են Ազատության հրապարակ ու ինչ-որ հայտարարություններով են հանդես գալիս: Իհարկե` սա անվստահության հիմք է: Ես չեմ կարող բացառել, որ նա իշխանությունների կողմից է գործուղվել: Ես ունեմ նրանց չվստահելու բոլոր հիմքերը»:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Զգալի զանգված էլ չմիացավ այդ շարժմանը: Նաեւ ժողովուրդը չհավատաց, որ երթեւեկություն կազմաքանդող  եւ Հանրային ռադիո ներխուժող նիկոլականները ի զորու են հեղափոխություն  իրականացնել: Անշուշտ, այստեղ մեծ դեր խաղաց նաեւ գործնականում բոլոր ակցիաների վայրերից ուղիղ համացանցային հեռարձակումը: Անկասկած, մեր բնակչությունը սիրում է հարմարավետություն, եւ եթե բազկաթոռից կամ բազմոցից վեր չկենալով կարելի է թամաշա անել միանգամից բոլոր իրադարձությունները սեփական համակարգչի կամ խելախոսի էկրանի վրա, ապա «հեղափոխական» վայրեր գնալու մոտիվացումը կորչում է: Նաեւ մեր ժողովուրդը լավ հիշողություն ունի, եւ հեղափոխություն  խոստացած ու ձախողած մարդկանց շարունակում են չվստահել` անգամ տասը տարի անց: Մարդիկ ամենեւին էլ ցանկություն չունեն եւս տասը զոհ ունենալ ու այդ արյունով Նիկոլի քաղաքական կարիերայի առաջիկա եւս 10 տարին  ապահովել:

Ու դա է թերեւս պատճառը, որ այդ ամենի համակցումով Ջին Շարփի բազում պետություններում շռնդալից հաջողությամբ կիրառված տեխնոլոգիաները մեր երկրում ձախողվեցին: Թեեւ չկար ոչ թրեյնինգներ անցած ակտիվիստների, ոչ էլ փողի պակաս: Իսկ թե ով է կանգնած այդ ամենի թիկունքում` ոչ քիչ թվով փորձագետներ հակված են կարծելու, որ դա ամերիկյան ծագում ունեցող անդրազգային կառույցներն են, կամ, այսպես կոչված, գլոբալ Արեւմուտքը: Կան նաեւ այն վարկածի կողմնակիցները, որ Նիկոլ Փաշինյանի` սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հանցավոր գործողությունների թիկունքում որոշակի օլիգարխիկ շրջանակներ են... Պատահում են նաեւ ավելի էկզոտիկ վարկածներ, սակայն դրանց վրա կանգ չենք առնի: Առավել հետաքրքրողը ոչ թե այդ արկածախնդիր քաղաքական գործիչ եւ գործընկերներին մշտապես ծախող եւ քցող հոռի որակներով մարդն է ու նրա թիկունքում կանգնածները, այլ` խորհրդարանական սահմանադրական կարգի կայունության աստիճանը:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

Անշուշտ, այդ հակասահմանադրական հեղաշրջման փորձը կամ, միգուցե, հեղափոխության տնազը, տհաճություն է պատճառում, բայց չկա չարիք առանց բարիքի: Այդ ամենը դառնում է ռեալ պայմաններում նորընծա խորհրդարանական համակարգի ամրության եւ կայունության փորձարկում: Երկրի առաջին դեմքերի ուղղակի ընտրության ինստիտուտից հրաժարվելը արդեն ինքն իրենով բացառեց բազմահազարանոց ցույցերը, որոնք հակամարտության աստիճանը հասցնում են շիկացման եւ ստեղծում քաղաքացիական պատերազմի վտանգ: ԱԺ ընտրություններին փողոցային ցնցումներ չհետեւեցին: Խորհրդարանի կողմից ՀՀ նախագահին ընտրելը նույնպես բնակչության մոտ առանձնապես էմոցիաներ չառաջացրեց: Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, ապա թեեւ արդեն կիրառվել է գունավոր զինանոցի շատ զգալի մասը, արդյունքները «հեղափոխականների» համար շատ հեռու են գոհացուցիչ լինելուց: Եվ, զորօրինակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացառում է, որ նիկոլականներին կհաջողվի տապալել Սերժ Սարգսյանի այսօրվա վարչապետ ընտրվելը. «Բացառում եմ: Ֆանտաստիկայի ժանրից է, բոլորը կներկայանան ԱԺ, քննարկումները կլինեն նորմալ բարիդրացիական մթնոլորոտւմ, համբերեք 24 ժամ եւ մնացածի ականատեսն էլ կլինեք»: Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի էլ` բիրտ բախումներ պետք չեն ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը. «Ցուցարարներին բախում պետք չէ, քանի որ բախման պատասխանատվությունն ընկնելու է շարժման կազմակերպիչների վրա, իսկ իշխանություններին բախում պետք չէ, որովհետեւ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն չի ցանկանա, որ իր 3-րդ անգամ պաշտոնավարումը սկսվի այնպես, ինչպես 2008թ.-ի մարտի 1-ին»:

«...ԶԻ ԵՐԿՐԻԴ ԻՇԽԱՆԱՒՈՐՔ ՄԱՆՈՒԿ ԵՆ»

Բայց կարծում ենք, որ  քաղտեխնոլոգը չափազանց լավատես է Փաշինյանի որակների վերաբերյալ: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Փաշինյանը կցանկանար այդպիսի իրադարձություններ, որպեսզի կրկին մի քանի տարի արյան վրա ստեղծեր իր քաղաքական կապիտալը: Գումարած դրան, որոշ արտաքին ուժերին կարող է ձեռնտու լինել փորձել կեղտոտել Սերժ Սարգսյանի վարչապետության մեկնարկը` արյունոտ իրադարձություններով: Սակայն մեր իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները արդեն ձեռք են բերել պրոֆեսիոնալիզմի շատ լուրջ պաշար, եւ շանսերը շատ բարձր են, որ այդպիսի ոչ ցանկալի զարգացումները կկանխվեն: Ի դեպ, ոստիկանության կողմից ուժի կիրառումը ճշգրիտ դոզավորված ձեւով նույնպես կարելի է համարել յուրատեսակ «քաղաքական այկիդո», երբ խռովարարների ուժը վնասում է հենց խռովարարներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА